Տարածքների  վերադարձը Հայաստանում պայթյուն կառաջացնի. քաղաքագետ

Jul 19, 2016 Comments Off on Տարածքների  վերադարձը Հայաստանում պայթյուն կառաջացնի. քաղաքագետ

 

Հարցազրույց մոսկվայաբնակ  քաղաքագետ Կարինե  Գևորգյանի հետ:

 

 Վերջին շրջանում խոսակցություններն ակտիվացել են Լեռնայաին Ղարաբաղի ազատագրված տարածքների վերադարձի շուրջ:  Նշվում է, որ այդ հարցով կա միջնորդների կողմից կայացված համաձայնություն: Դուք դա իրատեսական մոտեցում համարո՞ւմ եք:

Եկեք խնդրին ուղղակի նայենք: Մենք Ձեզ հետ միասին արտաքին որևէ աղբյուրից պաշտոնական նման ինֆորմացիա չունենք: Մենք Ձեզ հետ միասին չենք մասնակցում բանակցություններին, հետևաբար ինչ-որ գուշակություն անել ձեռք բերված պայմանավորվածության մասին ես չեմ կարող: Տարածքների վերադարձը շատ լուրջ խնդիր է՝ դա անգամ տեխնիկապես իրագործել հնարավոր չէ: Իսկ ինչպե՞ս են այդ տարածքները վերադարձնելու: Այնտեղ կան ականապատ դաշտեր, բնակավայրեր, որտեղ մարդիկ են ապրում՝ գուցե ոչ շատ մեծ թվով, բայց ապրում են: Այսինքն՝ այդ մարդկանց պետք է այնտեղից տարհանե՞ն, թե՞ հենց այդպես վերադարձնեն: Նախ՝ դրա համար միջոցներ են պետք, պետք է հարցնել այդ մարդկանց համաձայնությունը: Այսինքն՝ հենց  այնպես վերցնել ու տարածք վերադարձնել հնարավոր չէ: Բացի այդ՝ տարածքների վերադարձը  Հայաստանում պայթյուն կառաջացնի՝ բոլոր իմաստներով: Այն, ինչ կատարվեց նախորդ կիրակի օրը Երևանում /նկատի ունի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները/ դրա վառ ապացույցն են: Հայաստանում դա կբերի պայթյունի՝ ներսից և դրսից, և որևէ իշխանություն դրա դեմը չի կարողանա առնել: Համենայն դեպս, առայժմ Հայաստանի իշխանությունը չի կարողանում նման լուծման գնալ: Հայաստանում տարածքների վերադարձի մասին հայտարարելը, ուղղակի կատաստրոֆիկ կլինի, և կողմերը պետք է այս բանը շատ հստակ հասկանան: 

Դուք կողմեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

Առաջին հերթին՝ խնդրի կարգավորմամբ զբաղվող միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նրանք պետք է հասկանան, որ հայ հասարակությունը նման լուծում ուղղակի չի ընդունի: Այս փուլում, երբ ակտիվացան այդ խոսակցությունները, հանրային վերաբերմունքից դա շատ հստակ երևաց:

Հայ հասարակությունը երբևէ նման լուծման պատրաստ չի լինի: Բայց մյուս կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևը հատկապես վերջերս շատ է խոսում ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին և ընդգծված հայտարարում է, որ ներկա ստատուս քվոն իր համար ընդունելի չէ:  Ստատուս քվոն գոյություն ունի արդեն ավելի քան 22 տարի: Ինչո՞վ է պայմանավորված, որ հատկապես հիմա է Բաքուն շեշտում, որ այն  իր համար անընդունելի է:

Ես դժվարանում եմ ասել, թե ինչ հանգամանքների ազդեցության տակ է Ալիևը խոսում ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին, և ինչ հանգամանքներից ելնելով նա սանձազերծեց ապրիլյան պատերազմը: Թեպետ դեռևս 2016 թվականի հունվարին, դրանից առաջ՝ 2015 թվականի հոկտեմբերին, նկատվում էր, ես համենայն դեպս տեսնում էի, որ նա նախապատրաստվում է պատերազմի: Չեմ բացառում, որ ինչ-որ մեկը նրան դրդում էր պատերազմի: Բայց ինձ համար շատ պարզ է ու հստակ՝ Ղարաբաղում տարածքների վերադարձ լինել չի կարող: Դա խոշոր հանրային պայթյուն կառաջացնի և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և ոչ ոք ոչինչ չի կարողանա անել՝ դրա դեմն առնելու համար:

Վերջին շաբաթվա ընթացքում շատ անհանգիստ էր նաև Թուրքիան, այնտեղ անհաջող ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց: Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիայում քաղաքական իրավիճակն ու այնտեղ ծավալվող իրադարձությունները  ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանի և ղարաբաղյան կոնֆլիկտի վրա:   

Էրդողանի և Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը գնալով մեծանում է՝ նա համարյա ուղղակի հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին:  ԱՄՆ դեպարտամենտը պաշտոնապես հայտարարեց, որ եթե Էրդողանը շարունակի չհիմնավորված մեղադրանքները, ապա իրենք ստիպված կլինեն վերանայել հարաբերությունները: Այս համատեքստում ես կարծում եմ, որ Էրդողանը կշարունակի էլ ավելի ջերմացնել իր հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ և համպատասխանաբար կփորձի մեծացնել իր ազդեցությունը Ալիևի և Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա: Կարծում եմ, որ հիմա Էրդողանին անհրաժեշտ է աշխարհին ու տարածաշրջանին ցույց տալ փոքրիկ հաղթանակ, և այդպիսի հաղթանակ կարող է լինել Ղարաբաղը: Նա անպայման կմեծացնի ճնշումը Ալիևի վրա, որովհետև ադրբեջանական բանակում մեծ թվով թուրք բարձրաստիճան զինվորականներ ու խորհրդատուներ կան: Շատ հետաքրքիր է՝ ադրբեջանական բանակի թուրք պաշտոնյաները ի՞նչ վերաբերմունք ունեն հեղաշրջման կազմակերպիչ Օզթյուրքի մասին և նրանց շարքերում արդյո՞ք Ալիևի կողմից լինելու են զտումներ: Բացի այդ, հաշվի առնելով Էրդողանի և Պուտինի հարաբերությունների սերտացումը, Ալիևն էլ կփորձի ինչ-որ պայմանավորվածություն պոկել Ղարաբաղի հարցով…

 

Հասկանալի է,  որ Ձեր նշած ենթադրյալ պայմանավորվածությունը լինելու է ի վնաս հայկական կողմի…

Ես ուզում եմ հուսալ, որ այս դեպքում Պուտինը կառաջնորդվի ոչ թե հույզերով, այլ իր երկրի՝ Ռուսաստանի շահերով: Նա պիտի հասկանա, որ իր հարաբերությունների այդ աստիճանի ջերմացումը Էրդողանի հետ վնասում է Հայաստանում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը: Եվ Հայաստանում կարող է շատ լուրջ  հարց առաջանալ՝ իսկապե՞ս Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և ինչ է դա նշանակում: Ես իհարկե չգիտեմ՝ Պուտինը ինչ պլաններ ունի, գուցե նա ավելի խելոք ու խորամանկ պլաններ ունի, որ մասին մենք չգիտենք:

 

Հավանաբար Պուտինը առաջնորդվում է այն մտայնությամբ, որ ցանկացած պարագայում Կրեմլը Հայաստանում խնդիր չունի, քանի որ Հայաստանը դատապարտված է Ռուսաստանին դիտարկել միակ ռազմավարական գործընկերը:

Դա անընդունելի թեզիս է: Այդ սուպերվստահությունը, թե Հայաստանը, միևնույնն է, ստիպված է Կրեմլին հավատարիմ լինել, որովհետև առանց Ռուսաստանի կխորտակվի՝ շատ սխալ մտայնություն է: Սա Ռուսաստանի համար վտանգավոր թեզիս է: Ռուսաստանը չպետք է մոռանա, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական սփյուռքը մեծ աջակցություն է ցուցաբերել ԽՍՀՄ-ին, որի իրավահաջորդն է ՌԴ-ն: Իսկ թուրքերի հետ բոլոր տեսակի սերտացումները ավարտվել են պատերազմներով:

Բացի այդ՝ աշխարհը փոխվել է, փոխվել են կոմունիկացիաները, և ես այն կարծիքին չեմ, թե Հայաստանը, բացի Ռուսաստանից, այլ դաշնակիցներ չունի: Մենք չպետք է մոռանանք, որ տարածաշրջանում կա նոր հզոր խաղացող՝ Իրանը, որը շատ վստահելի գործընկեր է:

 Հարցազրույցը՝ Կարինե  Սարիբեկյանի

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: