Չեմ հավատում կատարվածի անկեղծությանը. Ինչ որ բեմադրված էլեմենտներ կան. Սոս Գիմիշյան

Jul 20, 2016 Comments Off on Չեմ հավատում կատարվածի անկեղծությանը. Ինչ որ բեմադրված էլեմենտներ կան. Սոս Գիմիշյան

«Շատ բաների չեմ հավատում»,- մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման միջադեպին։

Գիմիշյանն ընդգծեց, որ չնայած «Սասնա ծռեր» խմբում կան «ազգի նվիրյալներ», որոնք պատրաստ են ըստ նրա երկրի ու ժողովրդի համար իրենց կյանքը զոհել, այդուհանդերձ կատարվածն անհամոզիչ է.«Ինձ չի թվում, թե իրենցից շատերը գիտեին, թե ինչ են անում, հնարավոր է, որ նույնիսկ խաբված էլ լինեն, որովհետեւ քայլը փաստացի քաղաքական քայլ է, ոչ թե ահաբեկչական։ Դրանով նպատակ կա ուշադրություն սեւեռել երկրում առկա խնդիրներին, բայց քայլը չի կարելի համարել հեղաշրջման փորձ, հեղաշրջումն այդպես չեն անում։ Ճիշտ չեն հաշվարկել։ Չեմ հավատում կատարվածի անկեղծությանը։ Ինչ որ բեմադրված էլեմենտներ կան, որովհետեւ այդպես պիտի չանեին»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է դրդապատճառներին. «Այո, պետությունում ստեղծված իրավիճակն է, մեղավորը՝ իշխանությունները։ Այդ տղաները պետության դեմ չեն, իշխանության դեմ են։ Ընդհանրապես ամբողջ հայ ժողովուրդն է իշխանության դեմ ու բոլորը սպասում էին, որ պետք է մի բան լինի, բայց, ցավոք սրտի, չեղավ։ Ես կարծում եմ, որ ուժային ճանապարհով հնարավոր չէ իշխանություն փոխել։ Իշխանական համակարգը ձեւավորվում է կեղծվող ընտրությունների միջոցով, որոնք կեղծվում են մեր իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի համագործակցությամբ»։

Գիմիշյանի կարծիքով նախ պետք է ժողովրդին համախմբել, որպեսզի հնարավոր լինի նորմալ ընտրություն իրականացնել.«Տեսեք խումբը գրավել է այդ կառույցը ու հույսը դրել ժողովրդի վրա, որ ոտքի կանգնի, բայց պետք է ժողովրդին կազմակերպել նոր միայն գնալ այդ քայլին»։

Անդրադառնալով փոխհրաձգության ժամանակ ոստիկանի մահվան փաստին՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ ցավալի է, որ ոստիկան է զոհվել, բայց Մարտի 1-ից հետո, ըստ նրա՝ ոստիկանները պետք է պատրաստ լինեին նման միջադեպի.«2008-ից հետո, երբ ոստիկանները կրակեցին ժողովրդի վրա, պիտի պատրաստ լինեն, որ մի օր ժողովուրդն էլ իրենց վրա է կրակելու։ Իրենք ժողովրդի մի մասն են եւ կոչված են, որ ժողովրդի ու երկրի շահերը պաշտպանեն, ոչ թե անհատների։ Դրա համար իրենք պետք է պատրաստ լինեն։ Ժողովուրդն իրավունք ունի նման ոստիկանության վրա կրակելու։ Մարտի 1-ից հետո Ռուբիկոնն իրենք են անցել, տասը զոհ ենք տվել, մինչեւ այսօր ոչ մեկ պատասխան չի տվել»։

Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվողՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: