Միայն Աստծուն է հայտնի՝ դրանից հետո կունենա՞նք պետականություն

Aug 12, 2016 Comments Off on Միայն Աստծուն է հայտնի՝ դրանից հետո կունենա՞նք պետականություն

Մեր զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ, ԱԱԾ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպումը ինչպես կգնահատեք, հատկապես Հայաստանում դրան նախորդող այն քննարկումների համատեքստում, որ ԼՂ կարգավորման սեղանին դրված է տարածքների հանձնելու հարցը: Ի՞նչ շեշտադրումներ ուներ Սերժ Սարգսյանի ելույթը, ի՞նչ հետեւություններ կարելի է անել:

 

-Մինչ այդ հանդիպումը Բաքվից երկու օր առաջ հայտարարություն եղավ ստատուս քվոյի անընդունելիության վերաբերյալ: Եղավ նաեւ սահմանի վերաբերյալ հայտարարություն, որ Ադրբեջանը չի պատրաստվում փոփոխության ենթարկել: Ալիեւը ուղիղ անդրադարձ կատարեց ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձեւերին, որոնք հօգուտ Ադրբեջանի են եւ նրա տարածքային ամբողջականությունն են ամրագրում: Անդրադարձ կատարվեց նաեւ ՆԱՏՕ-ի հայտնի բանաձեւերին, որոնք կրկին իր օգտին են: Այսինքն միջազգային կառույցներից մենք ունեն հակահայկական, հակաարցախյան բանաձեւեր,բայց ոչ մեկը դրանք չի հերքել, նույնիսկ Հայաստանում չեն հերքվել: Երբ ՄԱԿ-ում բանաձեվվեցին, մենք լրջագույնս աշխատանք պետք է տանեինք այդ ուղղությամբ. մեր արտաքին, դիվանագիտական կառույցները պետք է միտված լինեին սխալն ուղղելու,բայց եղավ երկրորդը, երրորդը, չորրորդը, եղավ Մադրիդը, Կազանը ու այդ սկզբունքները հստակորեն ամրագրվեցին: Եվ մենք խորը նիրհի մեջ քնած հանգիստ, խաղաղ, ոչ մի բան չի եղել, ի վերջո, կանգնեցինք կոտրած տաշտակ առջեւ: Մինչդեռ ադրբեջանցիները լրջագույնս աշխատեցին, հիմա մենք կասենք՝ սեւ խավիարով աշխատեցին, թե ինչով աշխատեցին, բայց ադրբեջանցին կարողացավ իր սուտը հաստատել:Այս իրավիճակում մենք ի՞նչ ենք սպասում Մոսկվայից: Բոլորը մոռացել են ու ասում են <<Լավրոպի պլան>>, բայց ի՞նչ պլան, եթե այդ կարգավորման սկզբունքներն արդեն հաստատվել են արեւմտյան երկրների կողմից: Չգիտես ինչու, ոչ մեկ ծպտուն չի հանում հօգուտ Հայաստանի, միակ մարդը, որ ի օգուտ Հայաստանի մի երկու բառ ասել է, ձեր չսիրած Վլադիմիր Պուտինն է: Պուտինը նշել է, որ կարգավորման փաստաթուղթը պիտի լինի այնպես, որ հաղթողներ ու պարտվողներ չլինեն: Սա միակ ձեւակերպումն է, երկրորդ այդիսին ոչ Մերկելն է տվել, ոչ Օլանդը, ոչ էլ Օբաման: Ինչեւիցէ, իմանալով, որ ստատուս քվոն խախտված է եւ մենք դրանով չենք կարող առաջնորդվել, որպեսզի գրգռենք միջին հայի ուղեղը, նրանց կողմնորոշում ենք Ռուսաստանի դեմ՝ ասելով, սա լավրովյան ծրագիրն է: Ոչ, սա մադրիդյան սկզբունքներն են,կազանյան սկզբունքները: Տարիներ առաջ մենք ռազմի դաշտում հաղթեցինք Ադրբեջանին , բայց պարտվեցինք թուղթ ու գիչով, սպիտակ ձեռնոցներով: Ամոթ է չէ՞, բա ինչու չեք զբաղվել այս հարցերով: Պատասխանելով ձեր հարցին՝նախ ուզում եմ անդրադառնալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակի հայտարարություններին, որոնցից կարելի է հասկանալ, թե Մոսկվայում խոսք է գնացել միայն միջսահմանային խախտումներից, դրանք միջազգային կառույցների օգնությամբ կանխելու վերաբերյալ: Շատ հարգելով խոսնակին, թույլ տվեք չհավատալ, որովհետեւ հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանի դեմքը լավը չէր, ոչ էլ ձեւակերպումներն էին լավը:

-Բայց ինչո՞ւ եք կարծում, որ Սարգսյանն ուրախ չէր, նա պարբերաբար շնորհակալություն էր հայտնում:

-Այդպես եմ կարծում, որովհետեւ հավաքվել էին մի հարցով, երկու նախագահներն էլ սկսեցին խոսել բոլորովին ուրիշ թեմաներով, բացի հիմնական հարցից, որ հասել ենք սրան, հասել ենք նրան,տնտեսական ցուցանիշները լավացել են, սա ենք արել, նա ենք արել եւ մի տողով անդրադարձ, որ հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա: Ճիշտ եւ ճիշտ նման իրավիճակ էր Վիեննայում կայացած հանդիպմանը, որից հետո ասացին, թե ոչ մի խոսք չի եղել տարածքների հանձնման վերաբերյալ: Իհարկե, եղել է, Ադրբեջանը ստատուս քվոյին <<ոչ>> է ասում, իսկ դա նշանակում է մոտալուտ դարանակալած պատերազմ, կամ էլ հինգ շրջաննրի հանձնում:

 

-Այդ դեպքում ի՞նչ սրտով Սերժ Սարգսյանը մեկնեց օլիմպիական խաղերը դիտելու:

 

-Միակ բանը, որ այսօր Հայաստանը կարող էր անել, այն է՝ պայմանավորվածություն ձեռք բերել հարցի լուծումը տեղափոխել 2017 թվականի ընտրություններից հետո: Սա կլինի մեր նոր անավարտ ողբերգության սկիզբը եւ միայն Աստծուն է հայտնի՝ դրանից հետո կունենա՞նք պետականություն:

-Բաքվում ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ստորագրությամբ, ի՞նչ ազդեցություն կունենա Հհայաստանի եւ հատկապես ԼՂ խնդրի կարգավորման վրա:

 

-Շատ վատ բան արձանագրվեց, վերջին 15 տարում Հայաստանը ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից է բլոկադայի մեջ, այլեւ տարածաշրջանում կատարվող բոլոր գործընթացներում՝ սկսած Մետաքսի ճանապարհից: Մեր անլեզու, իմպոտենտ արտաքին քաղաքականության ընթացքում Հայաստանը մնաց միջազգային ճանապարհներից ընդհանրապես մեկուսացված: Հիմա խոսք է գնում ակտիվացնել տրանսպորտը Ադրբեջանով դեպի Իրան, այսինքն ճանապարհ է բացվում Թեհրան-Բաքու-Ռուսաստան, որը շրջանցում է Հայաստանը, խոսք է գնում Բաքու-Թեհրան երկաթգծի կառուցման մասին եւ ակտիվացնել Աստրախան-Հենզելի նավագնացությունը, իսկ այս ռեգիոնալ հանդիպումը առանց Հայաստանի է: Մեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանն ամբողջովին մեկուսացել է, իսկ դա կբերի տնտեսական կոլապսի:

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: