Ռուսաստանը ցանկանում է դուրս գալ «տաք ջրեր»` Հնդկական oվկիանոս

Aug 12, 2016 Comments Off on Ռուսաստանը ցանկանում է դուրս գալ «տաք ջրեր»` Հնդկական oվկիանոս

Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ավելի կարծր դիրքերից։ Այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը.

«Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» սկսած զինված ապստամբությունը մեր նախագահին մանեւրի քիչ հնարավորություն տվեց եւ ուզեր-չուզեր շատ ավելի կարծր դիրքորոշում պետք է ունենար, քանզի միայն այդ խումբը չէ, որ գրավել էր ՊՊԾ գունդը, այլ բազմահազար ժողովուրդ 15 օր ոտքի էր կանգնել ու աջակցում էր տղաներին»,- ասաց Շիրինյանը։

Հայաստանի նախագահը հուլիսի 17-ի զինված ապստամբությունից հետո ստացել էր մի այնպիսի ազդակ, որը թվում է, թե նրան պիտի թուլացներ, բայց հակառակը` ուժեղացնում է: Նա ունի մի հաղթաթուղթ՝ ապստամբական ժողովուրդ, որը հողի զիջման պայման երբեք չի ընդունի.«Քաղաքականության մեջ քծնանքը, խաբելու արվեստը առանձին արդյունք չեն տալիս, մինչդեռ ազգային շահի պաշտպանության տեսակետը պարտադրում է մարդկանց հարգել։ Սա կարեւորագույն ազդակ էր, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստացավ, հիմա լավ կլիներ, որ արցախյան ռազմաճակատում մի լավ օպերացիա նախատեսեր ու պատերազմական գործողություններ սկսեր Ադրբեջանի տարածքում, որ պուտինյան ավանտյուրան չեզոքացվեր»,-ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով Բաքվում օրերս ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ Բաքվի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ.«Ինձ դժվար է համոզել, որ Իրանը լայն քայլերով գնացել է համագործակցության, տարել է երեւի այն բանի համար, որպեսզի ռազմական տեխնիկայի լայն մատակարարում ունենա։ Ասում են պարսիկը միշտ ունի տասը «այո», պետք է կարողանաս այդ տասը «այո»-ից որն է իրական»։

Քաղաքագետի գնահատականով եռակողմ հռչակագիրն ըդամենը «թղթի կտոր» է ու պետք է սպասել Արեւմուտքի ռեակցիային.«Եթե դա իրականացավ, ուրեմն Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, փաստորեն, Պետրոս Մեծի իղձը կատարած կլինի՝ իջնել դեպի Հնդկական օվկիանոս, այդ երկաթգիծը տանում է Հնդկական օվկիանոս, իսկ եթե սա եղավ, ապա անգլոսաքսերը պիտի մեռնեն»։ Քաղաքագետի կանխատեսումով անբնական այդ համագործակցությունը շուտով կխզվի։ Փոխարենը նա հորդորում է Հայաստանում լծվել բարեփոխումների, հայաստանյան հասարակությունն էլ պետք է ամեն կերպ անկախության ամրապնդմանը նվիրվի.«Մենք համազգային մոբիլիզացիայի խնդիր ունենք»։

Ըստ Շիրինյանի՝ մեկ անգամ ՀՀ-ում Ս. Սարգսյանն արդեն իսկ ռեալիզացրեց «Սասնա ծռերի» արարքը: Խոսքը հայաստանյան իր ելույթի մասին է, որով հայտարարեց, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում չի լինելու, մնում է ավելի մեծ սպեկտրով այդ հարցը ռեալիզացնել: «Ես կցանկանայի, որ շատ ավելի լայն սպեկտրով օգտագործվեր, զուգահեռ շտապ կարգով անկախության 25-ամյակի նախօրյակին պետք է Սարգսյանը հայտարարի լայն համաներում: Բանտերը լիքն են կալանավայրերում պահվող մարդկանցով, ովքեր այնտեղ են անհասկանալի պատճառներով, սակայն այդ լայն համաներման կորիզը պետք է կազմի «Սասնա ծռեր» խումբը եւ նրանց համակիրները։

Շատ կարևոր է գոնե հիմա, երբ արտաքին քաղաքական կարևոր զարգացումներ են ընթանում, Սասնա ծռերը պետք է դրսում լինեն: Սա կարևոր է, եթե իսկապես երկրի ղեկավարությունը լավ է հասկանում պետական շահից:Աշխարհում առաջին դեպքն էր, երբ զինված ապստամբություն եղավ առանց արյունահեղության, ուրեմն պիտի գնալ լայն կոնսոլիդացիայի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: