Համապատասխան մարդկանցով պետք է ԱԱԾ-ն զբաղվի.Անժելա Թովմասյան

Jun 23, 2016 Comments Off on Համապատասխան մարդկանցով պետք է ԱԱԾ-ն զբաղվի.Անժելա Թովմասյան

Հայցազրույց «Հայելի» ակումբի նախագահ «Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակ-վարող Անժելա Թովմասյանի հետ

– Վերջին ամիսներին շրջանառվող հիմնական թեմաներից մեկը պատերազմական իրադարձությունների ժամանակ մամուլի դերի, ռազմական գործողություններին նրա վերաբերմունքի թեման է եւ այդ կոնտեքստում նաեւ նրա հասցեին հնչող քննադատությունը։ Անժելա, եկեք խոսենք այս մասին:

– Եկեք վերհիշենք ապրիլյան դեպքերը: Հենց այդ օրերին մենք՝ լրատվամիջոցների մոտ 30 ներկայացուցիչներով, գտնվում էինք Արցախում: Առավոտյան գույժ ստացանք, որ շփման գոտում մարտական գործողություններ են սկսվել: Նախատեսված էր հանդիպում ԼՂՀ նախագահի հետ: Եվ իրատեսական չէր, որ այն կկայանա, սակայն մենք հանդիպեցինք Բակո Սահակյանին: Շփման գոտուց հակասական տեղեկատվություններ էին տարածվում: ԼՂՀ նախագահն իրեն բնորոշ զսպվածությամբ ներկայացրեց ստեղծված իրավիճակը եւ, ելնելով ծավալվող իրադարձությունների լրջությունից ու կարեւորությունից, խնդրեց, որ զրույցը հրապարակման ենթակա չէ: Եվ որեւէ լրատվամիջոց փորձ չարեց խախտել այդ պայմանը: Մեր գործընկերները՝ խմբագիրներ, լրագրողներ, ցանկություն հայտնեցին մեկնել թեժ առաջնագիծ: Մեզ ասացին, որ ստեղծված դրությունը վտանգավոր է, եւ նպատակահարմար չէ սահման գնալը: Սակայն, ինչպես հայտնի է, 2 օր անց որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ մեկնեցին առաջնագիծ, 1 ամսից ավելի մնացին այնտեղ, եւ չեմ կարծում, թե որեւէ մեկը պրոֆեսիոնալ իմաստով էթիկական սահմանազանցում արեց։ Գուցե վրիպակներ եղան, որը բնական է, բայց դրանք որոշիչ չէին: Այդ ծանր օրերին բոլորս մեկ մարմին էինք դարձել, մի ուղղությամբ էինք աշխատում: Եղան նաեւ պատկան մարմինների կողմից որոշ խնդրանքներ, որոնք անմիջապես ընդառաջել եմ ու վստահ եմ, որ իմ գործընկերները նույնկերպ են վարվել: Մենք գիտակցում ենք, որ բանակի թեման նուրբ թեմա է, եւ միշտ են մեզ հորդորել աչալուրջ լինել:

– Ինչ խոսք, այդ հորդորն իրատեսությունից է բխում, սակայն կարող է նաեւ կոծկել որոշակի լուրջ թերություններ եւ նույնիսկ մեծ բացթողումները, որոնց մասին լրատվամիջոցը պարտավոր է խոսել եւ, իհարկե, տեղին քննադատության ենթարկել, որը միտված կլինի նույն բացթողումների ապաքինմանը եւ ապագայում բացասմանը: 

– Դուք ճիշտ եք՝ եթե հիվանդությունը չմատնանշեն լրատվամիջոցները, ապա դա կանի եւ անում է թշնամին: Սրա մեջ նողկալի քաղքենիություն կա, եւ այս պատերազմը շատ բաներ ջրի երես հանեց: Թվում է՝ ի՞նչ է պատահել` տենդերները, համապատասխան մարդիկ միլիոններ են շահում, բանակից ազատվում են հարուստների զավակները, անորակ սնունդ են տալիս զինվորին… Սրա մասին լռել, չբարձրաձայնել՝ նշանակում է կործանել պետականության, նրա ներկայի ու ապագայի հիմնասյուները: Ցավոք, այս միջադեպը մեզ առերեսեց ողբերգական իրականության հետ: Եվ տեսանք, թե ինչպիսի ավարտ ունեցավ՝ հասկացանք, որ մեր անվտանգության, պաշտպանվածության զգացումները պատրանք էին: Հաջորդիվ հարուցվեցին քրեական գործեր, եղան ձերբակալություններ: Եթե նախկինում լրատվամիջոցները սրա մասին խոսեին, իհարկե, այն ընկալվելու էր որպես ապազգային, թշնամու ջրաղացին ջուր լցնելու քայլ: Ինչ է, պիտի իրականության հետ առճակատվեի՞ն, որպեսզի հասկանային բացթողումների վտանգավորությունը: Հիմա, կարծում եմ, ամեն ինչ ակնհայտ է:

– Սա, կարծում եք, միայն բանակի հե՞տ է կապված, թե՞, առհասարակ, բոլոր այն «վտանգավոր» թեմաների, որոնց մասին խոսելուց հետո կա փորձ՝ ճնշելու, սահմանափակելու լրատվամիջոցների գործունեությունը:

– Վերեւում խոսեցի՝ այդ օրերին համապատասխան կառույցներից զանգում էին եւ խնդրում զգուշություն ցուցաբերել: Մենք էլ ընդառաջում էինք՝ հասկանալով, որ սա բոլորիս հարցն է: Վերջին տարիներին հատկապես շատ է խոսվել այն մասին, որ խոսքի ազատությունը Հայաստանում լավ վիճակում է, որ հարեւան երկրների հետ համեմատության եզր չկա, մամուլը քիչ թե շատ կայացած է, սակայն ինչ-որ պահի հասկանում ես, որ ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ: Եթե մենք պատրաստ ենք վճռական պահերին գիտակցել պետութան շահը, պետությունն էլ պիտի համապատասխան վերաբերմունք դրսեւորի մամուլի նկատմամբ: Երկրում այնպիսի մթնոլորտ ձեւավորվի, որպեսզի մամուլի համար աշխատելը հեշտ լինի, որ վերջիվերջո հասկանան՝ լրագրողն իրավունք ունի քննադատել, ցուցանել բացթողումները, պաշտոնյային քննադատել եւ անգամ չափազանցնել, սադրել, սխալվել։ Եթե ինչ-որ մեկին դուր չեն գալիս մեր հրապարակումները, կան համապատասխան արձագանքման եղանակներ, այդ թվում՝ իրավական պատասխանատվության ձեւեր։ Բայց մեզանում հաճախ լրագրողը, խմբագիրը դառնում են խաժամուժի թիրախ, անօրինական եւ անբարո հարվածների տիրույթում են հայտնվում: Եվ դրա դեմ պայքարելն իշխանության, պետության պարտականությունն է: Երկրում այնպիսի մթնոլորտ պետք է ձեւավորվի, որ մամուլի ներկայացուցիչն իրեն իսկապես ապահով, անվտանգ ու պաշտպանված զգա:

– Այնուամենայնիվ, կա՞ որոշակի անպաշտպանվածության զգացողություն, թե՞ իրական ճնշումները հատկապես հոգեբանական համատեքստում են:

– Այո, ոմանք սեւ մոգություններ, աղոթքներ, սատանայական ծեսեր են անում. սա հոգեբանական ճնշման ոլորտից է: Իրականում ճնշումները հենց այն պաշտոնյաների կողմից են, որոնք պարտավոր են պաշտպանել հասարակական անդորրն ու լրագրողների անվտանգությունը։ Երբեմն սա տեղափոխվում է սպառնալիքների, տեռորի, շանտաժի, ֆինանսական ճնշումների դաշտ: Գործի է անցնում, այսպես ասած, խունտան՝ ոհմակը: Ասենք՝ կա պաշտոնյա, որն իրեն օրենքից բարձր է դասում եւ կարծում է, որ ոչ միայն իր, այլեւ իր թիկնապահի, պահակի, քարտուղարուհու մասին ոչինչ չպետք է գրվի: Ուշագրավ վիճակ է ստեղծվել մեր երկրում՝ կարելի է քննադատել նախագահին, վարչապետին, բայց, օրինակ, տվյալ պաշտոնյային՝ ոչ: Պաշտոնյաներ կան, որոնց անդրադառնալը շատ ավելի «վտանգավոր» է, քան երկրի առաջին դեմքերին ուղղված քննադատությունը: Նման պաշտոնյաներն իրենց երկրի նախագահից, վարչապետից, մյուսներից մի գլուխ բարձր են դասում։ Իսկ ճնշումների «ամենահարմարավետ» տարածքը դարձել են սոցիալական ցանցերը։

– Այնպիսի տարածություններ (սոցիալական կայք, բլոգ եւ այլն), որոնք ապօրինություններն ինչ-որ առումով լեգիտիմացնում են, օրենքից դուրս մթնոլորտ ստեղծում:

– Այո, այդ տարածքներում իրենց թվում է, թե ամենակարող են, կարող են հոգեբանական գրոհներ կազմակերպել, տեռոր անել, օգտագործել ցենզուրայից դուրս բառապաշար: Բայց փոքր աշխարհ է, եւ, ինչպես ասում են, շատ արագ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, հատկապես, որ դրանք նույն ձեռագրով են արվում, մեկ՝ բացահայտ հաղորդագրություն են ուղարկում, մեկ՝ ֆեյքերի միջոցով են անում: Լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու ինչ-ինչ ձեւեր գտնում են: Սակայն աշխարհը փոխվել է, եւ եթե հիմա պաշտոնյային թվում է, թե ինքը պաշտպանված է, իսկ քաղաքացին՝ ոչ, պարզապես միամտություն է: Ի վերջո, պաշտպանված մարդը նման ճղճիմ մեթոդների չէր դիմի: Մոռանում են, որ այս ամենը ոչ միայն մենք ենք հասկանում, այլեւ դրան հետեւում է իրենց վերադասը, միջազգային կառույցները, դեսպանները:

– Կարծեմ՝ այդ ամենի մասին ճնշման լծակներ կիրառողները քաջատեղյակ են…

– Այո, եւ կարծում եմ՝ հենց իրենց հրահանգով է ամեն ինչ արվում: Արամ Աբրահամյանը հետաքրքիր բան է ասել՝ կապված հին զուգարանների հետ, որոնց պատերին մարդիկ հայհոյանքներ էին խզմզում: Հիմա այդ զուգարանների դերը խաղում է Ֆեյսբուքը, այնտեղ՝ անպատժելիության եւ անանունության պայմաններում, հայհոյանքներ են դաջում: Կարծեմ՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն ունեն համապատասխան վարչություն, որն զբաղվում է ֆեյքերին բացահայտելու, նրանց պատժելու, հասցրած վիրավորանքների ու զրպարտանքների համար միջոցներ ձեռնարկելու գործով: Բայց տպավորություն է, թե նման օրինախախտները բացահայտվում են այն ժամանակ, երբ իրենց պետք է: Օրինակ՝ վերջերս ոստիկանապետի մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջում, իր գրառումներից մեկի տակ նկատեցի ամենավերջին, այլանդակ հայհոյանքներ: Մոտ 16-17 ժամ այդ հայհոյանքները մնացել են խոսնակի պաշտոնական էջում: Ենթադրենք, թե այդ հայհոյանքների հետ խոսնակը կապ չունի, ինձ հետաքրքիր է՝ եթե այդ հայհոյանքներն ուղղված լինեին իրեն կամ իր վերադասին, իր մերձավորներին, քանի՞ րոպե կմնային: Հիմա ի՞նչ՝ իրականում դա անփութության, չնկատելո՞ւ հետեւանք է, թե՞ որոշակի դիտավորություն կա: Կուզեի, որ ԱԱԾ-ն ի գիտություն ընդունի սա եւ հետամուտ լինի սրան, պարզաբանի ու պատժի։

– Եվ ինչպե՞ս եք տեսնում ապագան, կլինի՞ առաջընթաց…

– Մենք ապրիլյան ծանր օրեր ապրեցինք, պատերազմը բոլորիս տուն էր մտել, ու հիմա մտածում եմ՝ արժի՞ այսօր այս հարցերի շուրջ խոսել, բայց նաեւ կարծում եմ, որ այս ոչ մեծ թվացող խնդիրները մի տեղ են հավաքված, եւ առաջին հայացքից փոքր թվացող խնդիրը կազմաքանդում է դիմադրելու մեր ունակությունը: Մենք տեսանք, թե ինչպես մեր բանակը պայքարեց, մենք էլ մեր «խրամատներում» ենք պայքարում, եւ մեր պայքարի համառությունից էլ շատ բան է կախված: Ուրեմն ճիշտ կլինի, որ մարդիկ վերանայեն իրենց մոտեցումները, հանգիստ մնան իրենց տեղերում, հակառակ դեպքում պատասխանը կարող է շատ ծանր նստել իրենց վրա: Վերջապես՝ երկրի աշխատավորն է մրցունակ, մտածող, կիրթ մարդն է մրցունակ. սա է քաղաքակրթության մեջ լինելու միակ ճշմարիտ ճանապարհը: Չինովնիկական հնացած ձեւերը, ազատ խոսքը սահմանափակելու բռնապետական մեթոդներն իրենց սպառել են։

hraparak.am

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: