Ռազմական և դիվանագիտական առումով ապրիլի 5-ի հրադադարը ճիշտ չէր. Գ. Գինոսյան

May 07, 2016 Comments Off on Ռազմական և դիվանագիտական առումով ապրիլի 5-ի հրադադարը ճիշտ չէր. Գ. Գինոսյան

Կյանքը ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցը համազգային լուծում է պահանջում: Որևէ մեկը չի կարող առանձին վերցրած այս հարցին  լուծում տալ: Ռազմաքաղաքական մեծ խաղերի մեջ Հայաստանը մանրադրամի է վերածվում, իսկ մանրադրամի չվերածվելու ընդամենըմեկ ձև կա` օր առաջ հիմք դնել ռազմաարդյունաբերությանը, առաջ տանել գիտության զարգացումն  ու հզորոցնել  պետությունը:  Գիտությունը պետք է դառնա մեր շոգեքարշը, մենք չունենք նավթ ու գազ, բայց ունենք խելոք մարդիկ, որոնք ավելի մեծ ռեսուրս են : Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը. <<Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, երբ  լսում եմ <<տարածքներ վերադարձնել>> արտահայտությունը: Սոս Սարգսյանը ժամանակին շատ հետաքրքիր բնորոշում է տվել այս խնդրին. <<Ղարաբաղը ադրբեջանցու համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք>>: Ղարաբաղում  տարածք չկա, կա հայրենիք: Տարածք կարող է  լինել ինչ-որ մեկի բակը, մի քանի հարկանի դղյակը, առանձնատունը: Դրանք կարելի է ճանաչել իբրև հանրային սեփականություն և վերադարձնել պետությանը, բայց  հայրենիքի որևէ թիզ հողը չի կարող վերադարձվել: Ես չեմ կարողանում հասկանալ,երբ տարբեր մարդիկ ասում են, թե այս քառօրյա պատերազմի ժամանակ նրանց ձեռքում մնացին մի քանի աննշան և անկարևոր դիրքեր: Աննշան և անկարևոր դիրքեր չեն լինում: Թուրքը աննշան դիրքի համար հարյուրավոր մարդկանց չէր զոհաբերի: Նույնիսկ ամենաանկարևոր դիրքը այն  կետն է, որտեղից վաղը  հարձակվելու են  կարևոր դիրքի վրա: Այսինքն, ամեն մի թիզ հողը նույնքան կարևոր է, որքան Երևանի կենտրոնի հողը:  Որևէ կարգավիճակի կամ միջազգային փաստաթղթի դիմաց չի կարելի է անգամ մի թիզ հող տալ>>,-շեշտում է Գագիկ Գինոսյանը:

Գինոսյանի խոսքով՝ երբ 1920 թվականին քննարկվում էր Զանգեզուրը Ադրբեջանին տալու հարցը, սովետական Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը  հավատացնում էր, որ, եթե հայերը Զանգեզուրը զիջեն Ադրբեջանին, ապա Հայաստանի մնացյալ տարածքների վրա որևէ ոտնձգություն չի կատարվի. սովետական Ռուսաստանի ղեկավարությունը կտա համապատասխան երաշխիքներ: Հայաստանի այն ժամանկվա ռազմական նախարարը հրամանագիր է ուղարկում Գարեգին Նժդեհին՝ դուրս գալ Զանգեզուրից և այն հանձնել Ադրբեջանին: Նժդեհը, լինելով լուրջ դիվանագիետ և ռազմական-քաղաքական  գործիչ,  հասկանում է, որ Զանգեզուրը դառնալու է այն ռազմական հենակետը, որից անմիջապես հետո վերանալու է ողջ Հայաստանը: Նժդեհն այն ժամանակ հրաժարվում է կատարել Երևանի եկած հրահանգը, անցնում է ազատագրական պայքարի և արդյունքում մենք այսօր ունենք Զանգեզուրը. <<Պատմությունը, ցավոք սրտի, սիրում է կրկնվել: Տարածքների վերադարձը ոչ միայն Արցախին չի տալու մեր պատկերացրած անկախությունն ու միջազգային կարգավիճակը, այլև վերադարձված հողը դառնալու է այն պլացդարմը, որն ունենալուց հետո Ադրբեջանը օր առաջ ոչնչացնելու է ողջ Արցախը և ոտնձգություն է կատարելու Հայաստանի դեմ>>,- նշեց Գինոսյանը:

Դիտարկմանը, թե իշխող ՀՀԿ-ն, որի  քաղաքական գաղափարախոսության հիմքում դրված են  Նժդեհի գաղափարները,  իրական քաղաքականության մեջ առաջնորդվո՞ւմ է   նժդեհականությամբ՝  Գինոսյանն արձագանքեց. <<Ես չգիտեմ իշխանությունը նման քաղաքական որոշումներ  կայացնելիս ի՞նչ գաղափարներով է առաջնորդվում, բայց  ես գիտեմ, որ Նժդեհի գաղափարախոսության մեջ կան բոլոր ազգային խնդիրներին լուծում տալու ուղենիշերը>>:

Գագիկ Գինոսյանի խոսքով՝  <<Աղդամը  մեր հայրենիքը չէ>> մոտոցումն իրեն անծանոթ է,  և այդ կարգի հարցադրումը համարում է վիրավորական:

Անդրադառնալով ապրիլի 5-ին բանավոր պայմանավորվածությամբ ձեռք բերված  հրադադարին՝ Գագիկ Գինոսյանը նշում է, որ այն արդարացված չէր, քանի որ հայկական զինուժն արդեն առաջին հարաձակումը կասեցրել էր, անցել էր հակահարձակման, և հակառակորդի մոտ  խուճապ էր սկսվել. <<Դա և՛ ռազմական, և՛ դիվանգիտական առումով ոչ ճիշտ մոտեցում էր: 4 օր աշխարհը լռեց, երբ կրակ էր տեղում Հայաստանի վրա, ոչ մի պետություն չփորձեց կանգնեցնել ոճրագործին, որը մարդկանց գլուխներ ու ականջներ էր կտրում, բայց երբ Հայաստանն իր զավակների անձնազոհության շնորհիվ կարողացավ կանգնեցնել այդ ամենը և ուզում էր գնալ հակահարձակման, աշխարհը զարթնեց,-նշեց Գինոսյանը՝ հավելելով,-  մենք  այդ պահին չպետք է ընդունեինք այդ հրադադարը: Նժդեհը կասեր՝ խաղաղապաշտությունն ավելի վտանգավոր է, քան պատերազմը: Չի կարելի լինել խաղաղապաշտ, երբ այն քո կործանման սկիզբն է: Հերթական անգամ մեզ շունչ քաշելու հնարավորություն է տրված, և մենք պետք է վերաարժևորենք մեր մոտեցումները>>:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: