Մեծ հարցականների տեղիք

Feb 19, 2016 Comments Off on Մեծ հարցականների տեղիք

Օրերս ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում կայացած Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկության արդյունքում  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օգտին «կողմ» քվեարկեց 5 պատգամավոր, իսկ Արման Թաթոյանի օգտին՝ 7:

«Սիվիլնեթ» լրատվական կայքի  եթերում  խոսելով այդ արդյունքներից ու ընդդիմության պատգամավորների պահվածքից, Զարուհի  Փոստանջյանը Արման Թաթոյանին պաշտպանելու համար՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին որակել է  դասալիք՝ ընդդիմության մեջ:
Զարուհի Փոստանջյանը ընդգծված վիրավորական տերմիններ է օգտագործել բնութագրելու համար նախկին զինդատախազին:

«Ես կարծում եմ, որ Ջհանգիրյանը միանշանակ պետք է քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին: Սա մեկնաբանելու բան չէ: Ընդդիմության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանն էր»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը ընդգծեց, որ միանշանակ պետք էր ձայն տալ ընդդիմության թեկնածուին:

«Դա այնքան ակնհայտ է, որ անգամ քննարկման ենթակա չէ: Լավ կլիներ, որ ՀԱԿ-ը սեփական թեկնածու ունենար և մենք չընդառաջեինք իրենց: Այդ դեպքում կհասկանայի Ջհանգիրյանի պահվածքը: Սակայն, այս դեպքում, երբ երկու թեկնածու էր` չեմ հասկանում:Եթե ընդդիմության ներկայացուցիչը` ընդդիմության ներկայացուցչի համար չի քվեարկում `մեծ հարցականների տեղիք է տալիս»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ  Զարուհի Փոստանջյանը մի որակում էլ է արեց Ջհանգիրյանի հասցեին. «Բանտախցերից էլ էին ինձ զանգահարում եւ ասում, որ տվյալ անձը, որը գովեց Թաթոյանին, փաստորեն, ինչպես նախկինում եղել էր мусор, կներեք բառի համար, այդպես էլ մնացել է»:

Լուսինե Ղազարյան

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: