Ադրբեջանում քրիստոնեական եկեղեցին վերածվել է թեյարանի

Apr 21, 2016 Comments Off on Ադրբեջանում քրիստոնեական եկեղեցին վերածվել է թեյարանի
Ներկայիս Ադրբեջանի վրացիներով եւ ուտիներով բնակեցված Զաքաթալայի շրջանում քրիստոնեական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների մոտ:

Բնակիչները strateq.az լրատվական կայքին բազմաթիվ լուսանկարներ են ուղարկել, որոնցում երեւում է, թե ինչպես է շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Ահմեդզադեն, որը Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության նախագահ Ահմեդ Ահմեդզադեի եղբայրն է, 5-6-րդ դարի քրիստոնեական եկեղեցին դարձրել թեյարան:

Շրջանի բնակիչները կայքին պատմել են, որ Զաքաթալայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար նշանակվելուց հետո Մուբարիզ Ահմեդզադեն ոչ միայն վերացրել է շրջանի կանաչ տարածությունները, տեղում առեւտրային օբյեկտներ կառուցել, այլև նույնիսկ շրջանի պատմական հուշարձանները հանձնել է տարբեր անձանց տնօրինությանը, եւ սկսել դրանք օգտագործել որպես բիզնեսի աղբյուր:

«Այո, Մուբարիզ Ահմեդզադեն այս անգամ որոշել է վերացնել քրիստոնեական պատմական հուշարձանները: Նա Զաքաթալա քաղաքում գտնվող 5-6-րդ դարերի քրիստոնեական եկեղեցին վերածել է թեյարանի: Եկեղեցու մի սենյակն էլ երկաթե դռնով փակել եւ օգտագործում է որպես պահեստ: Նրա այդ կամայական եւ հանցագործ վարմունքի համար պայման են ստեղծում Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Զաքաթալայի ներկայացուցիչ Զումրուդ Աթաքիշիեւան ու Թարլան Ահմեդովը: Երեւի այն բանի համար, որ այս երկու անձինք բազմիցս պարգեւներ են ստացել «հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցության համար»:

Դրա անունը խայտառակություն է, դիտավարություն` պատմական արժեքի նկատմամբ: Այդ մարդկանց արածը համապատասխանում է «կացնի կոթը մեզնից» օրինակին, եւ մեր մեջ նման վանդալներ լինելու դեպքում մեզ թշնամի պետք չէ», -ասել են նրանք:

Տեղաբնակները մամուլին խնդրել են չինովնիկներին հնարավորություն չտալ վերացնել պատմական արժեքները:

«Մենք խոսում ենք մեր հուշարձանների ավերվելու մասին, իսկ սրանք հնագույն հուշարձանը դարձնում են թեյարան», -ընդգծել են Զաքաթալայի շրջանի բնակիչները:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: