Ի՞նչքան ուսման վարձի զեղչ կստանան  ապրիլյան քառօրյա պատերազմի  մասնակիցներն ու զոհվածների  հարազատները

Aug 10, 2016 Comments Off on Ի՞նչքան ուսման վարձի զեղչ կստանան  ապրիլյան քառօրյա պատերազմի  մասնակիցներն ու զոհվածների  հարազատները

Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող օրերին հայտարարվեց, որ  պետությունը սոցիալական երաշխիքներ է տալու առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքների համար: Որոշակի քայլեր պետք է կատարվեին  նաև ուսման վարձի զեղչերի և արտոնությունների ուղղությամբ:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն  և հետբուհական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի  պետ Սասուն Մելիքյանը Hayeli.am-ին տեղեկացրեց, որ ապրիլյան քառօրա պետերազմից անմիջապես հետո  վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի N 265-Ա որոշմամբ ստեղծվել է  աշխատանքային խումբ, որն ուոսումնասիրել է  Լեռնային Ղարաբաղում  ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների  հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական  հարցերը, այդ թվում նաև կրթական կարիքները. «Այն ուսանողները, ովքեր կամավոր բուհերից մեկնել էին ռազմաճակատ, չկարողացան ժամանակին հանձնել ամփոփիչ ատեստավորման և ընթացիկ քննությունները:  ԿԳ նախարարի հանձնարարությամբ բուհերին հղվեց շրջաբերական և առաջարկվեց ավարտական կուրսի ուսանողներին, համապատասխան փաստաթղթի ներկայացման դեպքում, ըստ անհրաժեշտության նշանակել լրացուցիչ օր և հնարավորություն տալ հանձնել ամփոփիչ ատեստավորման քննությունները, իսկ մյուս կուրսերի ուսանողների համար սահմանել ստուգարքների և քննությունների հանձնման անհատական գրաֆիկ: Թեպետ ատեստավորման կարգը նման հնարավորություն չի նախատեսում, քննությանը չմասնակցելու դեպքում ուսանողը նման հնարավորություն, սովորաբար, ունենում է մեկ տարի հետո, բայց այս դեպքում  տրվեց այլ լուծում:

Ինչ  վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ կազմվեցին ճշգրտված ցուցակներ՝ ըստ բուհերի, որտեղ նշված էին զոհված զինծառայողների  բուհերում սովորող հարազատներիի անուն-ազգանունները: Կրթության և գիտության նախարարության կողմից բոլորի համար  անվանական գրություններ է ուղարկվել բուհերի ղեկավարությանը, առաջարկվել է զոհված զինծառայողների ընտանիքների ուսանողների /զոհվածի կին, քույր, եղբայր, երեխա/ համար կատարել ուսման վարձի լրիվ փոխհատուցում: Ըստ ցուցակների՝ բոլոր այս կարգի ուսանողների ուսման վարձերն ամբողջությամբ  փոխհատուցվել են»,-  նշեց Սասուն Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ նույն պրակտիկան կշարունակվի նաև առաջիկա ուսումնական տարում: ԿԳՆ բարձրագույն և հետբուհական վարչության բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ  բանակից զորացրված այն ուսանողները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացել / նրանք զինգրքույկում պետք է  ունենան մարտական հերթապահության մասին գրառում և  համապատախան կնիք/ ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ: Մեր ճշտող հարցին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները դիտարկվում են մարտական հերթապահություն իրականացրածնե՞ր, թե՞ նրանց համար այլ արտոնություններ են սահմանված, Ս. Մելիքյանը պատասխանեց. «Այս պահին կատարվում են իրավական ակտերի լրամշակումներ, գուցե ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների համար սահմանվի առավելագույն զեղչի չափ/ մինչև 80 տոկոս/, բայց այս պահին գործող իրավական նորմերով մենք մարտական հերթապահության կետով ձեր նշած կատեգորիայի ուսանողների համար կարող ենք ապահովել 30 տոկոս զեղչ>>: Որպես կանոն բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ: Կտարածվի՞ սա ապրիլյան մարտական գործողությունների մասնակից ուսանողների վրա՝ ԿԳՆ ներկայացուցիչը դժվարացավ միանշանակ պատասխանել՝ նշելով, որ ՄՈԳ-ի շեմը բուհն ինքն է սահմանում, նախարարության կողմից նման պահանջ չի դրվում:

Հավելենք, որ ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի N 265-Ա որոշմամբ ստեղծված  աշխատանքային խումբը  ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխքիների,այդ թվում նաև կրթական կարիքների բարելավման հարցում պետք է ներկայացներ  առաջարկներ: Մեր կարծիքով ճիշտ հլինի, որ  կրթական զեղչերի և այլ հարցերի հետ կապված նախաձեռնություն  ցուցաբերի Պաշտպանության նախարարությունը, որպեսզի նոր ուսումնական տարվա մեկնարկին  համապատասխան կարգերն արդեն  ընդունված լինեն և մարդիկ ստիպված չլինեն  տարբեր դռներ թակել:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: