Ախլաթյանի կենտրոնում գյուղացիները սպասում են, որ 43-ամյա գյուղապետի մարմինը բերեն

Apr 05, 2016 Comments Off on Ախլաթյանի կենտրոնում գյուղացիները սպասում են, որ 43-ամյա գյուղապետի մարմինը բերեն

Արդեն տեղեկացրել ենք, որ Մարտակերտի ճանապարհին ռմբակոծության է ենթարկվել Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Տարբեր տեղեկությունների համաձայն` զոհերի թիվը հասնում է 6-8-ի: Զոհվածների թվում են նաև Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանը, Ախլաթյան գյուղի գյուղապետ` 43-ամյա Արմեն Բեգլարյանը:

Ախլաթյանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Գևորգյանը Yerkir.amի հետ զրույցում հայտնեց, որ երեկ իրենք մի քանի գյուղացիներով գնացել են Սիսիանի զինվորական կոմիսարիատ, որտեղ էլ տարբեր տվյալներ են հաղորդել դեպքի մասին:

«Ասում էին` իբրև իրենք վիլիսի մեջ են եղել երեկ, հետո ասացին, որ անօդաչու սարքով է խփվել կամավորներին տանող մեքենան: Հետո էլ պարզվեց, որ ավտոբուս է եղել, թե ի՞նչ տիպի ավտոբուս է եղել, ու ովքե՞ր են եղել ավտոբուսում, չգիտենք: Ասացին, որ ութ մահացած կա, որոնցից  մեկը ղափանցի ա, յոթը` սիսիանցի: Հետո լրատվամիջոցների կողմից տեղեկացանք, որ հինգ հոգի է մահացել, հետո ավելի ուշ ժամի հաղորդվեց, որ զոհերի թիվը հասել է 7-ի»,- ասաց նա:

Գյուղապետարանի աշխատակիցը պատմեց նաև, որ իրենք կոնկրետ տվյալներ չունեն, թե ովքեր են մահացածներին ու վիրավորներին տարածքից հանել: «Գյուղապետի մարմինը դեռ գյուղ չեն բերել, սպասում ենք, ջահելները գյուղի կենտրոնում սպասում են: Ասում են` Գորիսում են դեռ: Սպասում ենք, որ դիմավորենք: Երևի երկրապահների  ու ոստիկանների կողմից է այդ տեղափոխությունն իրականացվում»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց. «Մեր գյուղապետը 1973 թիվ էր, ամուսնացած  չէր: Մենք անընդհատ ասում էինք` ամուսնացի, ինքն էլ  ասում էր, որ հաստատ 2016 թվականին պետք է ամուսնանա,  էն էլ էդ դեպքն եղավ: Նա ապրում էր 90-ամյա մոր հետ»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: