Հրացանավորներն անպայման Ղարաբաղից պիտի գային Երևան. Լյուդմիլա Հարությունյան

Aug 05, 2016 Comments Off on Հրացանավորներն անպայման Ղարաբաղից պիտի գային Երևան. Լյուդմիլա Հարությունյան

<<Սասնա ծռեր>> խմբավորման տղաների արարքը հուսահատության պոռթկում էր, որը  չի կարելի անվանել ահաբեկչություն: Իրավիճակն ավելի բարդ է, քան մենք կարող ենք պատկերացնել. այդ տղաների արարքի հիմքում դրված էր ազգային իդեա՝ չհանձնել ազատագրված հողերը: Նրանց ակցիայի առանցքը Ղարաբաղի հարցն  էր, իսկ սոցիալ- տնտեսական խնդիրները միայն գումարվում էին դրան: Ես հետևել եմ պրոցեսին և կարող եմ ասել, որ  նրանք առաջ քաշեցին ոչ թե քաղաքական, այլ ազգային հարց, որը շարժմանը մեծ պոտենցիալ տվեց: Նրանք ցույց տվեցին գեղեցիկ պայքար և հանձնվեցին շատ արժանապատիվ՝  իրենք իրենց կոչելով  ոչ թե քաղբանտարկյալներ, որը ստանդարտ տերմին է, այլ ռազմագերիներ: Ինձ համար ցավալի էր տեսնել, որ հպարտ ու հոգնած մարդիկ հանձնվում են, առավել ցավալի է, որ նրանք պիտի հանգստանան բանտերում: Հիմա սկսվում է շարժման երկրորդ կարևոր էտապը, որը տեղի է ունենալու դատարաններում: Հասարակությունը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի այս խիզախներին, որովհետև նրանք, իրականում, գնացել են ինքնազոհության: Իսկ առանց ինքնազոհողության՝ երկիրը չի փրկվի>>,- Hayeli.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 17-ից օգոստոսի 1-ը Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունները, կարծիք հայտնեց սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ հանձնման ակցիան՝ վերջնագիրը, ժամանակի առումով ճիշտ չէր, քանի որ բանակցելու տեղ դեռ կար: Սակայն ողջ գործընթացի մեջ ամենակարևորը հասարակության կեցվածքն էր. << Հասարակության մեջ տեղի ունեցավ պառակտում. հասարակության մի մեծ հատված գնաց ու պաշտպան կանգնեց տղաներին,  որովհետև հասկացավ, որ նրանք երկիրն են ուզում փրկել: Ոստիկանությունը, որն այդ պահին ներկայացնում էր պետության դեմքը, ներկայացավ շատ տգեղ կերպարով: Ոստիկանների խառնիճաղանջ վազքը, մահակներն ու զզվանք հարուցող կեցվածքը հակադրության մեջ է մտնում փողոցում կուռ շարքերով թև թևի մտած քաղաքացիների և գունդը գրաված տղաների հպարտ կեցվածքի հետ: Մարդիկ չվախեցան անգամ մահակներից ու դուրս եկան փողոց: Այսինքն՝ վախի ռեսուրսն այլևս սպառված է՝ այն չի աշխատում: Սրանից պետք է հետևություն անեն իշխանությունները և առաջին հերթին՝ նախագահը: Սերժ Սարգսյանը պիտի հասկանա, որ վախի ռեժիմն այլևս չի աշխատում, համբերության բաժակն էլ լցվել է>>,- նշեց Լ. Հարությունայնը՝ ընդգծելով, որ հետևությունները պետք է արվեն ոչ թե ճառերի, այլ կոնկրետ քայլերի տեսքով:

ԵՊՀ պրոֆեսորի խոսքով՝ այն պնակալեզները, ովքեր իշխանությունից և նախագահից պահանջում էին կարծրացնել ձեռնարկվող քայլերը, արջի ծառայություն էին մատուցում հենց իշխանությանը. <<Այս իշխանության, մեծագույն ու թերևս միակ արժանիքն այս տարիների ընթացքում եղել է  փափուկ ավտորիտարիզմը, որն այս անգամ էլ հնարավորություն տվեց խուսափել արյունահեղությունից: Բայց եթե նախագահը չդիմանա գայթակղությանը և որոշի կարծրացնել իշխանության դիրքորոշումը, դա կլինի կործանարար՝ հաշվի առնելով, որ պայքարը տեղափոխվում է դատարաններ և շատ բան կախված է լինելու դատարանների որոշումներից>>:

Անդրադառնալով հարցին, թե քաղաքական իմաստով Սերժ Սարգսյանի ու բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Լ. Հարությունյանը նշեց. <<Չեմ կարծում, թե նախագահը պարտադիր պետք է հանդիպի Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի լսի նրան: Ասելիքը գրված է նաև թղթի վրա, կարող է հանգիստ կարդալ>>:

Քաղաքական ուժերի կեցվածքը Լյուդմիլա Հարությունյանը գնահատում է զրոյական, քանի որ նրանք որևէ կերպ չդրսևորվեցին. <<Երևի սովոր չեն նման իրավիճակների, այդ պատճառով էլ կեցվածք ուղղակի չկար>>: Ինչ վերաբերում է մտավորականներին, որոնցից ոմանք հանդես եկան հայտարարությամբ. <<Մտավորականի դերը հասարակության մեջ արժեք ներմուծելն է. մի բան, որը վերջին տարիներին մեր մտավորականներին չի հաջողվել անել: Այն, ինչ պիտի անեին նրանք, արեցին այդ տղաները՝ ցույց տալով, որ հայրենիքի համար կարելի է զոհվել: Ես դեռ 90-ականների վերջին եմ ասել, որ մի օր անպայման հրացանավորները Ղարաբաղից գալու են Երևան: Կատարվածն այդ շարքից էր>>,- իր խոսքը եզրափակեց սոցիոլոգը՝ նորից ընդգծելով, որ դատարանները պետք է պահել հանրային ուշադրության կենտրոնում:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: