Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին

Jul 15, 2016 Comments Off on Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 27-ամյա Սևակ Մարգարյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 34 QԼ 494 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի ուղղութամբ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 40-ամյա Հարություն Սարգսյանի վարած Toyota Pradօ մակնիշի 61 QQ 016 համարանւշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ս. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ: Փրկարարները, ոստիկանները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել վթարի հետևանքով կողաշրջված BMW-ն, որից հետո քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Դավիթ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշված հատվածում խցանումներ տեղի չունենալու համար ՃՈ աշխատակիցները ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ հերթապահ խմբի աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են կատարում, ինչի շնորհիվ էլ վթարներ տեղի չունեցան, քանի որ գաղտնիք չէ, որ մեր հետաքրքրասեր վայ-վարորդները սիրում են՝ կանգնեն անգամ մեքենան վարելիս ու նայեն նման վթարներին, ինչը որոշ դեպքերում ավարտվել է վթարով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toypta Prado-ի վարորդը Սևանա լճի ափին գտնվող կառույցի վրա նկարահանվելիս է եղել, երբ BMW-ն բախվել է իր մեքենային և առաջինը BMW-ի վիրավոր վարորդին հենց Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներն են օգնության հասել, սակայն Prado-ի վարորդն էլ պնդում էր, որ ինքը կանգնած է եղել, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Իսկ BMW-ի համար դեպքի վայր ժամանած մարդիկ էլ ասում էին, թե վթարի պատճառը եղել է ճանապարհի մարդաբոյ փոսը:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: