Ի՞նչ են լսել ու տեսել բնակիչները

Jul 17, 2016 Comments Off on Ի՞նչ են լսել ու տեսել բնակիչները

 

Hayeli.am-ը փորձեց կապ հաստատել Էրեբունի վարչական շրջանի մի քանի բնակիչների հետ՝ տեղեկանալու, թե նրանք ինչ են լսել, տեսել ու զգացել նախորդ գիշեր:

Մեր զրուցակիցներից Լուիզան նշեց, որ ինքը համարյա ողջ գիշեր անքուն է եղել, բայց չի զգացել, թե իրենց թաղամասում ինչ է կատարվում. <<Քունս մի տեսակ չէր տանում, մի տեսակ անհանգիստ էի, համարյա ողջ գիշեր չեմ քնել, պլանշետով խաղ խաղացի, ֆիլմ էի նայում, բայց կրակոցներ չեմ լսել: Հեռվից ինչ-որ մի պահ ձայներ լսեցի, ինձ մի պահ թվաց, որ կրակոցներ են: Մտածեցի՝ ոստիկանությունում ինչ-որ  պարապմունքներ են, ամեն դեպքում չպատկերացրի, թե ինչ կարող է կատարված լինել: Լուսադեմին քնել եմ ու ոչ մի բանից տեղյակ չէի: Առավոտյան արդեն  հարազատներս՝ քույրերս, զանգեցին, հարցնում էին՝ ոնց ենք. իրենցից եմ իմացել, որ  հարձակում է եղել ոստիկանության շենքի վրա>>,- պատմեց մեր զրուցակիցը:

Նրա մյուս հարևանը՝ տիկին Անահիտը, ևս մինչև առավոտ՝ ժամը մոտավորապես 12-ը, տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել: Նրան նույնպես հարազատներն էին զանգել. <<Ճիշտն ասած, ես քնած եմ եղել, լուսադեմին ինչ-որ ձայներ լսեցի: Պայթյուն չեմ լսել, բայց կրակոց լսել եմ, գոռգոռոցների ձայներ էլ եմ լսել, բայց նման բաներ ոստիկանության կողմերը հաճախ ա լինում, ես մտածեցի՝ երևի իրենց մոտից են ձայները գալիս: Հետո նորից քնել եմ, ուրիշ բան չեմ զգացել>>,- պատմեց մեր զրուցակիցը:

Մենք կապ հաստատեցինք նաև Խորենացի փողոցում գտնվող՝ կամրջի հարևանությամբ գտնվող տներից մեկի բնակիչների հետ, նրանք ևս նշեցին, որ իրենք գիշերը ձայներ չեն լսել, առավոտյան արթնացել տեսել են, որ իրենց փողոցում տան դիմաց լիքը ոստիկաններ կան ու իրենց թույլ իչեն տալիս տնից դուրս գալ. <<Մայրս ոստիկաններին սուրճ ու ջուր տվեց, մենք բան չենք լսել, չնայած որ մեր տունը մոտ է ոստիկանությանը: Երևի շատ խորն եք քնած եղել>>,-  պատմեց քաղաքացին:

Ոստիկանության հարակից շենքից մեկի բնակչուհին էլ պատմեց, որ ինքը առավոտյան՝ ժամը 5:30-ի կողմերը, լսել է 5-6 պայթյուն, կրակոցների ձայներ. <<Լուսամուտը բաց էր, էդ ձայները, որ լսեցի, շատ ահավոր էր, քնից վեր թռա: Մի 5-6 հատ պայթյունի ձայն լսեցի, հետո կրակոցներ էին լսվում, շատ ահավոր էր, մենք շատ էինք վախեցել: Բոլորս մի պահ դուրս եկանք տնից, բայց հետո չհասկացանք, թե ինչ է կատարվում, վերադարձանք տուն: Բայց ամբողջ գիշեր չենք քնել, անընդհատ դուրս էին նայում, որովհետև անընդհատ լսվում էին ոստիկանության մեքենաների ձայները: Շատ ահավոր գիշեր էր: Հիմա մեզ թույլ չեն տալիս տնից դուրս գալ>>,- պատմեց բնակիչներից մեկը:

Հավելենք, որ Երևանում՝ ոստիկանության պետական պահպանության գնդի ուղղությամբ, բոլոր ճանապարհները փակ են։ Իրավապահները տարհանում են մոտակայքում գտնվող շենքերի բնակիչներին։

Ինչպես արդեն հաղորդվել է, մի խումբ զինված անձինք ներխուժել են ոստիկանության պետական պահպանության գունդ և պատանդ վերցրել այնտեղ գտնվողներին։ Պատանդների թվում են փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը, որոնք թերևս հարձակման ահազանգն ստանալուց հետո  գնացել են դեպքի վայր և պատանդ վերցվել:

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ բանակցություններ են ընթանում զինված անձանց հետ՝ խաղաղ հանձնվելու համար։

Դեպքի վայրում են ոստիկանության և ներքին զորքերի մեծ թվով ուժեր, ծանր զրահատեխնիկա:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: