Ոչ մի երաշխիք, որ այս ամենը չի կրկնվի

Aug 04, 2016 Comments Off on Ոչ մի երաշխիք, որ այս ամենը չի կրկնվի

ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Լյովա Խաչատրյանն այսօր առավոտյան այցելել են ՀՀ ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ ՝ տեսակցելու վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին, սակայն նրանց թույլ չեն տվել:

«Հանդիպեցինք ՔԿՀ-ի պետին, ով տեղեկացրեց, որ վերոնշյալ անձանց վրա նախաքննող մարմնի կողմից արգելանք է կիրառվել, դա նշանակում է, որ նրանց արգելվում է զանգեր կատարել, տեսակցել ազգականներին, հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին և այլ անձանց» մեզ հետ զրույցում տեղեկացրեց Լյովա Խաչատրյանը՝ հեգնելով, որ հավանաբար պատգամավորներն «այլ անձանց» շարքին են պատկանում: Մինչդեռ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետն ասում է` պատգամավորն անարգել իրավունք ունի կալանավայրեր մուտք և ելք կատարելու:

-Ի՞նչ եզրահանգումներ եք արել այդ ամենից ու ի՞նչ եք պատրաստվում անել։

-Մենք այսօր նամակ ենք պատրաստում Արդարադատության նախարարին՝ բացատրություն պահանջելու, թե ինչի հիման վրա մեզ թույլ չեն տվել տեսակցել։ Այս իրավիճակը խորը մտահոգության տեղիք է տալիս։

-Հուլիսի 17-ին սկսած իշխանության ներկայացուցիչները կոչ էին անում «Սասնա ծռերին» կամովին հանձնվել, վայր դնել զենքերը, բայց հանձնվելուց հետո փոխվել է նրանց որակումները, արդեն «ահաբեկիչներ» բառն է կիրառության մեջ մտել նաեւ նախագահի կողմից։ Ինչպես կգնահատեք այս տրանսֆորմացիան։

-Նախ բոլորը պետք է իրենց խոսքը պաշտպանեն, երկրորդ՝ զենքը վայր դնելու հանգամանքը պետք է դրական ազդակ լինի, քանի որ ոչ ոք երաշխավորված չէ ցանկացած միջադեպի կրկնությունից ու մեկ անգամ խաբելով հնարավոր չի լինի խուսափել, պետք է խոսքը պաշտպանել։ Պետությունը պարտավոր է իր բարձրաձայնած յուրաքանչյուր բառի համար լինել հետեւողական և պատասխանատու։

-Իսկ հետեւություններ կլինե՞ն եւ ինչ պետք է անել։

-Առայժմ չկա։Կլինեն, թե չէ, ես բախտագուշակ եմ։

-Դուք նույնպես տղաների քայլը ահաբեկչություն եք գնահատում ու ողջունում հանձնվելու քայլը։

-Կարծում եմ, որ բոլորս հայ ենք ու պիտի հասկանանք այս իրավիճակի խորքային պատճառները ու այդ պատճառները վերացնենք ու միմյանց չպիտակավորենք։ Հակառակ դեպքում ոչ մի երաշխիք, որ չի կրկնվի, իսկ եթե կրկնվի ավելի այլասերված, տգեղ տեսքով, ավելի վատ հետեւանքներով է լինելու։

-Սասնա ծռերի քայլը, ըստ որոշ գնահատականների, ցույց տվեց նաեւ, որ հասարակությունը նույնքան մերժում է նաեւ ընդդիմադիրներին, որպես ընդդիմադիր ձեր պատասխանատվության բաժինը զգո՞ւմ եք։

-Ես ընդդիմության ներկայացուցիչ չեմ, ես իմ երկրի քաղաքացին եմ ու ընդդիմություն լինել չեմ կարող։ Ինձ համար ընդդիմություն ասած հասկացողությունը անհասկանալի եզրույթ է, ես էս երկրի քաղաքացին եմ, էս երկրի տերերից մեկը, ինչպես յուրաքանչյուրը մեզանից ու ուզում եմ, որ երկրում ամեն ինչ լավ լինի։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: