Հայաստանն անպայմանորեն ներքաշվելու է սիրիական կոնֆլիկտի մեջ. Հայկ Ա. Մարտիրոսյան

Feb 25, 2016 Comments Off on Հայաստանն անպայմանորեն ներքաշվելու է սիրիական կոնֆլիկտի մեջ. Հայկ Ա. Մարտիրոսյան

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:

Պարո՛ն Մարտիրոսյան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 27-ից Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ պայմանավորվել է, որ բոլոր հակամարտող կողմերը պետք է հաստատեն՝ իրենց կողմից կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը: Ավիահարվածներ հասցվելու են միայն ԴԱԻՇ-ի դիրքերին: Ձեր կարծիքով՝ հրադադարը իրականություն կդառնա՞, թե ահաբեկչությունը ոչնչացնելու անվան տակ այն պատերազմը նորից կշարունակվի՝ դառնալով Սիրիայի ժողովրդի դժբախության պատճառը:

Հարվածներ շարունակվելու են հասցվել ոչ միայն ԻՊ-ին, այլև Ալ-Նուսրային, Ահրար ալ-Շամին և այլոց: Դրանք այն ահաբեկչական կազմակերպություններն են, որոնք որևէ կոմպրոմիսի պատրաստ չեն և չեն գնալու՝ այսպես ասված՝ երդվյալ ջիհադիստները: Եվ լավ է, որ նրանց ուղղված հարվածները չեն դադարեցվելու: Ընդհակառակը՝ այլ ուժերի դեմ ուղղվող էներգիան արդեն կենտրոնացված կերպով կուղղվի այս՝ առավել ազդեցիկ կազմակերպությունների դեմ, և դա Ռուսաստանի ռազմավարական հաշվարկի մի մասն է կազմում: Ինչ վերաբերում է Սիրիայի ժողովրդի դժբախտության պատճառին, ապա այդ պատճառը պետք է փնտրել հենց նույն այդ ժողովրդի մի հատվածի մեջ, որն արդեն մի քանի տասնամյակ ապրում էր շարիաթի երազանքով և հինգ տարի առաջ փորձեց այն իրականություն դարձնել: Հենց այդ հատվածի դժբախտությունը պետք է կատարելության հասցնել և ի չիք դարձնել ջիհադիստական պետության հիմնման նրանց այդ վաղեմի երազանքը:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճակատագիր կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով արդեն հրամանագիր է ստորագրել ապրիլի 13-ին խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելու մասին: 

Նախագահ Ասադի ճակատագիրը միայն Աստծուն է հայտնի: Եթե ֆորս մաժոր չլինի, ապա նա դեռ երկար կմնա նախագահի պաշտոնին: Հինգ տարի շարունակ դիմադրել միջազգային վահաբիստական-իսլամիստական կոալիցիայի աննկարագրելի ճնշմանը և երկրի ներսում ջիհադիստների բանակների անդադար հարվածներին՝ քչերին կարող էր հաջողվել: Ասադը հաղթահարեց երկարատև պատերազմում փլուզման սպառնալիքը և վերջին՝ ամենաճակատագրական պահին ստացավ Ռուսաստանի օգնությունը: Այժմ, այո՛, թեև Սպիտակ տունը շարունակում է պնդել, որ նա չպետք է Սիրիայի ապագայի մաս կազմի, սակայն փաստացի ընդունում է, որ այսօր Սիրիան Ասադին այլընտրանք չունի և դեռ երկար չի ունենա: Այն, ինչ Սպիտակ տան տերը հասկանում էր վաղուց, այսօր արդեն գիտակցում է և ամերիկյան իսթեբլիշմենթի մի փոքրիկ հատվածը ևս: Եվ դա այն է, որ Ասադն անգամ ԱՄՆ շահերի առումով անհամեմատելիորեն ավելի ձեռնտու է Նահանգներին, քան այլընտրանքը, որն այս պահին միայն ծայրահեղականությունը կարող է լինել:

Բավական բարդ իրավիճակում է հայտնվում Թուրքիան…

Թուրքիան ներքաշված է կոնֆլիկտում ուղղակիորեն, և իր դիրքորոշումն այդ երկիրը չի փոխելու: Ընդհանրապես թուրքական քաղաքականությունը Սիրիայում անհավանական ինչ-որ ֆիլմի սցենար է հիշեցնում, բայց այն փաստ է և շարունակելու է հարստանալ նոր մանրամասներով: Ընդհանրապես այս ողջ պատմությունից պետք է դասեր քաղեն Թուրքիայի հետ երբևէ մերձեցման ձգտող նրա բոլոր ոչ բարեկամ կողմերը, հատկապես Հայաստանը: Թուրքիան հետապնդում է սեփական շահը՝ համաձայն իր ազգային գաղափարախոսության և տվյալ ժամանակի ղեկավարության պատկերացումների: Դա մի խժռող ուժ է, որն անկախ ամեն հանգամանքից՝ ձգտելու է ջնջել, սրբել և ոչնչացնել այն ամենն, ինչ հակասում է իր ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին: Իսկ այդ գաղափարախոսության իրականացման ճանապարհին ամենամեծ և ամենաանմիջական խոչընդոտը Հայաստանն ու հայերն են:

Հայաստանը ևս պարտադրված կամ ստիպված կլինի ներքաշվել կոնֆլիկտի մեջ, եթե, օրինակ, ռուս-թուրքական լարվածությունը վերածվի առճակատման:

Հայաստանն անպայմանորեն ներքաշվելու է սիրիական մղձավանջի մեջ: Քաղցկեղն անպայմանորեն տարածվող հիվանդություն է, և մետաստազները, ցավոք, նաև մեզ կհասնեն: Դա, թերևս կլինի ռուս-թուրքական հակամարտության համատեքստում: Սակայն պետք է հասկանալ, որ դա Թուրքիայի համար՝ Հայաստանի հետ իր պատմական հաշիվները մաքրելու առիթ կլինի և ո՛չ պատճառ: Պատճառը պետք չէ փնտրել Հայաստանում և ոչ էլ Ռուսաստանում: Պատճառը մի քանի դարի արմատներ ունի, և մենք պետք է դա վերջապես գիտակցենք:

Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը օրերս հայտարարել էր, որ եթե ռուս-թուրքական պատերազմ սկսվի, ապա Հայաստանը ամեն ինչով կաջակցի Ռուսաստանին: Սա բավականին սուր արձագանք գտավ մեր իրականության մեջ: Մեզ համար չեզոք մնալը վտանգավո՞ր է:  

Չեմ ուզում մեկնաբանել որևէ հայ կուսակցապետի հայտարարություն, բայց եթե որպես հայացք դիտարկենք՝ ապա ո՞ւմ պետք է աջակցի Հայաստանը: Թուրքիայի՞ն: Չեզո՞ք մնա: Քրդերը չեզոք էին՝ զինադադար ունեին Թուրքիայի հետ: Սիրիան ընդհանրապես եղբայրական պետություն էր դարձել թուրքերի համար: Խոսվում էր զրո խնդիրների մասին: Եվ ի՞նչ պատահեց: Ո՞վ նախահարձակ եղավ, ո՞վ դաշնակցեց համաշխարհային մեծագույն չարիքի՝ Սաուդյան Արաբիայի հետ: Սիրիա՞ն, Ռուսաստանը՞ թե՞ քրդերը: Իսկ ո՞ւմ պետք է աջակցի Հայաստանը: Վախվորած չեզոքությո՞ւն պահպանի, մատուցի իր ծոծրակը՝ հարմար կտրելու համար, թե՞ կոալիցիա կազմի իր հակառակորդի հակառակորդի հետ: Վստահեցնում եմ՝ ԱՄՆ-ն այդ հակամարտությունում, եթե, իհարկե, Քրուզը, Ռուբիոն կամ Քեյսիքը չլինեն նախագահ, Թուրքիային չի աջակցելու: Չափազանց մեծ է այսօր արդեն դժգոհությունը Վաշինգտոնում Անկարայից, և դա Երևանը նույնպես պետք է հասկանա:

  Սիրիական համակարտության համատեքստում Թուրքիայի տրոհման սցենարի իրագործումը հավանական համարո՞ւմ եք:

Այո՛, համարում եմ: Պատմությունը միշտ կրկնվում է, և այն, ինչ տեղի էր ունենում Առաջին համաշխարհայինի ավարտին, կարող է այլ տարբերակով կրկնվել և հիմա: Մի բան փաստ է. Թուրքիան աննախադեպ անկայունության մեջ է հայտնվել և շարունակում է ուժեղացնել դրա դրդապատճառ հանդիսացող գործոնները: Եթե ամեն գնով փորձում ես սպանել թշնամուդ, բայց այդ ընթացքում դեպի անդունդ ես հրում նաև քեզ, վաղ թե ուշ, նրա հետ թե առանց նրա՝ կհայտնվես այդ անդունդում:

 Ի՞նչ ապագա կունենան ռուս-թուրքական հարաբերությունները:

Ռուս-թուրքական եղբայրություն այլևս երկար չի լինի: Երկու երկրներն էլ անցել են ռուբիկոնը: Նաև Ռուսաստանը դասեր է քաղել այդ «բարեկամությունից», և այդ դասերը դեռ երկար չի մոռանա: Լարումը միայն կմեծանա: Քրդերն արդեն ռուսական գաղտնի աջակցություն են ստանում: Թուրքիան, իր հերթին, փորձելու է ապակայունացնել Հյուսիսային Կովկասը և բացառված չէ՝ նաև Հարավայինը: Իսկ թե ինչ կա Հարավային Կովկասում՝ գոնե հայերին լավ է հայտնի:

 

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: