Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մոր պայուսակի մեջ բաժին տանելուց առաջ դանակ են դրել

Aug 06, 2016 Comments Off on Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մոր պայուսակի մեջ բաժին տանելուց առաջ դանակ են դրել

 

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդն այսօր առավոտյան բերման  է ենթարկվել Մաշտոցի ոստիկանության բաժին՝ առանց նախապես ծանուցելու: Ինչպես hajyeli.am-ին փոխանցեց Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, նա կասկածվում է սառը զենք պահելու մեջ. « Հուլիսի 17-ին, երբ եկել են տունը խուզարկելու, ու Նվարդին տարել են բաժին: Տան խուզարկության  ժամանակ մեր տանն եղած որսորդական  դանակը/դա իմն է կամ էլ երևի տղաներից մեկինը/  գցել են  նրա պայուսակի մեջ ու տարել: Բաժնում արձանագրություն էին կազմել, որ  մոտը սառը զենք կա: Հիմա փաստորեն դրա համար են տարել, բայց առանց նախապես ծանուցագիր ուղարկելու, բռնի ուժով: Գործին խառնվել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները արաձագանքել են կատարվածին, գնացել են բաժին և հայտարարել են, որ ոստիկանությունը անօրինական է գործել, որից հետո կնոջս բաց են թողել՝ ստորագրությամբ: Բայց տվել են նաև ծանուցագիր, որպեսզի նա երեկոյան ժամը 19:30-ին ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին»,- մեզ հետ զրույցում նշեց Արմենակ Կյուրեղյանը:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդ Բիլյանը  ուսուցչուհի է, նա դասավանդում է Երևանի գեղարվեստի կենտրոններից մեկում:Մեզ չհաջողվեց կապ հաստատել տիկին Նվարդի հետ:

Նշենք, որ Կյուրեղյան եղբայրներն երեքն են ՝ Արեգը, Սերգեյը և Հայկը: Նրանք   երեքն էլ այժմ գտնվում են անազատության մեջ: Արեգն ու Սերգեյը ձերբակալված են ՊՊԾ գնդի գրավման հայտնի օպերացիային մասնակցելու համար:Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի  3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Իսկ Հայկն ավելի վաղ էր հայտնվել բանտում:  Նա ի նշան բողոքի, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, երբ քննվում էր Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, օդամղիչ ատրճանակից կրակոցներ էր արձակել ոստիկանների ուղղությամբ և դատապարտվել 9 տարի ազատազրկման: Այդ դատավճիռն այժմ Կյուրեղյանների փաստաբան Մուշեղ Շուշանյանը  բողոքարկում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանում:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: