Պահի որոշման վճռական երեք գործոնները

Jun 06, 2016 Comments Off on Պահի որոշման վճռական երեք գործոնները

Գերմանիայի խորհրդարանն ընդունեց հայերի ցեղասպանության մասին բանաձեւը: Գեմանիան Եվրոպայի առաջատարն է, Մեծ Յոթնյակի անդամ, ներկայում հանդիսանում է աշխարհքաղաքական կարեւոր դերակատարներից մեկը: Քաղաքական առումով որքան մեծ է Բունդեսթագի ընդունած բանաձեւի նշանակությունը՝ նկատի ունենալով, որ Գերմանիան այդ դեպքերի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր, ինչ հետեւանքներ կունենա ճանաչումը տարածաշրջանային զարգացումների վրա, զրուցեցինք Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:Հիշեցնենք, որ Սաֆարյանը այն եզակիներից մեկն էր, ով դեռ շաբաթներ առաջ էր կանխատեսել, որ ընդունվելու է այդ բանաձեւը այն պարագայում, երբ մեծամասնությունը անհավանական էր դա համարում:

Պարոն Սաֆարյան, Գոերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձեւի վերաբերյալ հիացական կարծիքներից բացի մտահոգություններ են հնչում, որ այն իր ազդեցությունը կունենա տարածաշրջանում ի վնաս Հայաստանի: Ի՞նչ զարգացումներ են սպասվում եւ ինչ հետեւանք կարող է ունենալ բանաձեւի ընդունումը:

-Մինչեւ այդ բանաձեւի ընդունումն էլ տարածաշրջանում վտանգը սրվել է, այնպես որ բանաձեւի ընդունման փաստից շատ մտահոգվել պետք չէ, իրավիճակը սրվել է ապրիլյան պատերազմից դեռ առաջ, ընթացքում եւ հետո, ակնհայտ է, որ Թուրքիան դրդեց Ադրբեջանին Արցախի վրա հարձակման, հետեւաբար այնպես չէ, որ Բունդեսթագի բանաձեւը մեր ռիսկերն ավելացրեց: Իհարկե, այն ավելի ավելացրեց Թուրքիայի զայրույթը հայերի ու Հայաստանի դեմ, բայց հանուն արդարության պետք է խոստովանենք, որ մյուս կողմից էլ այն  զսպող դերակատարում ունի, որովհետեւ Թուրքիան բացահայտ մեղադրվում է էթնիկական, կրոնական եւ այլ հողի վրա ցեղասպան քաղաքականություն իրականացնելու մեջ:  Իսկ բանաձեւն ինքնին  աննախադեպ էր իր բովանդակությամբ, իհարկե, մենք կարող ենք որոշակի առարկություններ հայտնել , ավելին փափագել, ավելին սպասել, բայց սա աննախադեպ է՝ նկատի ունենալով, որ Գերմանիայի բոլոր կուսակցությունները՝ ընդդիմադիր ու իշխանամետ, ամագրել են Հայաստանի համար  հայկական ու թուրքական քաղաքականության ուղղությունները, որոնք չափազանց կարեւոր են: Աննախադեպ էր նաեւ մի քանի միլիոնանոց թուրքական համայնք ունեցող երկրում եւ անգամ ծագումով թուրք պատգամավորները կողմ քվեարկեցին այս բանաձեւին: Այն ոչ միայն Հայոց  ցեղասպանության մեջ Կայսերական Գերմանիայի մասնակցության ճանաչումն է եւ ներողության հայցում, խոնարհում անմեղ զոհերի առջեւ, այլեւ լուրջ ճնշում  է Թուրքիայի վրա, նկատի ունենալով այն, որ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն է, որի քայլերն այս ուղղությամբ երեք հիմնական մասի պետք է բաժանել: Նախ Գերմանիան, իսկապես, խիզախ պետություն է, որովհետեւ Հոլոքոստ է ճանաչել եւ անկեղծ ասած ինձ համար միանգամայն սպասելի էր այս ճանաչումը գուցե ոչ այս ժամանակաշրջանում, բայց մոտ հեռանկարում: Ինքս առաջին անգամ լսելով Գերմանիայի նախագահ Գաուկի ելույթը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ուղղակի հիացա  այդ պետության քաղաքականության մեջ խղճի եւ համարձակության դրսեւորումից, հասկացա, որ Գերմանիան փոխվել է եւ եթե ինքն իր հետ կապված զազրելի ոճիրը ճանաչել է, ապա նրան շատ քիչ բան կկաշկանդի Թուրքիայի գործած Ցեղասպանությունը ճանաչելու համար:

Իհարկե, պահի որոշման մեջ վճռական նշանակություն ունեցավ Թուրքիայի վարած քաղաքականությունը, որը հատեց Գերմանիայի համբերությունը, վերհիշենք Դավութօղլուի հրաժարականը վարչապետի պաշտոնից, թե նախագահի կուսակցության պաշտոնից եւ արեմտյան մամուլը՝ գերմանական, անգլիական, հատուկ շեշտում էին, որ Էրդողանը դրանով հետ է կանգնում միգրանտների հարցով Եվրամիության հետ կնքած իր պայմանավորվածություններից, իսկ այդ գործարքի <<կնքահայրը>> Գերմանիան էր , դրանք հիշատակում էին, որ Դավութօղլուն այն պաշտոնյան էր, որը այդ համաձայնությունները կայացրեց, հետեւաբար Էրդողանի քայլը հետքայլ էին համարում պարտավորւթյուններից, ի վերջո, թուրքական շանտաժից հոգնած պահը հասունացավ այժմ: Նաեւ պետք է խոստովանել, որ Գերմանիան գլոբալ հարցերում, անվտանգության խնդիրներում լուրջ դերակատար լինելու եւ պատասխանատվություն վերցնելու հայտ է ներկայացրել: Եւ քանի որ ԵԱՀԿ նախագահող երկիրն է մեր տարածաշրջանում, խնդիր ունի իր քաղաքականությունը բերելու Հրավային  Կովկաս, իրեն պետք էր քայլեր Հայաստան-Գերմանիա հարաբերությունները սերտացնելու համար, իսկ Ցեղասպանության հարցն այն զգայուն խնդիրն է, որը, բնականաբար, ողջունվելու էր հայ ժողովրդի կողմից: Գերմանիան այսկերպ քավեց իր մեղքը ցեղասպանությանը մասնակցություն ունենալու կապակցությամբ: Այս երեք գործոնները հանգեցրեցին պահի որոշմանը:

Փաստը, որ Եվրոպան փակեց դռները Թուրքիայի առջեւ, Թուրքիային չի՞ մղելու Ռուսաստանի գիրկը եւ վտանգն էլ հենց այս տեղից պետք է ակնկալել:

-Դուք իրավացի եք ձեր հարցադրման մեջ, մենք  մտահոգվելու առիթ կունենայինք, եթե ռուս-թուրքական հարաբերությունները սրված չլինեին: Թեպետ մենք չենք շահել ոչ դրանց սրված վիճակից, ոչ էլ շատ ջերմ, հայ ժողովուրդը միշտ էլ տուժել է այդ ծայրահեղ վիճակներից: Ռուսաստանը շատ կցանկանար, որ Թուրքիայի հետ չունենար այդ խնդիրները, որ Թուրքիան գոնե ներողություն խնդրեր այդ ինքնաթիռի խոցման համար, որովհետեւ հիմա շատ լավ առիթ էր ընդդեմ Եվրամիության դաշինք կազմելու համար, մյուս կողմից՝ Թուրքիան հրաժարվում է կատարել Ռուսաստանի պահանջը, այն է՝ ներողություն հայցել կատրվածի համար եւ փոխհատուցել, քանի դեռ դա չի անում, Մոսկվան ստիպված է խորը ափսոսանք ունենալ իր ներսում՝ միաժամանակ դա չբարձրաձայնելով: Առայժմ նա Թուրքիային իր կողմը գրավել չի կարող: Այնուամենայնիվ, Կովկասը մնալու է թատերաբեմ, քանի որ Թուրքիան այդ հնարավորություններն ու թափը չունի ուղղակիորեն պատժելու Գերմանիային այդ բանաձեւի ընդունման համար, բնականաբար, դա անելու է այն գոտիներում, որտեղ նրանք շահեր ունեն, փորձելու է սադրել այնպիսի վիճակ, որոնք կվնասեն Արեւմուտքի շահերը: Այս համատեքսոտւմ Ղարաբաղի խնդիրը Կովկասում մնում է լուրջ հարց եւ կարող ենք սպասել, որ Ադրբեջանի միջոցով նա կփորձի ձախողել, տորպեդահարել Վիեննայում կայացած որոշումները՝ հետաքննող մեխանիզմների տեղակայման եւ այնի վերաբերյալ, քանի որ Գերմանիան առանցքային դերակատար է ԵԱՀԿ խմբում: Մենք կարող ենք ակնկալել, որ Ադրբեջանը հերթական անգամ կսադրի ռազմական արկածախնդրություն եւ այլն: Կարող ենք ակնկալել, որ Սիրիայում նույնպես որոշակի միջոցների կդիմի Արեւմուտքի համար խնդիրները բարդացնելու նպատակով, այսինքն, երկրորդական թատերաբեմում ռիսկեր կան, բայց ես կարծում եմ, այնուամենայնիվ, Թուրքիան լավ վիճակում չէ եւ դա ավարտվելու է Էրդողանի ռեժիմի տապալումով:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: