Ինչ է ասելու Մերկելն Ալիևի ականջին` ԼՂ-ի հարցով

Jun 06, 2016 Comments Off on Ինչ է ասելու Մերկելն Ալիևի ականջին` ԼՂ-ի հարցով

Բունդեսթագով` դեպի Ղարաբաղյան խնդիր

Չեն մարում կրքերը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում…

Մինչ Անկարայից ու Բաքվից հնչում են Գերմանիային դատապարտող հայտարարություններ` այս ֆոնին ուշագրավ տեղեկություն ստացվեց:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով է մեկնելու է Գերմանիա: Հունիսի 7-ին նախատեսված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ալիևի բանակցությունները, գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը: Ըստ գերմանական NewsKitchen պարբերականի` պաշտոնյան հայտնել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

Գերմանիան` ԵԱՀԿ-ն նախագահող երկիր է, այս երկրի հետաքրքրությունն առավել մեծացել է Ղարաբաղյան կարգավորման խնդրում: Մյուս կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ` Գերմանիան Թուրքիային իր հստակ ուղերձը հղեց` առերեսվել սեփական պատմության հետ և առաջ անցնել` հաշտվելով հայերի հետ…

Ղարաբաղյան հարցում  Գերմանիան որոշակի ճնշում կարող է գործադրել նաև Ադրբեջանի ուղղությամբ` ռազմական լուծումը խստորեն բացառելու և բանակցությունների սեղանին վերադառնալու պահանջով:

Թերևս, հենց սա էլ Ալիևի ականջին ասելու է Մերկելը:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը` բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հունիսին` նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Միջնորդ երկրները և ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան, ըստ երևույթին, կոնկրետ անցել է գործի: Հունիսին Սարգսյան-Ալիև ևս մեկ հանդիպում կազմակերպելով` շահագրգիռ երկրները ղարաբաղյան հակամարտության սրումը ամեն գնով խափանելու ծրագիր են իրենց առջև դրել ու առաջ են ընթանում:

«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին». Թուրք-ադրբեջանական միասնություն

«Թուրք-ադրբեջանական եղբայրությունը» շարունակում է «փայլել» նոր գույներով…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսում դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: «Դա անարդար է, երկակի ստանդարտների ցուցաբերում, պատմության խեղաթյուրում: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է: Այդ հարցն ունի քաղաքական կողմ: Նրանք, հավանաբար, ցանկանում են Թուրքիային ինչ-որ բան հարկադրել, ազդել նրա անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը միայն պատրվակ է, որը մեծ երկրների ձեռքում վերածվել է գործիքի: Ադրբեջանը բախվել է նման իրավիճակի: Նախորդ տարվա հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանն Ադրբեջանի դեմ ընդունեց անարդար, կեղծիքի վրա հենված բանաձև, ըստ որի՝ Ադրբեջանն իբր խախտում է մարդու իրավունքները: Դա ճիշտ չէ: Ադրբեջանում զարգանում է ժողովրդավարությունը»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան ԼՂ հարցում Ադրբեջանի կողքին է: Ալիևը կողմ է արտահայտվել ստատուս քվոյի փոփոխմանը՝ հավելելով, որ իրենք փորձում են այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով:

«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում», հայտարարել է մեկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա ասել է, թե եկել է ժամանակը կանգնեցնելու Հայաստանին, որը «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մե՛կ հավաքվում, մե՛կ ցրվում է: Խոսքերի ժամանակն անցել է, պետք է գործի անցնել: Մեկ րոպեում որոշում կայացնողները, երբ գործը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, հակառակն են անում: Երբ Ադրբեջանի տարածքները ազատագրվեն, այն ժամանակ էլ կլուծվի այդ հակամարտությունը: Ժամանակն է՝ աշխարհը մոռանա երկակի ստանդարտների մասին», -ասել է Յըլդըրըմը:

Յըլդըրըմը Բաքու մեկնելուց առաջ տված ասուլիսում կրկին քննադատել է Բունդեսթագի որոշումը` հայտարարելով, որ այն ընդունվել է հայկական լոբբիի ազդեցությամբ: «1915թ. դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանում ընդունված որոշումը մեր բարեկամ և դաշնակից երկրի խորհրդարանի պատմական սխալն է», – հայտարարել է Յըլդըրըմը` ընդգծելով, որ բանաձևը ոչ մի նշանակություն չունի և թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի այն: Նա նշել է, որ առաջիկա օրերին կհստակեցվեն ձեռնարկվելիք հետագա քայլերը: «Թուրքիան, անկասկած, անհրաժեշտ վերաբերմունք կցուցաբերի: Նախ և առաջ, պետք է նշել, որ այս որոշումը վնասել է թուրք-գերմանական հարաբերությունները», – ասել է Թուրքիայի վարչապետը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: