Ինչպե՞ս պետք է օգտվեն ուսման վարձի զեղջից Փարոս համակարգի ընտանքիների ուսանողները

Aug 16, 2016 Comments Off on Ինչպե՞ս պետք է օգտվեն ուսման վարձի զեղջից Փարոս համակարգի ընտանքիների ուսանողները

Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններոմ սկսվում է հեռակա ուսուցման դիմումների ընդունելությունը բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով: Զուգահեռաբար այժմ շարունակվում է մագիստարոտուրայի վճարովի համակարգի առկա ուսուցման ընդունելությունը, որտեղ դիմումների ներկայացման ժամկետն ավարտվում է օգոստոսի 26-ին:

Այս և բուհական համակարգի մի շարք այլ հարցերին  այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել են Կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:
Սասուն Մելիքյանի տեղեկացմամբ՝  հեռակա ուսուցման քննությունները սկսվելու են սեպտեմբերի 27-ից և ամփոփվելու են մեկ ամսվա ընթացքում. «Վերջին տարիներին հեռակա ընդունելությունը լուրջ պահանջարկ ունի այն իմաստով, որ այս դեպքում ուսանողը հնարավորություն ունի աշխատանքը զուգակցել ուսման հետ, ինչը, սոցիալական խնդիրների համատեքստում, դիմորդները դիտարկում են առավելություն»,- նշել է ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետը: Ս. Մելիքյանը մանրամասն ներկայացրել է նաև ուսման վարձի զեղչերի համակարգը և բանակից զորացրվածներին տրվող արտոնությունները: Մասնավորապես, բանակից զորացրված դիմորդներին տրվող արտոնություններից մեկն անվճար մագիստրոսական կրթության իրավուքն է. այս տարի 112 անվճար տեղ է հատկացվել զորացրված դիմորդներին, ովքեր մինչև օգոստոսի 26-ը ներկայացնելով հայտերը, կարող են մասնակցել մրցույթին: Ինչ վերաբերում է առաջին գծում մարտական հերթապահություն իրականացրած և ապրիլյան պատերազմին  մասնակցած ուսանողներին՝ նրանք  ևս  կօգտվեն ուսման վարձի զեղչերի իրավունքից: Ըստ բանախոսի, նրանք ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն և այդ մասին զինգրքույկում ունեն համապատասխան գրառում, կստանան 30 տոկոս զեղչ: Իսկ ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները կստանան առավելագույն զեղչ: Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ աշխատանքի և սոցիալական ապահովության  հարցերի  նախարարության հետ համատեղ կազմվել են ճշգրտված ցուցակներ՝ ըստ բուհերի, որտեղ նշված էին զոհված զինծառայողների բուհերում սովորող հարազատներիի անուն-ազգանունները: «Կրթության և գիտության նախարարության կողմից բոլորի համար անվանական գրություններ է ուղարկվել բուհերի ղեկավարությանը, առաջարկվել է զոհված զինծառայողների ընտանիքների ուսանողների /զոհվածի կին, քույր, եղբայր, երեխա/ համար կատարել ուսման վարձի լրիվ փոխհատուցում: Ըստ ցուցակների՝ բոլոր այս կարգի ուսանողների ուսման վարձերն ամբողջությամբ փոխհատուցվել են»,- տեղեկացրել է Սասուն Մելիքյանը: Նա նաև նշել է, որ բուհերն ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ: Հետևաբար առաջին կուրսի ուսանողներն առաջին կիսամյակում զեղչերից չեն օգտվում, քանի դեռ չեն ձևավորել ՄՈԳ: Վերջինիս ձևավորելու պահանջը, սակայն չի վերաբերում սոցիալապես անապահով ուսանողների համար նախատեսված զեղչերին՝ անցյալ տարվանից ուժի մեջ է մտել նոր կարգ, համաձայան որի` սոցիալական անապահովության  «Փարոս» համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողները, եթե նրանք ունեն անապահովության բարձր միավոր, առաջին կուրսի առաջին կիսամյակից օգտվում են ուսման վարձի զեղչից: ««Փարոս» համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողները, ովքեր ուզում են բուհական զեղչերից օգտվել, ընդունելության դիմում-հայտերի հետ զուգահեռ, պետք է նաև ներկայացնեն սոցիալական նիշը փաստող տեղեկանք: Այդ տեղեկանքներն ուսանողները բուհ պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 10-ը: Բուհերն ուսանողների անվանացանկը՝  համապատասխան տեղեկանքներով, ուղարկում են ԿԳ նախարարություն, որն էլ կառավարության հատկացրած միջոցներից կատարում է ուսման վարձի փոխհատուցում»,- տեղեկացրել է Ս.Մելիքյանը և հավելել, որ կառավարությունը, այս տարի, ինչպես և նախորդ տարի, սոցիալապես անապահով մոտ 2000 ուսանողի համար ուսման վարձի զեղչ է նախատեսել: Ըստ գործող կարգի՝ զեղչը գործում է հետևյալ մեխանիզմով. ա/ մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով. բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով. գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող  ուսանողներին` ուսման  վճարի 70 տոկոսի չափով. դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով. ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:
Ասուլիսի ընթացքում Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն էլ տեղեկացրել է, որ բացի կառավարության կողմից տրվող ուսման վարձի փոխհատուցումից, բուհերը պարտավոր են ուսանողներից հավաքագրված ուսման վարձավճարների 7 տոկոսի չափով ուսման վարձի զեղչ կիրառել:

 

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: