Զարմացած եմ, որ կապիտան Ուրֆանյանին միանգամից Մարտական խաչի չեն արժանացրել. Օֆելյա Գրիգորյան

Apr 14, 2016 Comments Off on Զարմացած եմ, որ կապիտան Ուրֆանյանին միանգամից Մարտական խաչի չեն արժանացրել. Օֆելյա Գրիգորյան

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Օֆելյա Գրիգորյանը նույն գումարտակի բժիշկ Նորայր Շահբազյանի կինն է, նրանք երկու դուստր ունեն: Ապրիլի 2-ի առավոտյան, երբ արդեն պարզ էր, թե ինչ իրավիճակ է Ղարաբաղում, ամուսիններով իրար են նայել ուհարցրել՝ հիմա մեզանից ո՞վ է գնում Ղարաբաղ: Ամուսինը, կամ ինչպես նրան մարտական ընկերներն են ասում՝ դոկտորը, ասել է, որ կգնա ինքը, իսկ Օֆելյային անհրաժեշտության դեպքում  կկանչի: Ապրիլի 2-ից դոկտորը գումարտակի մյուս տղաների հետ Ղարաբաղում է: <<Երբ կարողանում է, զանգում է, ասում է՝ լավ են. ճիշտ է, երեք րոպեից ավել չի խոսում, բայց գիտեմ, որ եթե մեր տղաները սահմանում են, ուրեմն մենք կարող ենք հանգիստ քնել>>,- մինչ հիմնական հարցազրույցին անցնելը ասում է տիկին Օֆելյան:

Տիկի՛ն Օֆելյա, ապրիլի առաջին օրերին, երբ մենք կրկին առերեսվեցինք պատերազմի հետ, կամավորական ինքնաբուխ շարժում սկսվեց: Նախկինում կռված շատ տղաներ, դրանց մեջ էր նաև Ձեր ամուսինը՝ Դոկտորը, առաջիններից մեկը մեկնեցին Արցախ: 90-ականների Արցախյան պատերազմից հետո տղաներից շատերը հայտնվել էին սոցիալական բարդ վիճակում և մի տեսակ դժգոհություն կար իշխանության ու պետության նկատմամբ: Կար օդում կախված մտավախություն, որ նրանցից շատերը պատերազմի ժամանակ չեն գնա մարտի դաշտ: Մեկնելու որոշումը ինչպե՞ս կայացվեց:

Ձեր ասած խնդիրը կար: Երբ այս կամ այն առիթով հավաքվում էինք ու հարց էր լինում՝ եթե պատերազմ լինի, կգնա՞նք, բոլորս մի պահ պաուզա էինք տալիս ու ասում՝ եթե նորից պատերազմ կլինի, թող գնան կառավարության թիվ 318 որոշումն ընդունողները, սոցիալական հարցերում ազատամարտիկներին չընդառաջողները, այն պատգամավորները, ովքեր, իրենց գումարները բանակի զենքի վրա ծախսելու փոխարեն, միլիոններ են ծախսում պատգամավոր դառնալու համար: Բոլորս էլ ինչ-որ առիթներով ասել ենք՝ թող հիմա էլ իրենք ու իրենց երեխաները գնան. մենք չենք գնա:

Բայց ապրիլի 2-ի կազմակերպվածությունը ցույց տվեց, որ այդ խոսակցությունները սովորական վրդովմունք էին: Մեր տղաները ետ նայելու խնդիր ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր չունեն, ետ նայելու խնդիր ունեն իշխանությունները: Իրենք խնդիր ունեն՝ փոխելու իրենց վերաբերմունքը ազատամարտին մասնակցած բոլոր տղաների հանդեպ՝ վիրավորված կամ չվիրավորված, տարիների ընթացքում պատերազմից ձեռք բերված հիվանդություններով տառապող, սոցիալական ծանր պայմանների հետ առճակատման մեջ մտած, առ այսօր վարձով ապրող… Այս օրերին զոհված ազատամարտիկներից մեկը ՝ Սարգիս Խալաֆյանը , տուն չուներ, ապրում էր վարձով: Նա առաջինը զենք վերցրեց ու մեկնեց Արցախ, որովհետև նրա պատերազմը նաև սոցիալական խնդիրների դեմ էր: Շատերը իրենց ներքին կռիվն են տեղեփոխել առաջին գիծ՝ ես սա ցավով եմ ասում:Բայց միևնույնն է, տղաները չգնալ չէին կարող, որովհետև հայրենիքը վերացական հասկացություն չէ. դա նախ և առաջ մարդիկ են՝ այն 20 տարեկան տղաները, ովքեր կանգնած են սահմանին: Ինչպե՞ս կարող ենք մենք այդ տղաներից երես թեքել կամ նեղանալ:

Մեր առաջին գծի դիրքապահ զինվորները շատ հաճախ փորձառու ազատամարտիկներին թույլ չեն տալիս իրենց փոխարեն գնալ դիրքեր:

Կա այդ նախանձախնդրությունը: Նախ պիտք է ասեմ՝ բռավո՜ մեր զինվորներին: Բռավո՜ նրանց, ովքեր զորակոչվել են և այժմ պաշտպանում են դիրքերը: Խոնարհվում եմ բոլոր զոհված զինվորների հիշատակների ու շիրիմների առջև և գոչում՝ կեցցե՜ք, տղե՛րք ջան: Առաջին օրվա հարձակումն իրենց վրա վերցրած տղաները և նրանց անմիջական հրամկազմը հերոսներ են: Ես շատ զարմացած եմ, որ կապիտան Ուրֆանյանին միանգամից <<Մարտական խաչի>> չեն արժանացրել, կամ այն տղային, որը Ֆոգոտով 5 տանկ էր ոչնչացրել: Նրանք բոլորը զորակոչված տղաներ են, ովքեր իերնց պարտականությունն են կատարել, բայց պարտականություն կատարելու մեջ էլ կա լավ ու վատ: Եթե մենք ուզում ենք, որ հետևից եկող 18-20 տարեկան մյուս տղաները առաջնագծում հպարտ լինեն ու նույն սխրանքները կատարեն, պետությունն ու իշխանությունը պիտի կանգնեն նրանց կողքին: Հասկանո՞ւմ եք՝ Հոռոմ գյուղից եկած մի տղա կարողանում է նռնականետով ուղղաթիռ խփել. սա սխրանք է, և մենք պիտի ոգևորենք և զինվորին, զինվորի մորը, որ բոլորը հասկանան, որ նա, այո՛, հերոս է: Սա շատ կարևոր է, որպեսզի շրջապատում այս տղային նմանվելու ձգտում առաջանա: Մենք ամեն օր հերոսացում ենք տեսնում, և սա պետք է գնահատենք:

Հասարակության մեջ կա օդում կախված մի հարց՝ ինչո՞ւ մենք բավարար չափով պատրաստ չէինք Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Գիտե՞ք՝ այն, ինչ եղել է՝ եղել է, այդ թվում նաև սխալների, ընդ որում, աններելի սխալների պատճառով: Բայց միևնույնն է, մեր ամենակայացած կառույցը բանակն է, և սա քննարկման թեմա չէ:

Մի քիչ խոսենք Շուշիի առանձնակի գումարտակից. խմբի տղաների՝ առաջնագիծ մեկնելու որոշումը գումարտակի հրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ քննարկվե՞լ կամ համաձայնեցվե՞լ է:

Պետք է հաշվի առնել, որ Շուշիի առանջին գումարտկը ձևավորվել է արցախյան պատերազմի առաջին շրջանում, և մեր հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն էր: Բացի այդ՝ նա մեր ընկերն է: Ետպատերազմյան շրջանում ձևավորվեց քաղաքական դաշտ, առաջ եկան քաղաքական տարաձայնություններ, և Սեֆիլյանն ու տղաների մի մասը այսօր տարբեր քաղաքական դաշտերում են գտնվում: Այսօր այն մարտակոչին, որին արձագանքեցին գումարտակի տղաները, Ժիրայրը չի միացել: Բայց սա չի նշանակում, թե որևէ մեկն իրավունք ունի թերագնահատելու Ժիրոյի արածը երկրի ու ժողովրդի համար: ՀՅԴ-ն ունի մարտական հարցերով հանձնախումբ, որի նախաձեռնությամբ մենք հավաքվեցինք Հրաչ Մուրադյանի շիրմի մոտ. ի դեպ, ապրիլի 2-ին նրա զոհվելու օրն է, և հենց այնտեղ որոշում կայացվեց մեկնել առաջնագիծ, ու տղաները գնացին: Շուշիի առանձին գումարտակը իր սերուցքով, հիմնականում հրամկազմով առաջին օրից է մեկնել Արցախ: Ողջ գումարտակի մեկնելու խնդիրը հիմա դրված էլ չի: Առաջին օրվա մարտակոչին 400 հոգի էին արձագանքել, բայց պաշտպանության նախարարությունը թույլ չտվեց, որ բոլորը գնան՝ գնացել են 200 հոգի:

Արցախյան ազատամարտի հայտնի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել ուսումնական կենտրոն՝ ազատամարտիկների վարժանքների համար, քանի որ տղաները արդեն 20 տարուց ավել զենք չեն բռնել ու միանգամից չեն կարող մարտի դաշտ մտնել: Կա՞ դրա անհրաժեշտությունը:

Արկադի Տեր-Թադևոսյանի առաջարկած մարտադպրոցը հավանաբար պետք կգա այն ազատամարտիկներին, ովքեր ժամանակին Արցախ էին մեկնում տուրիստական նպատակներով՝ հիմնականում հրադադարի օրերին: Շատ մարդիկ այն ժամանակ էլ, ինչպես այսօր, գնում էին Ղարաբաղ՝ նկարվելու, բայց ամենապատասխանատու մարտերի ժամանակ տեղում չէին լինում: Իսկ Շուշիի առանձին գումարտակը, դա կարող են վկայել այն ժամանակվա բոլոր ռազմական պատասխանատուները, այդ թվում նաև մեր այսօրվա պաշտպանության նախարարը, պատասխանատու մարտական առաջադրանքներից չի խուսափել և միշտ դրանք կատարել է նվազագույն կորուստներով: Մեր տղաները հենց հիմա էլ Ացախում վերապատրաստվում են. դա մեր տղաների համար ընթացքում լուծվող խնդիր է:

Վերջին հարցը՝ ի՞նչ եք երազում այս պահին իբրև կին:

Երազում եմ, որ այլևս երբեք չլսեմ 20 տարեկանի մահվան բոթ: Եթե պետք է զոհվել, ավելի լավ է՝ ես զոհվեմ, որովհետև վերարտադրվելու և ազգին երեխա պարգևելու հնարավորություն այլևս չունեմ: Խաղաղություն տղաներին ու շուտափույթ վերադարձ: Ես գիտեմ, որ երբ նրանք այնտեղ են, մենք հանգիստ կարող ենք քնել:

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: