Oլիգարխներն ու իշխանությունները պիտի հասկական, որ իրենց հարստությունը սահմանին կանգնած զինվորն է պահում. Հակոբ Պողոսյան

Apr 18, 2016 1 Comment

Ազատամարտիկ, վավերագիր-օպերատոր, լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը, ով 90-ականներին արցախյան պատերազմի ողջ երկայնքով անցել է, /եղել է Եղնիկներում՝ Շահեն Մեղրյանի խմբում / ապրիլի 2-ի առավոտյան լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ մեկնել է առաջնագիծ: Գործընկերոջ հետ նրանք առաջնագիծը համարյա ամբողջությամբ ոտնատակ են տվել: Առաջին լուսանկարները Թալիշից, այդ թվում նաև խոշտանգված ծեր ամուսինների հանրահայտ լուսանկարը /նրանց ականջները կտրել էին/ Հակոբի ֆոտոխցիկն է արձանագրել:

Նա երկու օրով եկել է Երևան, սակայն ապրիլի 14-ի առավոտյան կրկին մեկնելու է Արցախ:

Հակո՛բ, ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակումից հետո   Դուք առաջինն եք արձանագրել Թալիշը: Դուք առաջնագծում եղել եք այն ժամանակ, երբ դեռ ռազմական գործողությունները ավարտված չէին: Ձեր ֆոտո և վիդեոկադրերը, որքանով տեղյակ եմ, փոխանցվել են պաշտպանության նախարարությանը, նաև միջազգային կառույցներին: Ի՞նչ արձագանքներ կան:

Բավական մեծ աղմուկ է առաջացել. միջազգային կառույցները հարցնում են՝ մենք ինչպե՞ս ենք այնտեղ հայտնվել, երբ դեռ ռազմական գործողությունները չէին ավարտվել:

Ես թաքցնելու բան չունեմ՝ երբ լսեցի, որ մեզ վրա հարձակվել են, չգնալ չէի կարող: Ես ու լուսանկարիչ Գերման Ավագյանը իմ անձնական <<Օպել>> մեքենայով ենք գնացել: Ապրիլի 2-ի առավոտյան Երևանից դուրս ենք եկել, երեկոյան հասել ենք Թալիշ: Ճանապարհին մենք արդեն տեղեկացել էինք, որ Թալիշում երեք մեծահասակ մարդիկ կան, որոնք չեն հասցրել դուրս գալ: Թալիշ չհասած՝ մենք արդեն գիտեինք, որ նրանք սպանվել են: Երբ մտանք գյուղ, գնդակոծությունը շարունակվում էր: Թալիշի գյուղապետը մեզ հետ էր: Տան տեղը մոտավորապես ցույց տվեցին. դրանք գյուղի վերջին տներն էին, որոնք գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հեռու էին և գտնվում էին բարձունքի վրա: Այդ բարձունքը ես բարձրացել եմ մենակ, մտա տուն,  նկարեցի, բայց այդ պահին մտքովս չէր անցնում, որ այդ լուսանկարները կարելի է հրապարակել, որովհետև թաշիշցի ամուսինները խոշտանգվել էին. կտրել էին ականջները, մի խոսքով՝ այդ պատմությունը գիտեք:  Պարզապես հետո Էդիկ Բաղսասարյանի հետ քննարկեցինք /ես <<Հետքի>> հետ համագործակցում եմ/ և հասկացանք, որ սա այն դեպքն է, որ գոնե մեկ կամ երկու լուսանկար հրապարակելը ճիշտ կլինի: Եվ ֆուոների որոշ մասեր փակելով՝ մենք դա արեցինք:

Տեղում նկարելուց հետո արդեն եկել են ոստիկանները, մյուս կառույցների ներկայցուցիչները, ովքեր արձանագրեցին կատարվածը, ակտ կազմեցին և այլն:

Թալիշի բնակիչնեչը ե՞րբ են լքել գյուղը, ե՞րբ են հասկացել, որ պետք է հեռանալ:

Երբ որ կրակոցները սկսվել են, այդ կրակոցներից տներն սկսել են փուլ գալ, մարդկանց մոտ խուճապ է առաջացել, ու ով ոնց կարողացել է, դուրս է եկել գյուղից: Երբ մենք հաջորդ օրը քայլում էինք գյուղում շատ հետաքրքիր պատկերներ կային՝ կար տուն, որ բանալին մտցված էր դռան կողպեքի մեջ, բայց փակված չէր, երևի տանտերը չէր հասցրել կամ վախեցել էր, գոմերի դռները հիմնականում բաց էին թողնված, որ կենդանիները կարողանան դուրս գալ… Ադրբեջանցիների հարձակումը շատ նպատակային է եղել, իրենք կետ առ կետ խփել էին՝ զորամասին, դպրոցին, մանկապարտեզին, տներին հիմա դրանք ամբողջությամբ փլուզված են: Թալիշի վրա հիմնականում հարձակվել էին հրետանու տարբեր տեսակներով՝ գրադ, պուշկա:

Թալիշի վերաբերյալ տարբեր խոսակցություններ կային՝ ադրբեջանական կողմը պնդում էր, որ իրենք գրավել են Թալիշը, մերոնք ասում էին, որ չեն գրավել, ոմանք ասեւմ էին՝ սկզբից գրավել են, հետո մերոնք հետ են վերցրել: Իրականում ինչպե ՞ս է եղել:  

Ադրբեջանցիները Թալիշը չեն գրավել, նման բան չի եղել, իրենք մտել են ընդամենը գյուղի սկզբի 2-3 տունը, որտեղ և կատարել են այդ վայրագ սպանությունները: Հետո արդեն շատ արագ հայկական զորամասը, որը հենց Թալիշում է գտնվում, գյուղը պահել է: Իհարկե, մեծ կորուստների գնով, բայց մեր զորքը Թալիշը պահել է: Ուղղակի թշնամինները  Թալիշի վրա շատ են կրակել, այդ պատճառով մեծ ավերածություններ են եղել: Գերման Ավագյանը Թալիշում գտավ նկուղներում թաքնված 4 հայ մարդու, ովքեր մտել էին նկուղ ու վախեցած 2 օր դուրս չէին եկել, անգամ լույս չէին վառել: Մթության մեջ պահածներով սնվել ու էդպես մնացել էին: Երբ մենք իրենց հանեցինք նկուղից, խուճապի մեջ էին, չգիտեին՝ ինչ է կատարվում, գյուղում հայե՞րն են, թե՞ թուրքերը:

Թալիշի առաջին օրվա դիրքապահներից կա՞ն զինվորականներ, ովքեր ողջ են մնացել:

Շատ մանրանալ պետք չի, բայց կան, ես, օրինակ, գիտեմ, որ դիրքերից մեկում 9-հոգանոց խումբ է եղել, 7-ը զոհվել են, երկուսը հիմա ողջ են՝ վիրավոր են, գտնվում են հոսպիտալում: Վիրավորները սողալով դիրքերից հասել են զորամաս: Հենց այդ փաստը, որ զինվորներից ողջ մնացածներ կան, ապացուցում է, որ իրենք Թալիշը չեն գրավել, հակառակ պարագայում բոլորին կսպանեին կամ գերի կտանեին:

Թալիշցիները հիմնականում ո՞ւր են գնացել:

Մահավուզ, Չարենցավան, Մարտակերտ, Ստեփանակերտ՝ ով որտեղ հարազատ է ունեցել, գնացել է:

Կադրերը, որ Դուք նկարե՞լ եք, ո՞ւմ իրավասության տակ են գտնվում այժմ:

Ես դրանք փոխանցել եմ <<Հետքին>>, <<Հետքը>> խոշտանգումների մասին նյութերը տրամադրել է և ՊՆ-ին, և ՊԲ-ին, Կարմիր Խաչին, Մարդու իրավունքների պաշտպանին: Իհարկե, դրանք կան նաև իմ անձնական արխիվում : Իսկ ընդհանրապես իմ նպատակն է եղել ցույց տալ առաջին գծում կռվող 18-20 տարեկան տղաներին, որովհետև նրանք իսկապես հերոսական գործ են արել:

Ձեր տեսածի ու նկարածի քանի՞ տոկոսն է, որ կարող է հիմա՝ այս պահին, հրապարակվել:

Երևի 90 տոկոսը, էն 10 տոկոսը հրապարակելու բան չի:

Ադրբեջանական կողմի զոհերի մեջ, խոսքը դիակների մասին է, որոնք մեզ մոտ են, խաղաղ բնակիչներ կա՞ն:

 Բնականաբար մեզ մոտ կան ադրբեջանական դիակներ, որոնց մեջ կան այնպիսիները, ովքեր մասնակցել են զինված հարձակմանը, բայց զինվորականներ չեն: Դրանք վարձկաններ են: Ես չգիտեմ՝ ադրբեջանական կողմը դրանց վարձկա՞ն է համարում, թե՞ ուրիշ բան: Հիմա դիակների փոխանակում է կատարվում, մենք, օրինակ,  ներ զոհված փոխգնդապետի դիակը ստանալու դիմաց 18 ադրբեջանցու դիակ տվեցինք:

Առաջնագծում  բացի կանոնավոր բանակից, կան նաև կամավորներ: Նրանք ինչպե՞ս են կատարում ռազմական հրամանները, ով ում է ենթարկվում:

Ազատամարտիկները՝ բոլորը, ենթարկվում են տվյալ զորամասի հրամանատարությանը, իրենք ինքնագլուխ քայլ անելու իրավունք չունեն: Կապ չունի իրենք 90-ականների ազատամարտում հրամանատար են եղել, գնդապետ են եղել, թե ով են եղել, հիմա իրենք բոլորը գնացել են որպես շարքային:

Ես պիտի ասեմ, որ առաջին գծում կանգնած 18-20 տարեկան տղաները ոչ մի բանով ազատամարտիկներին չեն զիջում, իրենք հաստատ գերազանցել են մեր սերնդի ազատամարտիկներին: Դուք մենակ պիտի տեսնեք, թե ինչ դուխով տղաներ են, ինչ թասիբ ունեն, իսկական հերոսներ են:

Իմ կարծիքով՝ ազատամարտիկների և կամավորների ինքնաբուխ գնալը առաջին գիծ էդքան էլ ճիշտ չի: Եթե իրենք այնտեղ կարող են օգուտ տալ, թող գնան՝ խնդիր չկա, բայց եթե առողջական խնդիր ունեն, շատերի տարիքն արդեն այն չէ, էդ դեպքերում իրենք ավելի ճիշտ է, որ չգնան, որովհետև իրենք ավելի շատ խանգարում են և կարող են բանակի երեխեքի համար լրացուցիչ խնդիր դառնալ:

Ի՞նչ եք կարծում՝ մարտական գործողությունները կշարուակվեն, թե՞ դիվանագիտական բանակցություններ կսկսվեն:

Ես գտնում եմ, որ բանակցությունների համար դեռ շուտ է, մարտական գործողությունները պետք է շարունակվեն, ու մենք օգտագործելով պահը, պիտի ետ բերենք նաև Շահումյանը: Մարտական գործողություններին դադար տալը, իմ կարծիքով, սխալ էր, պետք էր առաջ գնալ:

Ո՞րն է գլխավոր դասը այս 4-օրյա պատերազմից:

Վերջապես մեր օլիգարխները, մեր իշխանությունները պիտի հասկանան, որ իրենց ունեցվածքը պահում է սահմանին կանգնած զինվորը: Իրենք խելքին պիտի հասնի, որ բանակը անպայման պիտի հզորանա՝ զենքով, տեխնիկայով: Իրենց երեխեքը հաստատ առաջին գծում չեն ծառայում, ուրեմն թող իրենք բարի լինեն պահել բանակին: Մի բան էլ կա՝ չեմ ուզում անուններ տալ, բայց որ մարդիկ կամուֆլյաժ հագած գալիս են Ղարաբաղ՝ նկարվելու, պիտի հասկանան, որ անհարմար ա:

 

Հարցազրույցը՝  Կարինե  Սարիբեկյանի

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Oլիգարխներն ու իշխանությունները պիտի հասկական, որ իրենց հարստությունը սահմանին կանգնած զինվորն է պահում. Հակոբ Պողոսյան” հրապարակմանը

  1. Герман says:

    Хорошо, если б вы взяли в привычку указывать автора фотографий. Заранее спасибо