Երիտասարդ վարորդը մութն ընկնելուն պես Porsche-ի վրա փակցնում էր ռուսական համարանիշներ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Feb 25, 2016 Comments Off on Երիտասարդ վարորդը մութն ընկնելուն պես Porsche-ի վրա փակցնում էր ռուսական համարանիշներ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի M 001 HM համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված համարանիշներով Porsche-ի վարորդը մութն ընկնելուն պես, ինչպես ժողովուրդն է ասում, «պորճավարի զվռնում է» երևանյան փողոցներում: Մի քանի օր ճանապարհային ոստիկանությունը անհրաժեշտ գործողություններ է կատարել, որպեսզի երիտասարդ «շումախերչիկին» հայտնաբերի հենց նշված համարանիշներով, քանի որ լույս ժամանակ նա մեքենան վարում էր օրինական համարանիշներով: Նշված արարքի համար երիտասարդ վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվելու 100 հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 36 տրանսպորտային միջոց, որից 28-ի վարորդները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր խմած վարորդները տուգանվելու են 150-350 հազար դրամի չափով: ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները և որ ամենակարևորն է, առաջինը մտածեն իրենց անվտանգության մասին և «կոկոնները տաքացրած»՝ չվարեն ավտոմեքենա, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, անկախ վարած տրանսպորտային միջոցի մակնիշից, օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: