Վարչապետն արձագանքել է hayeli.am-ի հրապարակմանը՝առաջնագծում ծառայող զինվորի ընտանիքի վարկային պայմանները բարելավվել են

Jul 26, 2016 Comments Off on Վարչապետն արձագանքել է hayeli.am-ի հրապարակմանը՝առաջնագծում ծառայող զինվորի ընտանիքի վարկային պայմանները բարելավվել են

hayeli.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր  Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բնակվող Հարությունյանների ընտանիքի խնդրներին: Տեղակացրել էինք, որ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Բանկերից ու տարբեր վարկային կազմակերպություններից վերցրած վարկերն ու փոխառությունները  կուտակվելով  դարձել են մի կլորիկ գումար՝, որն ընտանիքն ի վիճակի չէր վճարել: Ամսական վճարումը, որ ընտանիքը պետք է կատարեր բանկերին, կազմում էր ավելի քան 800 հազար դրամ, որից ամենամեծ մասնաբաժինը լիզինգով վերցրած տրակտորի ու խոտհավաքիչ-մամլիչ սարքի վարկի մարումն էր: Այդ գումարի մի հատվածն էլ տույժեն ու տուգանքներն էին:  Ընտանիքի հիմնական աշխատող ձեռքը՝ Արսեն Հարությունյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը վարկի բեռի տակ վերջնականապես կոտրվել է հենց այս տրակտորի և խոտհավաքիչ-մամլիչի ձեռքբերումից հետո, քանի որ ի սկզբանե տեխնիկան  ստացել էր նախ ուշացումով, ապա նաև տեխնիկական թերություններով: Արդյունքում առաջին տարին չէր կարողացել աշխատել,  փոխարենը ստիպված էր եղել կատարել վճարումները՝ եղած պարտքերի ու վարկերի վրա ավելացնելով նորերը: Ընտանիքը, որի միակ որդին՝ Արա Հարությունյանը ծառայում է բանակում՝  Ղարաբաղում / Մարտունի, առաջնագծի զորամասերից մեկում/ մեր միջոցով դիմել էր   վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրանքով, որ  տրակտորի ու խոտհնձիչի վարկը մեկ տարով սառեցվի, որպեսզի իրենց ընթացիկ  մուծումների բեռը փոքր-ինչ թեթևանա:

Հարությունյաններն  hayeli.am-ին տեղեկացրեցին, որ մեր հրապարակման հենց հաջորդ օրը իրենք զանգ են ստացել  կառավարությունից: Նրանց  տեղեկացրել են, որ վարչապետի  կողմից հանձնարական է տրված՝ ընդառաջել և իրենց բարձրացված հարցին տալ դրական լուծում: <<Վարչապետի հանձնարությամբ վարկային կազմակերպությունների պատասխանատուները, կառավարության աշխատողները եկել էին մեր տուն:  Շատ հարգալից նստել մեր հետ զրուցել են՝ ահագին ընդառաջել են: Մենք իրենցից շնորհակալ ենք, ես ճիշտը որ ասեմ, հույս չունեի, որ ինչ-որ արձագանք կլինի, բայց փաստորեն եղավ: Վարկային պայմանագրերի ժամկետներն երկարաձգեցին՝ նոր ժամանակացույց կազմեցին, տույժերն ու տուգանքներն էլ հանեցին: Իսկ տրակտորի վարկը, որն ամենամեծն էր մի տարով սառեցրել են,  վարկի մնացորդը բաժանվել է հետագա 3 տարիների վրա: Դա իմ առաջարկն է եղել և իրենք համաձայնվել են  – պատմեց  Արսեն Հարությունյանը:  Նրա խոսքով՝ Արեգակ վարկային կազմակերպությունը, որի տույժ-տուգանքները ամենաշատն էին՝  վարկի ժամկետը երկարաձգել է, բացի այդ համաձայնվել է տույժ-տուգանքները չհաշվարկել, իսկ մարման ժամանակացույցը կազմվել է բավականին ճկուն, որպեսզի ինքը կարողանա տեղավորվել ու վճարել: <<Հորիզոն վարկային կազմակերպության վարկի ժամկետը ևս  մեկ տարով երկարաձգվել է, չնայած որ ես Հորիզոնից  բողոք չեմ ունեցել՝ էդ մարդիկ մեզ նախկինում ևս ընդառաջել են,- որդու խոսքը շարունակում է ընտանիքի ավագը՝ Ջոնիկի Հարությունյանը և եզրակացնում,- ինձ թվում է՝ վարչապետն երևի հաշվի է առել  մեր զինվոր թոռան ծառայությունը բանակում: Հիմա իմ ցանկությունն է , որ մեր երկրին խաղաղություն լինի, մեզ էլ՝ առողջություն: Այս տարի տղես կաշխատի, մի քիչ պարտքերը կթեթևացնի, մյուս տարի էլ թոռս կգա,  հոր հետ կաշխատի, մենք էս նեղությունից դուրս կգանք>>:

Հավելենք, որ Հարությունյանները  տրակտորն ու խոտհավաքիչ-մամլիչ սարքը ձեռք են բերել կառավարության ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գյուղատնտեսության զարգացման աջակցութայն ծրագրի շրջանակում՝   տարեկան 9 տոկոսանոց լիզինգային վարկով:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: