Ես իմ որդիների պաշտպանությունը հանրային պաշտպանին չեմ վստահում. Արմենակ Կյուրեղյան

Aug 04, 2016 Comments Off on Ես իմ որդիների պաշտպանությունը հանրային պաշտպանին չեմ վստահում. Արմենակ Կյուրեղյան

ՊՊԾ հայտնի օպերացիայից հետո ձերբակալված «Սասնա ծռեր » խմբավորման անդամները հրաժարվում են հանրային պաշտպաններից: Ձևավորվել է «Սասնա ծռեր»-ի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր»-ի անդամների իրավական պաշտպանությունը: 

«Ես իմ որդիների պաշտպանությունը չեմ վստահում հանրային պաշտպանին, ես ուզում եմ, որ նրանց շահերն ու իրավունքները պաշտպանի մեր փաստաբանը: Այստեղ որևէ խնդիր չկա, կարծում եմ շատ նորմալ է, որ յուրաքանչյուր մարդ ունենա իր փաստաբանը»,- Hayeli.am-ի հետ զրույցում հայտարարեց Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը՝ հավելելով, որ ինքը հանրային պաշտպանների դեմ ոչինչ չունի, պարզապես գտնում է, որ  պետության կողմից ներկայացված փաստաբանները նման դեպքերում լավագույն պաշտպանություն կատարել չեն կարող: <<Ես որևէ հանրային պաշտպանի չեմ ուզում վիրավորել, սա անձի հետ կապված խնդիր չէ: Ես գտնում եմ, որ հանրային պաշտպանի ինստիտուտը  կայացած չէ: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Ես չեմ կարող հանրային պաշտպանին հանգիստ ասել՝ այս հոդվածով առաջադրվող մեղադրանքն ընդունի, այս մյուսը բողոքարկի>>,- նշեց Արմենակ Կյուրեղյանը՝ ավելացնելով, որ ինքը խնդրում է՝ որևէ հանրային պաշտպանի հայտարարություն կամ տեղեկատվություն  հիմք չընդունել, քանի որ իր որդիների պաշտպանությամբ զբաղվելու են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Մուշեղ Շուշանյանն ու Տիգրան Եգորյանը՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռեր»-ի անդամների ստեղծված  պաշտպանական խմբի շրջանակներում: Արմենակ Կյուրեղյանի փոխանցմամբ՝ Շուշանյանն արդեն հանդիպել է Սերգեյի հետ / նա գտնվում է Եղվարդում/ և փոխանցել, որ ոստիկանների վերաբերմունքը նորմալ է եղել՝ այս իմաստով դժգոհություն չկա: Իսկ Արեգից Արմենակ Կյուրեղյանը առայժմ տեղեկություն չուներ, տեղյակ էր միայն, որ նա գտնվում էր Հրազդանում: Կյուրեղյան եղբայրների հայրը նշեց նաև, որ իր որդիներին պետք է տեղափոխեին, սակայն տեղյակ չէ՝ արդեն տեղափոխել են, թե ոչ:

Ավելացնենք, որ փաստաբան Վաղինակ Շուշանյանն իրականցնում է նաև Արմենակ Կյուրեղյանի մյուս որդու՝ Հայկ Կյուրեղյանի պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանում:

Հիշեցնենք, որ  ՀՀ փաստաբանների պալատը  հրապարակել էր օգոստոսի 1-ին հանրային պաշտպան տրամադրելու խնդրանքով Հանրային Պաշտպանի գրասենյակ դիմած քաղաքացիների ցանկը, որի համաձայն՝ «Սասնա Ծռեր» խմբի 13 անդամների պաշտպանության համար նախաքննական մարմինը միջնորդել է հանրային պաշտպաններ ներգրավել: Ըստ այդմ՝ Կյուրեղյան եղբայրներից  Արեգի պաշտպանության համար հանրային պաշտպան է նշանակվել Սյուզաննա Խչեյանը, իսկ Սերգեյի համար՝ Մարինե Թովմասյանը:

Հիշեցնենք նաև, որ Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մյուս եղբայրը՝ Հայկը ի նշան բողոքի, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, երբ քննվում էր Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ և դատապարտվել 9 տարի ազատազրկման: Այդ դատավճիռն այժմ բողոքարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանում:

 

Կարինե Սարիբեկյան

Նյութն արդեն հրապարակված էր, երբ տեղեկացանք, որ  «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրանքներ են առաջադրվելլ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի  3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս մասին հայտնել էր   փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: