«Համազգային ողբերգություն».Գուրգեն Եղիազարյան

Jul 19, 2016 Comments Off on «Համազգային ողբերգություն».Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ զրուցեցինք Երևանում տեղի ունեցող զինված իրադարձությունների մասին, որի ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը վիրավորվել են։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, պատանդ վերցրել ոստիկանության բարձրաստիճան և այլ աշխատակիցների: Գ. Եղիազարյանի խոսքով՝ իշխանությունը լրջագույնս պետք է դասեր քաղի կատարվածից։

-Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով որոնք են այս ամենը ծնող պատճառները։

-Առաջին հիմնական պատճառը, բնականաբար, վերջին ժամանակները թեւածող լուրերն են հողերի՝ Արցախի շրջանների հանձնման վերաբերյալ, երկրորդ պատճառը հանրապետությունում տիրող անարդարությունն է, երրորդը՝ չափից ավելի գաղջ մթնոլորտն ու արտագաղթը։ Այս պատճառներն ի վերջո ծնեցին ահաբեկչություն։Երբ որ մարդիկ հույսները կորցնում են օրինական ճանապարհով ինչ որ բաների հասնելու, գնում են նման քայլերի, եթե հանրագումարի բերենք այս ամենը կարելի է բնութագրել որպես համազգային ողբերգություն։ Մի կողմից՝ արդեն իսկ զոհված գնդապետ, մյուս կողմից, եթե ոչ մի բան հաշվի չառնենք , մահվան վտանգի առջեւ կանգնած հայր եւ որդի՚։

-Ի՞նչ լուծումների պետք է գնալ, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը ողբերգական չլինի։

-Իրավիճակի ելքը չեմ պատկերացնում այնպես, ինչպես իշխանությունները։ Իհարկե, կարելի է գրոհել,չէ՞ որ կան զրահամեքենաներ. Մարդիկ էլ մսից ու արյունից են, կարելի է ամեն ինչ հավասարեցնել հողին, բայց դա Հայաստանը կտանի մեկ այլ ծայրահեղության գիրկը, ինչի իրավունքը մենք չունենք, գիտենք, որ մեր արտաքին քաղաքականությունը վերջնականապես տանուլ է տված, երկիրը որպես այդպիսին գոյություն չունի, զորօրինակ այս դեպքը, այս անգամ պետք է շրջահայաց լինենք ու չառաջնորդվենք ոգեւորող լոզունգներով, որ մարդասպանները եւ այլն, եւ այլն, այլ իշխանությունները լրջագույնս պետք է մտահոգվեն։

-Չեք կարծու՞մ, որ մտահոգվելու առիթ ունենք բոլորս, դասեր պետք է քաղի նաեւ ընդդիմությունը, մարդիկ հիասթափվել են բոլորից, ոչ մեկի հետ հույս չեն կապում։

-Միշտ հեշտ է ընդդիմությանը մեղադրելը, բայց չէ՞ որ այդ ամեն ինչը ծնվեց տոտալ անտարբերության պայմաններում, եւ հիմա չնայած չորսօրյա պատերազմից հետո լսեցինք, որ պետք է ամեն ինչ վերափոխվի, այդուհանդերձ ոչինչ վերափոխված չէ, եթե այսպես շարունակվի, շատ ավելի վատ բաներ են լինելու։

Իհարկե, իշխանությունը պետք է լրջագույնս դասեր քաղի, այլ ոչ այնպես ձեւական, ինչպես պատերազմից հետո, որովհետեւ «ամուր ձեռքը» իրեն սպառել է, ապահով Հայաստանի մասին կոչերը դարձել են լոզունգ, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք պետք է պարզ նայենք ապագային եւ դասեր քաղենք, հանգուցալուծումն էլ պետք է արյունոտ չլինի,որովհետեւ այդ արյունը մեկ մարդու վրա է մնալու, ես չգիտեմ՝ այնտեղ ով կկրակի, բայց ինչպես Մարտի 1-ին, այդ արյունը մնալու է մեկ մարդու վրա, նա էլ պետք է պատասխանատվություն վերցնի, այո, հնարավոր է մինչեւ վերջ սվինների վրա մնալ, բայց ոչ երկար, ինչպես ողջ պատմական ընթացքում ոչ մեկին չի հաջողվել։

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: