Արտակարգ դեպք Աշտարակում

Aug 08, 2016 Comments Off on Արտակարգ դեպք Աշտարակում

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի Աշտարակի կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Հրշեջ փրկարարները քաղաքացիների հետ կարողացել են տևական ժամանակ բանակցություններ վարելուց հետո կանխել 44-ամյա Համլետ Ներսիսյանի ինքնասպանության փորձը, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդն ասում էր. «Այդ քայլին դիմել եմ, քանի որ խնդիրներ ունեմ հարկային մարմինների հետ»։ Ինքնասպանությունը կանխելու գործում մեծ աշխատանք է տեղում կատարել նաև փրկարար ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: