Իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են պատային իրավիճակում. Կ. Գևորգյան 

Jul 19, 2016 Comments Off on Իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են պատային իրավիճակում. Կ. Գևորգյան 

 Հարցազրույց  քաղաքագետ Կարինե Գևորգյանի հետ:

 Տիկի՛ն Գևորգյան, անցած կիրակի օրը Երևանում տեղի է ունեցել արտասովոր իրադարձություն՝ մի խումբ անձինք գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, կան պատանդներ, վիրավորներ, ցավոք ունենք նաև զոհ: Կատարվածը հավանաբար ունի խորքային քաղաքական պատճառներ, որի մասին դեռևս կլինեն շատ քննարկումներ: Դուք ինչպե՞ս եք բնորոշում կատարվածը:

Ամեն դեպքում, այն, ինչ կատարվում է Երևանում, հատկապես հաշվի առնելով, որ թափվել է նաև արյուն, մարդ է զոհվել, կան վիրավորներ, անթույլատրելի է, որովհետև այդ իրադարձությունները մեծացնում են լարվածությունը հասարակության մեջ: Այն մարդիկ, ովքեր գնացել են նման քայլի, անկախ պատճառներից արկածախնդիրներ են: Ես հասկանում եմ, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, մարդիկ դժգոհ են պետական չինովնիկներից, հասարակության մեջ առկա մի շարք արատներից, սոցիալ-տնտեսական իրավիճակից, որն ի դեպ վատացել է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, բայց ամեն դեպքում այդ մարդկանց արարքը արդարացված չէ: Հիմա փաստորեն Հայաստանում ստեղծվել է պատային իրավիճակ և՛ հասարակության, և՛ իշխանության համար: Մի կողմից իշխանությունը հասկանում է, որ հատուկ գործողությամբ ոստիկանական բաժինը ազատագրելու դեպքում, կարող են նոր զոհեր լինել, որը  կարող է հանրային մեծ դժգոհություն առաջ բերել, մյուս կողմից էլ գրոհայինները չեն ուզում հանձնվել:

Իրավիճակի բարդությունը հասկանալի է, ամեն դեպքում ո՞րը կարող է լինել իշխանության կողմից համարժեք և խելամիտ քայլ:

Պետք է անպայման գտնել երրորդ ուժին, այն ուժին, որը՝ որպես միջնորդ, կարող է կանգնել իշխանության և այդ մարդկանց միջև: Պետք է խոսել այդ մարդկանց հետ, հասկանալ՝ նրանք ինչ են պահանջում իշխանությունից:

Նրանք արդեն հայտարարել են իրենց պահանջների մասին՝ ազատություն Ժիրայր Սեֆիլյանին, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:  

Դրանք իրատեսական պահանջներ չեն, ենթադրենք՝ բաց թողեցին Սեֆիլյանին, հետո՞: Չէ՞ որ երբ այդ խումբը հանձնվի, նրանք կրկին կձերբակալեն Սեֆիլյանին, այդ նույն մարդկանց էլ նրա հետ: Այս դեպքում արդեն իշխանությունը  ստախոսի դերում կհայտնվի: Դրանով փակուղային իրավիճակը ոչ միայն չի վերանա, այլ ավելի կխորանա: Ես կարծում եմ, որ իշխանությունը ոչ մի դեպքում նման քայլի չի գնա:

Այդ դեպքում ո՞րն է ելքը:

Ես կարծում եմ՝ պետք է գտնել հեղինակավոր մարդկանց, ովեքր իշխանությունից  և, այդպես կոչված, ընդդիմադիրներից առանձին են, չեն ասոցացվում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ և հասարակության մեջ վայելում են մեծ հեղինակություն: Սովետական տարիներին Հայաստանը հայտնի էր որպես ինտելեկտուալ մեծ պոտենցյալ ունեցող երկիր, Հայաստանում կային համաշխարհային ճանաչում ունեցող անուններ: Ես կարծում եմ՝ այսօր էլ գուցե ավելի քիչ, բայց Հայաստանում կան նման անուններ՝ և՛ տարեց, և՛ երիտասարդ: Օրինակ՝ Տիգրան Մանսուրյանը, գուցե ինչ-որ երիտասարդ ծրագրավորողներ… Հիմա այնպիսի վիճակ է, որ միայն այս կարգի հեղինակությունները կարող են ազդեցություն ունենալ զարգացումների վրա: Առանց արյուն թափելու՝ հարցի լուծման այլ ելք ես չեմ տեսնում: Պետք է անպայման փորձել այս տարբերակը:

Ընդհանրապես, երբ հեղափոխության գնացողները հասնում են հաջողության, կարողանում են վերցնել իշխանությունը, ինչպես, օրինակ, ժամանակին՝ բոլշևիկները, հասարակությունն ու արտաքին աշխարհը ժամանակի ընթացքում լեգիտամացնում է նրանց, և հեղափոխականները դառնում են հերոսներ, իսկ եթե նրանք չեն հաջողում և պարտվում են, ապա այդ մարդկանց անվանում են խռովարարներ, ապստամբներ, մի խոսքով՝ կարևոր չէ, թե ինչ:

Բայց Հայաստանում այնպիսի իրավիճակ է, երբ կողմերից որևէ մեկը չի կարող հասնել հաղթանակի, եթե արյուն թափվի, որովհետև այդ դեպքում անխուսափելիորեն թուլանալու է և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը, և՛ պետությունը:

 

Հարցազրույցը՝  Կարինե Սարիբեկյանի

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: