Ապրիլյան պատերազմի դասերը առանց ծայրահեղ քայլերի, բայց հանուն պետության

Apr 18, 2016 Comments Off on Ապրիլյան պատերազմի դասերը առանց ծայրահեղ քայլերի, բայց հանուն պետության

Ապրիլյան ռազմական գործողություններն ու մարտի դաշտում ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի պետական, տնտեսական և քաղաքական էլիտան իր արժեքային համակարգով լրջորեն զիջում է հասարակությանն ու բանակին: Մեր հասարակությունն ու ժողովուրդն արժանի է ավելի լավ իշխանության, ավելի մարդասեր ու սոցիալական հասարակության վրա կառուցված տնտեսական համակարգի:

Պետական թալանը, կոռուպցիան ու կաշառակերությունը դարձել են ազգային անվտանգության սպառնալիք,  պետական թալանը խժռել է ամեն ինչ՝ անգամ բանակի սպառազինությունը: Պետական քարոզչամեքենան հասարակությանը տարիներ շարունակ կերակրել է այն թեզով, թե մեր երկրում մանկավարժը, բժիշկն ու գիտնականը վատ են ապրում, որովհետև մենք  իբրև պատերազմող երկիր, շատ լուրջ ռեսուրսներ ենք հատկացնում բանակին: Մենք վստահ էինք, որ բանակն իսկապես զինված և մարտունակ է: Պարզվեց սակայն, որ բանակում ամենաբարձրը ոգին է, իսկ մնացած ամեն ինչն այնպես է, ինչպես պետական համակարգի մյուս օղակներում, այսինքն՝  բանակը զինելու համար փող չկա: Սա արդարացիորեն հարուցում է հանրային դժգոհություն, որովհետև ակնհայտ է, որ  պաշտպանությանն ուղղված միջոցների մի մասը չի ծառայել իր նպատակին: Անկհայտ է, որ բանակի սպառազինության և երկրի տնտեսության հապշտապ ու թռիչքային զարգացումը գալիք անխուսափելի պատերազմներում հաղթելու միակ ճանապարհն է: Եվ ուրեմն ինչպե՞ս լուծել այս խնդիրները: Մոտեցումները տարբեր են, և այդ մոտեցումների մեջ կան խիստ վտանգավոր և ծայրահեղական առաջարկություններ, ինպիսիք են օլիգարխների կամ պաշտոնի բերումով հարստացած պաշտոնյաների կուլակաթափությունը:

Իհարկե դժվար է ասել, թե այս արտահայտությունը շրջանառության մեջ դնող մեր հայրենակիցները ինչ իմաստ են դնում դրա տակ, բայց կուլակաթափությունն ինքնին վտանգավոր տերմին է: Եթե խոսքն ազգայնացման մասին է, ապա այն կարող է արվել բացառապես դատարանի որոշմամբ, և դրա համար   շատ լուրջ իրավական հիմնավորումներ պետք է լինեն:

Պատմությունից հայտնի բոլշևիկների իրականացրած կուլակաթափության կրկնությունը մեր օրերում ուղղակի անթույլատրելի է: Եթե Հայաստանի որևէ իշխանություն նման քայլի դիմելու անմտություն ունենա, ապա ապա դա կնշանակի ընդմիշտ մոռանալ օտարերկրյա ներդրումների մասին: Նման քայլը, անգամ այդ մասին խոսակցությունները կարող են բացասական ազդեցություն թողնել արտերկրից ուղարկվող դրամական տրանսֆերտների վրա: Վերջապես այս կարգի խոսակցությունները կարող են նպաստել երկրից կապիտալի արտահոսքին, ինչը կհագեցնի առանց այդ էլ թուլացած տնտեսական համակարգի հյուծմանը:

Այլ հարց, որ բանակի սպառազինության համար հայ մեծահարուստները, հատկապես Հայաստանում ապրող, պարտավոր են լուրջ ներդրումներ կատարել՝  մեկնարկային շեմ սահմանելով ոչ թե մի քանի հազար դոլարը, ինչը որ արվում է այսօր, այլ մի քանի միլիոն դոլարը: Օրինակ՝ եթե տեսականորեն ընդունենք, որ մեր բանակի լիարժեք սպառազինության համար անհրաժեշտ է մոտ 2 մլրդ դոլար, ապա սա նշանակում է, որ եթե  ունենանք 400-500 մեծահարուստներ, ովքեր սպառազինության համար կտրամադրեն 4-5 մլն-ական դոլար, ապա այդ խնդիրը կարող ենք համարել լուծված: Բայց քանի որ սպառազինությունը մշտական պրոցես է, զուգահեռաբար կարող է ներդրվել բանակի հարկ կամ ազգային տուրք, որով կլուծվի արդեն սպառազինության ավելացման ընթացիկ խնդիրը: Երկրի ղեկավարությունը, մասնավորապես գերագույն գլխավոր հրամանատարը պիտի տարբերակ գտնի՝ այս հարցը լուծելու. դա կարող է արվել պարտադրված կամավորության, թե օրենքի ճանապարհով՝ քննարկման խնդիր է:

Պաշտոնյաները պետք է հասկանան, որ պետական գանձարանից գողանալը ամենածանր հանցանքն է, ու դրա համար պիտի լինի ամենախիստ պատիժը:Հասարակական կոնսոլիդացիան ամենակարևոր բանն է, որ անպայման պետք է պահպանվի, բայց դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե վերը թվարկված խնդիրները լուծում ստանան, և դա տեսանելի լինի: Հակառակ դեպքում առաջին գծում կրակող զենքերը կարող են ուղղվել դեպի Երևանի կենտրոն, և դա կլինի ամենաանցանկալի զարգացումը պետության, բանակի ու բոլորիս համար:

 

Դավիթ  Մանուկյան      

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: