Համանախագահողները կզրկվեն խառնակչություն անելու հնարավորությունից

May 06, 2016 Comments Off on Համանախագահողները կզրկվեն խառնակչություն անելու հնարավորությունից

Հայաստանի կառավարության նիստի օրակարգում հայտնված Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի՝ Արցախի ճանաչման մասին օրինագիծը Բաքվում քաղաքական հիստերիա է առաջացրել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը Արցախի ճանաչման մասին օրինագծի առնչությամբ հանդես են եկել հայտարարությամբ` պնդելով, թե Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնաշանակի թաղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափը և ազդարարել նոր պատերազմի սկիզբ: «Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որևէ իմաստ չի ունենա, և Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Հնարավոր է ճանաչման վերաբերյալ նախագծի օրակարգ բերելը որոշակի կանխարգելիչ նպատակ է հետապնդում եւ կլինի՞ այս ամենից հետեւություն, հարցրեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանին։ Սակայն նա կարծիք հայտնեց, որ անհապաղ պետք է ճանաչել, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր մոտեցումներից եւ չի փոխվի։

-Արցախի ճանաչման մասին օրինագիծը լրջորեն անհանգստացրել է նաև Մոսկվային: Խնդրին անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, թե Հայաստանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, դա ընդամնեը խորհրդարանի երկու անդամի առաջարկությունն է: Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են «խախտել ձեռք բերված փխրուն խաղաղությունը»։ Ինչո՞վ է բացատրվում ՌԴ անհանգստությունը։

-Ռուսաստանի պահվածքը հասկանալի է, նպատակը մեկն է՝ այնպես խառնել այստեղ իրադրությունը, որ իր խաղաղապահները տեղակայի սահմանին ու շարունակի խառնակչությունը։ Ռուսաստանը բացարձակապես իր շահն է հետապնդում ու օգտագործում է թուրք ոչխարի տրամադրությունը։

-Ճանաչումն անհրաժեշտ ե՞ք համարում, կարծում եք, որ դրան կհետեւե՞ն այլ երկրների ճանաչումները, ի՞նչ կտա դա Արցախին։Նախկինում ճանաչման վերաբերյալ իշխող ՀՀԿ-ականները կարծիք էին հայտնում, որ այն կհանգեցնի պատերազմական գործողությունների վերսկսման, կփչացնի Մինսկի խմբի անդամ երկրների հետ մեր հարաբերությունները։

-Բայց մենք անկախություն չէինք ճանաչել չէ՞, որ եղավ ապրիլյան պատերազմը։ Ուրեմն հիմա պետք է հասկանալ, որ դա պատերազմի հետ կապ չունի, եթե պատերազմ լինելու է, կլինի առանց ճանաչման, չի լինելու, ուրեմն չի լինի։ Իսկ եթե ուզում են պատերազմ չլինի, պետությունը շատ արագ պետք է կարգի գցեն։

-Ի՞նչ է տալու Արցախի ճանաչումը։

-Մեր ազգային գիտակցության ու գործողությունների մեջ հստակություն եւ մինչեւ վերջ պետություն ստեղծելու հնարավորություն, ինչպես նաեւ այլոց հետ խոսելու պլատֆորմ։ Պարզ է չէ՞, որ գնում դրսում խոստանում են, որ անկախությունը չեն ճանաչելու, այստեղ ուրիշ բան են ասում։ Հստակ կլինի, դրանից հետո Հայաստանի նախագահ կամ վարչապետ կլինի այն մարդը, որ գիտի, որ անկախությունը ճանաչած վիճակում պետք է գործի։

-Իսկ ճանչումը չի մեկուսացնի՞ Արցախն ու Հայաստանը արտաքին աշխարհից։ Ինչպիսին կլինի համանախագահող մյուս երկրների դիրքորոշումն այդ պարագայում:

-Հիմա կղզիացա՞ծ չենք, մի երկիր, որտեղ օլիգարխիան է դոմինանտ… Համանախագահողներն էլ կզրկվեն խառնակչություն անելու հնարավորությունից։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: