Գործը պիտի շարունակել, գործողություններն ընթացքի մեջ են

Aug 02, 2016 Comments Off on Գործը պիտի շարունակել, գործողություններն ընթացքի մեջ են

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «Սասնա ծռերի» հանձնվելու քայլով վերջ դրվեց արյունահեղությանը, ինչ դասեր պետք է քաղել այդ իրադարձություններից, ներկայացնում ենք պարոն Հայրիկյանի հետ մեր զրույցը։

-Պարոն Հայրիկյան, ինչպես կգնահատեք Սասնա ծռերի հանձնվելու որոշումը, խումբը կատարե՞ց իր առջեւ դրած խնդիրը։

-Բնականաբար, ոչ միայն ես, այլ որեւէ մեկը, երբ գիտի, որ այն մարդիկ, որոնց մասին ինքը խոսում է, ծանր պայմաններում են՝ կալանքի տակ,պետք է իրեն չափերի մեջ պահի։ Իրենք ասում են, որ այն խնդիրը, որ իրենց առաջ դրել էին, իրականացված է, երեւի իրենք ինչ-որ հարցեր բարձրացնելու խնդիր էին դրել, ես չեմ կարծում, որ իրենց ինքնազոհաբերությունը արժեր միայն այս հարցերը բարձրացնելու համար, բայց խոնարհվում եմ իրենց, իրենց անձնազոհության առջեւ։

-Տղաները կոչ արեցին, որպեսզի ժողովուրդը շարունակի շարժումը, մասնավորապես, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ հիմա հերթը ժողովրդինն է, Ձեր կարծիքով նոր շարժում առաջ կգա՞։

-Կարող է կան մարդիկ, որոնց իսկապես ուղղված էր իր խոսքը, մարդիկ, որոնք երբեւէ, որեւէ ընդվզում թույլ չեն տվել, մանավանդ ապագաղութացման ուղղությամբ։ Հնարավոր է այդ տեսակ մարդկանց համար իրենց կոչն իսկապես նշանակություն ունենա, ես այդ դեպքում գոնե մի քիչ իմաստավորված կհամարեմ իրենց անձնազոհությունը։ Իսկ իմ մասով կարող եմ ասել, որ բախտ է վիճակվել հիսուն տարուց ավելի ոչ միայն պայքարելու, այլ ինչ որ փուլերում ինչ որ առաջընթաց ապահովելու։Այս տարի մեր ազգը նշում է իմ եւ իմ ընկերների ծրագրի իրականացման 25 ամյակը։ Սակայն միայն ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարելով հարց չի լուծվում, պետք է նաեւ քաղաքակրթական կողմնորոշում ունենալ։

-Այս երկու շաբաթների իրադարձությունները հասարակական-քաղաքական կյանքում ինչ ազդեցություն կթողնեն ու ինչ հետեւություններ պետք է լինեն։

-Հետեւություններ անողը պետք է լինի իշխանությունը, մինչդեռ նրանք միշտ հետեւություն անում են ըստ իրենց արժեքային համակարգի, աշխարհընկալման։ Օրինակի համար ՀՀ իշխանությունները Մաքսային միություն գնացին Եվրամիության փոխարեն, այսինքն՝ իշխանավորի եզրակացությունը կախված է, թե ինչն է իր համար արժեք։ Իշխանությունը պետք է գոնե խոսեր նրանց հետ, ում հետ կարելի էր խոսել, ասել՝ ինչ եք առաջարկում այս ճգնաժամային իրավիճակում։ Որովհետեւ այլ բան է, երբ մի քանի տասնյակ զինյալներ են պահանջ դնում, եւ այլ, երբ նրանց ժողովրդի զգալի մասն է աջակցում։ Ամբողջ աշխարհը դրանից է զարմացած, միջազգային լրատվամիջոցները արձանագրում էին, որ այսպիսի բան չի լինում, փողոցում քայլող ոչ մեկին չեն գտնում, որ դատապարտի, հակառակը համաժողովրդական աջակցությանն էր արժանացել, ուրեմն իշխանությունները ժողովրդի վերաբերմունքին համարժեք պատասխան տային։ Իսկ թե ինչ եզրակացություն կանի հանրությունը, ժամանակը ցույց կտա։ Որոշակի բաներ ես էլ տեսա։ Ազնիվ մարդկանց շարքերում իշխանությունները բավական տարբեր գործակալներ ունեին։ Դրանք կարող էին պահանջել, որ ես կամ մեկը ելույթ չունենայինք, խոսքի ազատության դեմ կարող էր խոսել, կարող էր իրեն ավելի վեր դասել, քան կուսակցությունները եւ այլն։Այդ ամենը մտածելու տեղիք է տալիս, որ հանրությունը վատ է պատրաստված քաղաքագիտորեն։ Ավելի ճիշտ՝ ցածրորակները իրենց իրավունք են վերապահում իրենց կամքը թելադրել ընդհանուր զանգվածին, բայց ոչ ինձ։ Այն օրը էլեկտրիկ Երեւանից մի ցածրամակարդակ օրիորդ, երկոտանի ինձ է դիմում՝ «Ինչու եք եկել այստեղ», կողքից ասում են՝ «այ աղջիկ, այ անշնորք, էս մարդը, որ պայքարում էր, դու սկի չէիր էլ ծնվել, դու ո՞վ ես, ի՞նչ ես ասում», ինքն էլ ասում էր, թե չեք հասկանում, որ ինքը ԿԳԲ-ի գործակալ է։ Դա անմակարդակություն էլ չի, այլ ստոր գործակալների ցանց է։ Ուզում եմ նաեւ անդրադառնալ Ալբերտ Բաղդասարյանի հայտարարությանը, թե համակարգող խորհուրդը այլեւս չկա։ Խմբի մի քանի անդամներ որոշում ընդունեցին, որ գործը պիտի շարունակել, գործողություններն ընթացքի մեջ են։

-Այսինքն հանրահավաքները շարունակվելու են։

-Ոչ միայն հանրահավաքներ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: