Դաշնակիցները նախընտրում են «ծլկել»

Apr 07, 2016 Comments Off on Դաշնակիցները նախընտրում են «ծլկել»

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ֆոնին ուշագրավ տեղեկություններ ստացվեցին ԵՏՄ-ական գործընկերներից: Պարզվում է, Ղազախստանի առաջարկությամբ Երևանից Մոսկվա է տեղափոխվում ԵԱՏՄ գագաթաժողովը, չնայած որոշ ռուսական  և նաև հայկական լրատվամիջոցներ  տեղեկություններ էին տարածել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղյալ է հայտարարել ապրիլի 7-ի այցը Երևան:

Սակայն ռուսական TACC-ը երեկ հայտնեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կայցելի Երևան, իսկ ապրիլի 8-ին՝ Բաքու: Ըստ TACC-ի` Երևանից Մոսկվա է տեղափոխվում Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների մասնակցությամբ գագաթնաժողովը:

Պատճառը` բավական ուշագրավ է: Ռուսաստանի կառավարության մամուլի խոսնակ Նատալիա Տիմակովան հայտնել է, որ առաջիկայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Մեդվեդևի միջև հեռախոսազրույց կլինի: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Դմիտրի Մեդվեդևն իր գործընկերոջը  կտեղեկացնի  Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ համաձայնություն տալ ԵԱՏՄ նախագահող երկիր Ղազախստանի՝ գագաթնաժողովը Մոսկվա տեղափոխելու վերաբերյալ առաջարկությանը»,-ռուս լրագրողներին ասել է Տիմակովան:

Մինչդեռ РБК լրատվականի հայտնում էր, թե Երևանում Մեդվեդևի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության վարչապետների գագաթնաժողովը հետաձգվել է ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով: РБК-ի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ում որոշել են հետաձգել վարչապետների երևանյան գագաթնաժողովը, որպեսզի դա չընկալվի որպես կողմերից միայն մեկին ուղղված աջակցություն:

ՀԱՊԿ-ականները, այժմ էլ ԵՏՄ-ականները, փաստորեն լիակատար «համախմբվածություն» են ցուցադրում Ադրբեջանին, ամեն առիթով փորձելով ցույց տալ, որ դաշնակից Հայաստանին չեն աջակցում: Մինչդեռ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, իսկ Հայաստանի` ՀԱՊԿ-ական ու ԵՏՄ-ական դաշնակիցները նույնիսկ այս պարագայում «սոլիդարություն» են խաղում Ալիևի հետ:

Իսկ ի՞նչ կլիներ, որ Եվրասիական տնտեսական միության վարչապետների գագաթնաժողովը տեղի ունենար Հայաստանում: ԵՏՄ-ական վարչապետներն իրենց պարտավորված կզգային անդրադառնալ ԼՂ հիմնախնդրին ու ադրբեջանական ագրեսիային, այդ իսկ պատճառով նրանք գերադասեցին, ինչպես ասում են` «ծլկե՞լ» Երևանից, «շառ ու փորձանքից» հեռու սկզբունքով…

Ահա, սրանք են Հայաստանի` ՀԱՊԿ-ական ու ԵՏՄ-ական «դաշնակիցները»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: