Արցախը Ռուսաստանին ավելի լավ կբացատրի՝ ինքն արդեն վաղուց անկախ է. Հայկ Սուքիասյան

May 08, 2016 1 Comment

Hayeli.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ժողովրդավարության և երկրաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հայկ Սուքիասյանը:

 

-Պարո՛ն, Սուքիասյան, վերջին օրերի ամենաակտուալ թեման է դարձել Հայաստանի կողմից՝ ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի հարցը. Ինչո՞ւ է Հայաստանը գնում այս քայլին, ճիշտ չէ՞ր լինի, որ նախ սկսվեր Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, որին հետո կհաջորդեր ՀՀն:

-Արցախի միջազգային ճանաչման գործընթացը կարող է սկսվել հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումով: Խորհրդային միության փլուզումից հետո այդ բազմաթիվ երկրների և ժողովուրդների շարքում  ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանի քաղաքակրթական ֆունկցիան իր վրա վերցրեց և քսանհինգ տարի իր լեռներում դրա համար պայքարում է Արցախի հայությունը: Ի՞նչն է ՀՀ-ին խանգարում իր հերթին լինել առաջինը Արցախի անկախության ճանաչման հարցում:

Իսկ, թե ինչու հիմա, ապա հարց է առաջանում` իսկ ե՞րբ:

Միգուցե այս գործընթացը նախաձեռնվել է նախագահի կողմից արված այն հայտարարության համատեքստում, որ եթե լինի լայնամասշտաբ պատերազմ, ապա ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Այսինքն` միգուցե սա կանխարգելիչ քայլ է, որպեսզի Ադրբեջանը, իբրև թե նեղվելով ՀՀ կողմից Արցախի ճանաչումից, լայնամասշտաբ պատերազմ չսկսի: Եթե մեր քաղաքական վերնախավում այս մտածողությունն է, ապա կարող եմ ասել, որ իրենք սխալվում են: Չէ՞ որ Ադրբեջանը պատերազմը սկսեց այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքական վերնախավի մտքով անգամ չէր անցել Արցախի անկախության ճանաչման հարցն անգամ:

Իսկ ինչ վերաբերում է Արցախի միջազգային ճանաչմանը, ապա այստեղ հարցեր կան:

Նախ, ես այս կապակցությամբ համամիտ եմ Լևոն Շիրինյանի հնչեցրած այն կարևոր և նորովի տեսակետի հետ, ըստ որի, եթե, օրինակ, Ադրբեջանը կամ մեկ այլ երկիր Արցախը չի ճանաչում, ապա թող Արցախն էլ իրենց չճանաչի: Թող Արցախն էլ Ադրբեջանին չճանաչի և այլն:

Մեկ բան ակնհայտ է. Արցախը ինքնիշխան պետություն է և ինքնիշխան ժողովուրդներին արժանավայել ապրելու իրավունք ունի մշտապես: Ինքնիշխանությունը իրավական կատեգորիա չէ, ինքնիշխանությունը քաղաքական կատեգորիա է: Արցախը ունի ինքնիշխան պետության բոլոր բաղադրիչները` սեփական տարածք, բնակչություն, սահմանադրություն, իշխանական մարմիններ, բանակ, որն ամեն անգամ ապացուցում է, որ պատրաստ է պաշտպանել իր երկրի ինքնիշխանությունը: Պետության ճանաչում կամ չճանաչումը ո՞վ է որոշում. դա միջազգային հարաբերությունեևրի սոլիպցիզմ է. այսինքն` ես պետք է որոշեմ դու կաս, թե չէ: Ո՞վ է իրավունք տվել այլ պետություների որոշելու մյուս պետությունների գոյությունը, եթե այդ պետությունն իր ինքնիշխանությունն ապահովում է ինքնուրույն:

Եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, սա չի՞ փաստում, որ միջազգային հանրույթը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տապալել են բանակցային գործընթացը, և մեզ այլ ելք չէր մնում:

-Նախ առաջինը. պետք է վերջ տալ այդ` անընդհատ արդարացողի և աշխարհին սեփական գոյության իրավունքը հայցողի մտածումից: ԵԱՀԿ Մինսկի խումբը տապալել է բանակցային գործընթացը Ադրեջանի հետ միասին, քանի որ ակնհայտ է, որ բանակցային գործընթացը ձախողվել է ոչ թե ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկման դնելու պատճառով, այլ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու պատճառով:

Արցախի անկախությունը պետք է ճանաչել և վերջ: Նախ մեկ բան ակնհայտ է. այս քսան տարիների բանակցային գործընթացը ոչ մի արդյունք չի տվել: Եվ կա՞ արդյոք երաշխիք, որ եթե մի քսան տարի էլ բանակցեն, ինչ-որ արդյունքի կհասնեն:

Պետք է ճանաչել, թեկուզ միայն այն պատճառով, որ ճանաչումից հետո կառաջանա նոր իրավիճակ:

 

Կա տեսակետ, որ եթե ՀՀն ճանաչի Արցախի անկախությունը, ապա միջնորդների ներկայություն արդեն տարածաշրջանում ավելորդ կլինի, և Հայաստանը դեմ առ դեմ միայնակ կհայտնվի Ադրբեջանի առաջ:

-Հայաստանը Ադրբեջանին դեմ առ դեմ է և´ մինչև միջնորդների գոյությունը, և´ միջնորդների առկայության պայմաններում, և՛ առանց միջնորդների էլ կմնա դեմ առ դեմ: Նախ, ընդհանրապես, այս ադրբեջանական կիսավախի տեսակետը հասկանալի չէ. մեր բանակն ապացուցեց, որ կարող է Ադրբեջանին այնպես ջարդել, որ դարերով հիշեն: Մենք իրավունք չունենք բանակի արած գործը ջուրը գցելու: Ասեմ ավելին. Ադրբեջանի բանակը սարսափում է մնալ դեմ առ դեմ և միայնակ Արցախի բանակի հետ, քանի որ գիտի, որ հայկական բանակն ամբողջ Ադրբեջանը կլցնի Կասպից Ծովը: Եվ դրանից հետո թող միջնորդները փորձեն փրկել Ադրբեջանը:

Հայ ժողովուրդը սովոր չէ կռվել մեկը մեկի դեմ. մեզ համար դա նորմալ չէ: Դա նորմալ է ֆրանսիացու, ռուսի, ամերիկացու համար: Հայ ժողովրդի համար դա անհավասար պայքար է. մեք սովոր ենք, երբ մեր դեմ կռվում են մեկը տասի հարաբերակցությամբ, այ սա արդեն մեզ ահամար հավասար պայքար է, թե չէ մեկը մեկի դեմ, դա մեզ համար երեխայություն է. այդ դեպքում էլ ո՞րն է հայ մարդու տարբերությունը մյուսներից: Այնպես որ. երնեկ այն, երբ Արդբեջանը միայնակ կմնա արցախցու  դեմ:

 

եր ռազմավարական դաշնակցին ձեռնտո՞ւ է ՀՀի կողմից Արցախի ճանաչումը: Քաղաքագետներից ոմանց պնդմամբ՝ ղարաբաղյան հարցը Ռուսաստանը թեժ է պահում Բաքվին զսպելու, ԱդրբեջանՌԴ ռազմաքաղաքական պլաններն իրագործելու համար:

-Սա Ռուսաստանի կողմից որդեգրած Չիչերինի հակաքաղաքակրթական բանաձևի տրամաբանությունն է, որին այլընտրանք արդեն հարյուր տարի է ինչ չի գտնում աշխարի ամենագեր պետությունը: Բայց մեր դիվանագիտությունը, եթե դա կա, պետք է աշխատի Ռուսաստանի հետ, բացատրի, առաջարկի այլընտրանքային կոնցեպցիաներ:

Երկրորդ. եթե ՀՀ իշխանությունը չի կարողանում ՌԴ-ին բացատրել և քաշվում է Արցախը առաջինը կամ ընդհանրապես ճանաչելուց, ապա թող դուրս գա բանակցային գործընացից, որտեղ ՀՀ ներկայությունն, ընդհանրապես, անհասկանալի է, և թող բանակցային գործընթացի մեջ ներգրավվի կոնֆլիկտի իրական կողմը` Արցախը, որի բանակը գիշեր և ցերեկ ամբողջ աշխարհին ապացուցում և բացատրում է, որ ինքն ինքնիշխան է: Ինձ թվում է` Արցախը Ռուսաստանին ավելի լավ  կբացատրի, որ ինքն արդեն վաղուց անկախ է, և Հայաստանի Հանրապետությունն էլ արդեն այլևս չի նեղվի Արցախի անկախությունն առաջինը ճանաչելուց, քանի որ ինքը բանակցային գործընթացի կողմ չի լինի:

 

-Պատերազմն այլընտրանք ունի՞. հայկական դիվանագիտությունը ճի՞շտ ուղղով է գնում:

-Պատերազմի այլընտրանքը պատերազմն է: Նախ որպեսզի իմանանք, թե հայկական դիվանագիտությունը ճիշտ ուղղու վրա, թե` ոչ, մենք պետք է իմանանք հայկական դիվանագիտության դիրքրորոշումը: Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե վերջը ո՞րն է ՀՀ դիրքորոշումը Արցախի հարցում: Եթե ճանաչում է, ապա ո՞ր սահմաններով և այլն:

Ես ուզում եմ նորից մեջ բերել Լևոն Շիրինյանի այն տեսակետը, ըստ որի, Արցախի կոնֆլիկտի լուծումն ունի առաջին հերթին ռազմական լուծում, ինչն ամեն անգամ, ապացուցվում է: Կռվեք, և ձեր իրավունքը կհարգեն:

ՀՀ-ն պետք է դուրս գա բանակցային գործընթացից և թույլ տա, որ արևմտյան արժեքների (ինքնորոշման իրավունքի) համար պայքարող Արցախը լուծի իր հարցերը:

 

Հարցազրույցը՝ Աղավնի Սուքիասյանի

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Արցախը Ռուսաստանին ավելի լավ կբացատրի՝ ինքն արդեն վաղուց անկախ է. Հայկ Սուքիասյան” հրապարակմանը