Հասարակության ուշադրությունը պետք է ուղղել դեպի վիրավորներն ու զոհվածների ընտանիքները. ՀՕՄ գրասենյակի տնօրեն. լուսանկարներ

Apr 18, 2016 Comments Off on Հասարակության ուշադրությունը պետք է ուղղել դեպի վիրավորներն ու զոհվածների ընտանիքները. ՀՕՄ գրասենյակի տնօրեն. լուսանկարներ

Հայ օգնության միության /ՀՕՄ/ հայաստանյան գրասենյակը դիմել է ՀՕՄ կենտրոնական գրասենյակին՝ Լեռնային Ղարաբաղի վերջին գործողությունների ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքների աջակցության, նոր ծրագրերի իրականացման առաջարկությամբ: Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՕՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Սերոբյանը: Ապրիլի 4-ին ՀՕՄ օգնության առաջին խմբաքանակն արդեն հասել է Արցախ:

<<Մենք հավաքել ենք հումանիտար օգնություն տարբեր կազմակերպություններից, դպրոցներից, բուհերի ուսանողական խորհուրդներից ու քաղաքացիներից, դրանք փոխանցել ենք ՀՕՄ Արցախի գրասենյակին: Արցախում ուղարկվող տուփերի  պարունակության մեջ ամենահուզիչը դպրոցականների նամակներն էին՝ ուղղված դիրքապահ զինվորներին>>,- պատմում է տիկին Սերոբյանը:

Նրա խոսքով՝ ՀՕՄ-ը հումանիտար օգնությունը կազմակերպել է երեք ուղղությամբ. նախ առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ է ուղարկվել առաջնագծի բնակավայրերից տեղահանված խաղաղ բնակչությանը, ովքեր այժմ տեղավորված են հյուրանոցներում, ժամանակավոր տարբեր կացարաններում կամ հարազատների տանը: Օգնության մյուս ուղղությունը նախատեսված է եղել առաջնագիծ մեկնած կամավորականների համար. <<Այդ օրերին շատ կարևոր էր, որպեսզի կամավորները իրենց սննդի և այլ խնդիրներով բեռ չդառնային բանակի և պետության համար,- նկատում է Ռ. Սերոբյանը և շարունակում:- Մենք իրենց համար ամեն ինչ նախատեսել ենք՝ սննդամթերք, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, ներքնակներ, ծածկոցներ, դեղորայք, ներքնաշորեր, գուլպաներ, ռեզինե ճտքակոշիկներ, լապտերներ, մոմեր…. Մենք իրենց հետ կապի մեջ ենք, ինչի կարիքը որ կամավորներն ունեցել են, դա էլ ուղարկել ենք: Հիմա արդեն կամավորականները սննդի և կենցաղային իրերի առումով  ոչ մի բանի կաիրք չունեն: Բայց մենք համարյա ամեն օր ուղարկում ենք դեղորայք՝ հաշվի առնելով պահանջարկը: Խոսքը վիրավորների համար նախատեսված դեղորայքի մասին չէ: Կամավորականների  մեջ մարդիկ կան, ովքեր ունեն տարբեր առողջական խնդիրներ՝ բարձր ճնշում, սրտային, թոքային, մարսողական համակարգի հետ կապված խրոնիկ հիվանդություններ և, բնականաբար, պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ եղած խնդիրները չսրանան: Մենք ամենօրյա կապի մեջ ենք Արցախում գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի բժշկի՝ Նորայր Շահբազյանի հետ: Նրա հետ ենք համաձայնեցնում, թե ինչ դեղորայք ուղարկենք: Օրինակ, Նորիկի առաջարկությամբ, մենք ձևավորեցինք առաջին բուժօգնության, այսպես կոչված, կապույտ պայուսակները, որոնց մեջ կան առաջին բուժօգնության բոլոր պարագաները՝ ցավազրկող դեղահաբեր, յոդ, բինտ, բամբակ, ժգուտ: Նպատակն այն է, որ վիրավորվելու դեպքում զինվորն ինքն իրեն կամ ընկերոջը կարողանա առաջին օգնություն ցուցաբերել: Դրանցից և՛ դիրքապահ զինվորներին, և՛ կամավորներին է տրվել>>,- պատմում է Ռուզաննա Սերոբյանը:

Եվ վերջապես ՀՕՄ-ի օգնության երրորդ ուղղությունը վիրավոր զինծառայողներն են:<<Մենք այցելություններ ենք կազմակերպում հիվանդանոցներ՝ տեսակցելու ոչ միայն Երևանում, այլև Արցախում և մարզերում բուժվող վիրավոր զինծառայողներին: Գիտե՞ք՝ զարմանալու բան է. երբ հարցնում ենք՝ ինչի՞ կարիք ունեք, բոլորն ասում են՝ ոչ մի բանի կարիք չունենք, մեր միակ ցանկությունն է շուտ ապաքինվել, որ գնանք առաջին գիծ՝ մեր ընկերների մոտ: Ընկճվածություն չկա,  մարտի դաշտում վիրավորված բոլոր տղաները այնքան հպարտ կեցվածք ունեն, էնքան բարձր են իրենց պահում, ոչ մի բանից դժգոհ չեն: Անկեղծ պիտի ասեմ, որ ապշած եմ իրենց վեհ պահվածքից>>,- պատմում է Ռուզաննա Սերոբյանը՝ հավելելով, որ իրենք, ամեն դեպքում, վիրավոր զինծառայողներին հիվանդանոցային սնունդ /միրգ, հյութ և այլն/ են տանում:

ՀՕՄ հայաստանյան գրասենյակի տնօրենի կարծիքով՝ այս պահին առաջնագծում առաջին անհրաժեշտության որևէ բանի կաիրք չկա, հատկապես սնունդ այնքան շատ է ուղարկվել, որ խնդիր է դարձել դրա պահպանումը. <<Առաջին օրերին այնքան մեծ քանակությամբ սնունդ է ուղարկվել, հատկապես քաղցրավենիք, որ նույնիսկ բանակի ռեզերվները չեն օգտագործվել: Առաջին օրերին մեր հասարակությունը հախուռն կերպով կազմակերպեց օգնությունը. օրինակ՝ պահածոյացված սնունդը չի  կարելի երկար պահել, բայց քաղցրավենիքը, հատկապես կրեմային տեսակները, ընդհանրապես շուտ փչացող սնունդը նպատակային չեն: Ես կարծում եմ, որ մեր հասարակության ուշադրությունը հիմա պետք է ուղղել դեպի զոհվածների և վիրավորների ընտանիքները>>: Ռ. Սերոբյանի խոսքով՝ ՀՕՄ-ը 1992 թվականից սկսել և առ այսօր շարունակում է զոհված ազատամարտիկների երեխաների խնամակալության ծրագիրը: Այժմ իրենք հույս ունեն, որ կենտրոնական գրասենյակը կընդառաջի ծրագրի ընդլայնման՝ հայաստանյան գրասենյակի առաջարկին, և խնամակալության ծրագրում կընդգրկվեն նաև  ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները:

Ռ. Սերոբյանի խոսքով ՝շատ կարևոր է, որ զոհվածների և վիրավորների ընտանիքների հանդեպ պետական ուշադրություն լինի. <<Ես չէի ուզենա, որ այս անգամ ևս կրկնեինք այն սխալը, որ թույլ տվեցինք 90-ականների արցախյան պատերազմի ժամանակ: Վիրավորներն ու զոհվածների ընտանիքները պետք է հետևողական և շարունակական ուշադրություն ստանան պետության կողմից: Նախիկնում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ արցախյան ազատամարտում վիրավորված ազատամարտիկը տանը միայնակ՝ առանց խնամողի, հիվանդ պառկած էր: Մենք փորձել ենք խնամող հատկացնել, բայց պետք է հասկանալ, որ  հաշմանդամ դարձած զինվորներին պետական ուշադրություն է պետք: 90-ականներին կռվող տղաների մեծ մասն այսօր սոցիալական ծանր վիճակում է, նույնը այսօրվա 18-20 տարեկան զինվորների հանդեպ թույլ տալ չի կարելի>>:

Ռ. Սերոբյանը մտավախություն ունի, որ որոշ ժամանակ անց հանրային ոգևորությունը կմարի ու առաջնագծի հերոս տղաները կանտեսվեն՝ մնալով իրենց հոգսերի հետ միայնակ: Պետության խնդիրն ու պարտավորությունն է՝ շարունակական ուշադրություն ապահովել:

 

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: