Կկիրառվեն աննախադեպ, մինչ օրս չկիրառված միջոցներ. Գառնիկ Իսագուլյան

Jul 24, 2016 Comments Off on Կկիրառվեն աննախադեպ, մինչ օրս չկիրառված միջոցներ. Գառնիկ Իսագուլյան

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ  ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի և  Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: Վերջին իրադարձությունների շուրջ Hayeli.am-ը զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյան հետ:

Պարո՛ն Իսագուլյան, Վիտալի Բալասանյանին, կարծես թե, հաջողվեց երկկողմ համաձայնության հասնել «Սասնա ծռեր» խմբի անդամների և իշխանության միջև: Հայտնի է, որ դուք մտերիմ հարաբերություններ ունեք պարոն Բալասանյանի հետ: Այստեղ ինչ-որ դերակատարում ունե՞ք:

– Ես չեմ կարծում,  որ կարևոր է, թե ով ինչ ներդրում է ունեցավ: Այո՛, շատ շատերը բավականին լուրջ ներդրում են ունեցել այս բանակցությունների կայացման հարցում,  և այստեղ  չպետք է բացառել նաև  իշխանությունների կողմից բարի կամքի դրսևորումը:  Վիտալի Բալասանյանը բանակցությունները վարում է որոշ լիազորություններով և անչափ կարևոր է, որ կարողացավ ներսում գտնվող տղաների հետ համաձայնության գալ: Նշեմ, որ Գեորգի Կուտոյանի և  Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Արդեն իսկ ազատ են արձակվել ներսում պահվող երկու ոստիկանները: Սա ցույց է տալիս այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հնչող տեսակետները, թե այդ ելույթը մատնանշեց, որ բոլոր ճանապարհները փակ են և ելքեր չկան, իրականությանը չեն համապատասխանում:

-Շատերը նախագահ Սարգսյանի ելույթը համարեցին վերջնագիր, Դուք ինչպե՞ս եք գնահատում:

-Ես նախագահից ավելի կոշտ ելույթ էի սպասում, և նրա խոսքը ոչ թե վերջնագիր էր, այլ դրանով Սերժ Սարգսյանը ելքեր մատնանշեց խնդրի խաղաղ կարգավորման համար: Նախագահը հայտարարեց, որ հարցի լուծմանը պետք է հասնել առանց արյան: Հստակ է մի բան, որ այդ հանգուցալուծմանը հասնելու համար, գուցե, կիրառվեն միջոցներ, որոնք աննախադեպ են լինելու և մինչ օրս չեն կիրառվել: Պարզապես, ցավալի է, որ դրսից հատուկ հրահանգիչներ են գործում  անգամ այս հարցում:

-Կարծում եք՝ դիտավորյալ փորձում են լարվածություն ստեղծել և սրե՞լ իրավիճակը:

-Դիտավորյալ և այն էլ ինչպես: Ընդհուպ մինչև Հայաստանում կատարվող այս դեպքերը համեմատում են սիրիական կամ ուկրաինական դեպքերի հետ: Սրանք հատուկ հրահանգիչներ են, ինչ-որ քաղաքագետներ, ովքեր փողոցից ինչ-ինչ տեղեկատվություն են տարածում. օրինակ՝ ներսում գտնվող վիրավոր վարորդը վիրավորվել է, երբ մեքենայով հարվածել է ՊՊԾ գնդի դարպասներին, իսկ մամուլում գրում են այն մասին, թե հատուկ դիպուկահարներ են գործել և այլն…

-Այս պահին իրավիճակն ի՞նչ փուլում է:

-Վիտալի Բալասանյանը շատ ակտիվ անմիջական երկողսության մեջ է կողմերի միջև:  Երկրի ղեկավարությունը պատրաստ է անել ամեն ինչ, բանակցություններին ներգրավել բոլոր նրանց, ովքեր կարող են օգտակար լինել և խնդիրը լուծել առանց զոհերի: Պատանդների մասին էլ խոսելը, կարծում եմ, շուտով  կդառնա անիմաստ:

Հարցազրույցն՝  Աղավնի Սուքիասյանի

Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: