Երկիրը, պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Ռազմիկ Պետրոսյան

Jul 20, 2016 Comments Off on Երկիրը, պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Ռազմիկ Պետրոսյան

Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակին, ըստ Ազատամարտիկների դաշինքի համակարգող, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի, պետք է տրվի քաղաքական հանգուցալուծում։ Նրա դիտարկմամբ՝ իշխանություններն են մեղավոր, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ազատամարտիկներն այլ ճանապարհ չեմ տեսնում.«Բոլորս էլ գիտենք, թե այս ամենն ինչից եղավ, ինչպես, բոլորիս ցանկությունն այսօր մեկն է, որ խուսափենք հետագա արյունահեղությունից», ասաց ազատամարտիկը՝ կոչ անելով իշխանություններին չգնալ արյունահեղության։

Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ իշխանությունները պետք է հետեւություններ անեն կատարվածից.«Այս ամենը, անշուշտ, իշխանության վարած քաղաքականության հետեւանքն է միայն։ Մարդիկ այլ ելք չտեսնելով նման ծայրահեղ քայլերի են գնում։ Ես ցավ եմ ապրում, որ մարդիկ արդեն ուժի ճանապարհով են պատկերացնում իրենց խնդիրների լուծումը։ Երկիրն, իսկապես, այնպիսի վիճակում է, հասել ենք մի կետի, որ ազատամարտին իր երեխուն վերցրած ծայրահեղ քայլի է գնում, փաստ է», -ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ Նա չի ընդունում զենքով հարցեր լուծելու ճանապարհը, բայց չի էլ դատապարտում «Սասնա ծռեր» խմբի տղաներին.«Այսօր նորմալ իշխանություն ունենալու, խնդիրները շտկելու բոլոր ճանապարհները փակել են, եւ նման ծայրահեղ քայլերի համար իշխանություններն իրենց մեղքն ունեն»։

Ռազմիկ Պետրոսյանի դիտարկմամբ, եթե իշխանությունը գնա գրոհի, ապա տեղի կունենա անխուսափելին.«Աստված չանի, որ իշխանությունը բռնության գնա, որովհետեւ ի դեմս այդ տղաների, այսօր ամբողջ ազգն է նրանց տեղում»։ Ռազմիկ Պետրոսյանը զարմանում է, որ մինչեւ հիմա առաջին դեմքի մակարդակով որեւէ հայտարարություն չի արվել։ Վերջինիս  կարծիքով՝ խմբի կողմից Արցախի տարածքների չվերադարձնելու պահանջը միջանկյալ պահանջ է.«Հիմնական խնդիրը կարծում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականն է իմ պատկերացմամբ»։

Ազատամարտիկի գնահատմամբ՝ նույնիսկ պետական ծառայողներն են այսօր կողմ իշխանափոխությանը.«Նրանք չեն բարձրաձայնում, բայց հոգու խորքում ցանկանում են, որովհետեւ երկրի հեռանակարը չեն տեսնում։ Այսօր երկիրը, պետականությունը կորցնելու վրանգի առաջ ենք։ Պետք է ազգովին հավաքվենք ու խնդիրին քաղաքական լուծում տրվի»։

Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվողՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: