Պատվերը կատարված է՝ սպասենք մանդատներին

Jul 25, 2016 1 Comment

Վերջապես հնգօրյա լռությունից հետո¸ հուլիսի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանը երևաց հեռուստաէկրանին: Երևաց, բայց ոչ թե ժողովրդի, հասարակության հետ խոսելու, այլ իր անվտանգության խորհրդի անդամներին հրապարակային հանձնարարականներ տալու համար, «ձեռի հետ էլ» լարված իրավիճակին գնահատական տալու համար՝ «Այս ուղերձը հանրություն, քեզ բավական է»:

 

Արդյոք մենք գործ ունենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ապագա կոալիցիայի՞ հետ:

Կարծում եմ՝ այս երեք, եթե կարելի է ասել՝ ուղերձներից, ամենուշագրավը Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ, հետագայում ՀՀ նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանինն է, որին հատուկ կուզենայի պատասխանել, այն պատճառով, որ նա անդրադարձել է նաև Շուշիի հռչակագրին, որի նախաձեռնողներից եմ եղել նաև ես, նույն Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի գաղտնի անդամը:

Դեռևս 1991 թ. նախագահական քարոզարշավում Տեր-Պետրոսյանը մոտավորապես այսպիսի միտք հայտնեց. «Բարոյախոսությունը ես չեմ ընդունում, մի այդպիսի քարոզիչ կար.., նրա վերջը տեսանք ինչ եղավ»։ Հետագայում նա ևս մի քանի անգամ կրկնել է այս միտքը: Եվ ահա Տեր-Պետրոսյանը իր ուղերձը սկսում է բարոյախրատական ոճով, «հանրահայտ ճշմարտություններ» քարոզելով և որպես գերակա խնդիր ներկայացնում՝«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը»։ Լավ¸ մի կողմ դնենք այն, որ մնացյալ բոլոր հարցերն են բերել Արցախի անվտանգության խոցելիությանը: Իսկ Տեր-Պետրոսյանը գիտի՞, վստա՞հ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը բանակցում է բարեհաջող կարգավորման ուղղությամբ, և ո՞րն է արդյոք բարեհաջող կարգավորումը:

Այս համատեքստում, իսկապես, Արցախի անկախության և անվտանգությամբ անհանգստացած գործիչներին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամը այպանում է.

1 Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.

2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։

Հետհայաց 80 –ականներին.

Karabax komiteՂարաբաղ կոմիտեում, ինչ որ պահից սկսվեցին քննարկումներ Հայաստանի անկախության գաղափարի շուրջ: Կոմիտեի ամենահակաանկախական անդամներից էր Տեր-Պետրոսյանը, որն ասում էր որ իր միակ նպատակը Արցախի միավորումն է Հայաստանին: Հիշում եմ նրա ելույթների հիմնական կարգախոսը, որը կրկնվում էր մի քանի անգամ «… Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի միավորվել Հայաստանին»։ 1988թ.-ին արդեն սկսվել էին հայ ադրբեջանական ընդհարումները, բայց Տեր-Պետրոսյանը շարունակում էր բորբոքել զանգվածներին, փոխանակ կամուֆլյաժ հագնելու և ճակատ գնալու:

Նույն կերպ¸ 2008 թ.–ին որդուն անվտանգության նկատառումներով ուղարկեց ԱՄՆ, իսկ մարտի 1–ին տնից դուրս չեկավ, ցուցարարներին կոչ արեց շարունակել ընդվզումը և իրեն ձեռքերի վրա տանել նախագահական, և հանգիստ քնեց¸ փոխանակ կամուֆլյաժը հագին ցուցարարների առաջին շարքերում լիներ:

Արցախյան ալիքի վրա գալով իշխանության Տեր-Պետրոսյանը 1992թ. «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում ասում է.

«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:

Նույն մտքերն էին արծարծվում նաև 1997թ. հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն» ծրագրային հոդվածում:

Գիտեմ, թե ինչ կպատասխանեն «լևոնագետները». ԽՍՀՄ տարիներին միացումը հնարավոր էր, իսկ անկախության՝ ոչ: Նախ, ով ասաց¸ թե ԽՍՀՄ ժամանակ հնարավոր էր, բազմիցս անհաջող փորձեր են եղել, մարդիկ են բանտարկվել և աքսորվել:

Ինչևէ. ենթադրենք ճիշտ եք, այդ դեպքում ինչու Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրվեց. «… կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…և այլն»:

Կարելի է նաև ընդունել, որ մարդը հասունացել է և հասկացել, որ սխալվել է, ղարաբաղյան շարժումը գուցե սխալ էր: Այդ դեպքում հրապարակավ ներողություն խնդրիր ողջ հայ ժողովրդից այդքան զրկանքների համար և ընդմիշտ հեռացիր քաղաքական ասպարեզից :

Թե՞ կարելի է Արցախի հարցով գալ իշխանության, հետո Արցախը հանձնելով պահել իշխանությունը կամ իշխանության մաս կազմել:

Արդյոք Տեր-Պետրոսյանը իր այս ուղերձով չի՞ պաշտպանում Սերժ Սարգսյանի ներկայիս, հանրությանը հայտնի միայն կազանյան հռչակագրի դրույթներով Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու նախաձեռնությունը, միաժամանակ չարախնդալու, իր 1997թ. «ճշմարտացիության» մեջ:

Կարծեմ 1990 թվականին էր, ընտրություններից առաջ, Հայաստանի մի խումբ ճանաչված մտավորականներ հայտարարություն-կոչով դիմել էին ՀԽՍՀ իշխանություններին ինչ-ինչ հարցեր լուծելու առաջարկով: Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց պատասխանեց «Պատվերը կատարված է, սպասենք շքանշաններին»հոդվածով:

Եվ ահա 26 տարի անց դերերը փոխվում են¸ քննադատողը վերածվում է պատվեր կատարողի:

Մի հարցում Տեր-Պետրոսյանը հավատարիմ է իր խոսքին: Մի առիթով, նա քաղաքականությունն անվանեց անբարոյականություն…

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ.Գ. թվականները և Տեր-Պետրոսյանի արտահայտությունները հուսով եմ «լևոնագետները» կճշտեն:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Պատվերը կատարված է՝ սպասենք մանդատներին” հրապարակմանը

  1. Anna Israelyan says:

    Այս հոդվածը տրամադրվել է միայն «ԱռավոտիՆ» Դուք այն վերցրել եք ամբողջությամբ եւ առանց հղումի: