Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը 2 ամիս կմնա կալանքի տակ

Aug 12, 2016 Comments Off on Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը 2 ամիս կմնա կալանքի տակ

Այսօր` օգոստոսի 12-ին, Ազգային անվտանգության գլխավոր քննչական վարչության քննիչը հերթական միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց ևս 2 ամսով երկարացնի կալանավորումը Արտյոմ Օրդուխանյանի, Դավիթ Մնացականյանի, Սարգիս Հակոբյանի և Սամվել Բարխոյանի նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գայանե Մազմանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը: Նշված անձինք ևս 2 ամիս մնալու են կալանավորված: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Բարխոյանը հանրությանը հայտնի, երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է: Դատարանի բակում կայանված էր նաև Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատկանում է Երևան քաղաքի Զավարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Մարգարիտա Բարխոյանին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ: Այդ քաղաքացիներն էին՝ Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը և Սամվել Բարխոյանը: Ա. Օրդուխանյանն ու Ս. Բարխոյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում էին նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: