Արտակարգ ու լարված իրավիճակ Արագած գյուղում. տարերքից տուժած գյուղացիների հույսը կառավարությունն է

Jul 11, 2016 Comments Off on Արտակարգ ու լարված իրավիճակ Արագած գյուղում. տարերքից տուժած գյուղացիների հույսը կառավարությունն է

Այսօր՝ հուլիսի 11-ին, վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արագած գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 10-ին, ուժեղ կարկուտի ու քամու հետևանքով գյուղի գրեթե 80 % ջերմոցները, ցանքատարածությունները, անգամ տների տանիքներ ավիրվել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Հիրավի, ճիշտ է, երբ ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում. 15 րոպեում կարկուտն ու քամին իրենց սև գործն արեցին՝ վնասելով գյուղի ողջ բնակչությանը, քանի որ ապրուստի միակ միջոցը ցանքատարածությունները, ջերմոցներն էին: Պոմիդորի, կաղամբի, լոբու, եգիպտացորենի, ցորենի, խաղողի բոլոր ցանքատարածություններն ավիրվել են 100%: Մարդիկ բանկերից վարկեր են վերցրել և այդ գումարը ներ էին դրել այդ աշխատանքներում, սակայն բնությունը իր սև գործն արեց: Ճիշտն ասած՝ հույս էլ չունենք, թե մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի, իսկ մեր միակ հույսը կառավարությունն է, բայց վստահ չենք, որ այնտեղից էլ օգնության ձեռք կմեկնեն մեզ: Առավոտյան գյուղնախարարն ու մարզպետը էկան գյուղ, պռատակոլնի, մի էրկու հատ սատկած արագիլների ֆոնին սելֆի արեցին ու գնացին: Փորձեցինք մոտենալ, պատասխանեցին, թե՝ գնում ենք Մայիսյան գյուղ: Հուսով ենք, որ քաղաքակիրթ ձևի գոնե այս անգամ կառավարությունը օգնի մեզ, հակառակ դեպքում ի նշան բողոքի՝ ստիպված փակելու ենք Արմավիր-Երևան ճանապարհը: Բայց հասկանում ենք, որ 1 օրում հնարավոր չէ փոխհատուցում կատարեն, դրա համար մի քանի օր կսպասենք»: Գյուղացիները նաև պնդում ու պահանջում են պատկան մարմիններից, որպեսզի պարտադրեն բանկերին՝ գոնե բարի կամք դրսևորեն և 1 տարով սառեցնեն և հայտնի ֆիլմի Բազա Արտեմի նման կրկնակի տոկոսի տակ չգցեն. «Թե չէ, ստացվում ա՝ մարզպետարանը Արութին Զիմզիմովի նման խափում ին»:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: