ԱԺ-ում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, ցուցարարները գրոհում են վարչապետի դղյակի վրա. Լ. Հարությունյան

Feb 19, 2016 Comments Off on ԱԺ-ում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, ցուցարարները գրոհում են վարչապետի դղյակի վրա. Լ. Հարությունյան

Հարցազրույց ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ:

 

Տիկի՛ն Հարությունյան, արդեն մեկ շաբաթ է, ինչ հայ հասարակությունը, վերլուծաբանները քննարկում են հանրապետության նախագահի ելույթը: Բոլորը փորձում են հասկանալ` ի՞նչ նպատակ էր այն հետապնդում, ո՞ւմ էր ուղղված: Իբրև գիտնական և սոցիոլոգ` Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում նախագահի խոսքը:

Ըստ իս` դա երկրի լիդերի խոսք էր, որն ուղղված էր ընդհանուր հանրությանը երկրի ներսում, ինչպես նաև միջազգային կառույցներին, որոնք նպաստում են Հայաստանի ժողովրդավարացման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին: Սակայն նախագահի խոսքի հիմնական մասը ուղղված էր չինովնիկներին, ովքեր նստած էին դահլիճում: Փոքր ու մեծ պաշտոնյաներին նախագահը փորձում էր նկարագրել ապագան, այն, թե սահմանադրության   փոփոխությամբ ինչ է կատարվելու երկրում: Նախագահի խոսքում ամենահզոր մեսիջը ուղղված էր դահլիճում նստած չինովիկներին, ում ասվեց` Դուք այլևս որոշիչ դեր չեք ունենալու և ստիպված եք լինելու  ծառայել պետությանն ու ժողովրդին:

Իսկ նախագահը չի՞ վախենում չինովնիկների բունտից:

Կարծում եմ՝  չի վախենում, համոզվել է, որ այլևս չի կարելի հանդուրժել և անտեսել չինովնիկների բունտը: Չինովնիկներին ուղղված մասը բավականին հստակ մեսիջ է պարունակում: Նախագահն ասում է, որ այսուհետ չի հանդուրժելու չինովնիկների  անընդունելի պահվածքը: Նախագահը պարզ ասում է` ինչպես հարկն է կաշխատեք, պետությանը և ժողովրդին կծառայեք, կլինեք իշխանություն, եթե ոչ՝ չեք լինի: Գաղտնիք չէ, որ չինովնիկների բունտը վաղուց է թափ առել մեզանում:  Անարդյունավետ աշխատանքը, կոռուպցիան, թալանը, երկրի նպատակների  խեղաթյուրումը, հասարակ մարդու կարիքների անտեսումը այդ բունտի վառ արտահայտություններն են: Նախագահը այլևս չի ցանկանում հանդուրժել չինովնիկների բունտը, որը պատիվ չի բերում ու թուլացնում է իշխանությանը:

Կներեք, բայց չէ՞ որ այս բոլոր չինովնիկները իր թիմակիցներն են, ինքն է ընտրել նրանց:

Կարծում եմ՝ համակարգն է ընտրել: Չինովնիկը մեր իրականության մեջ դարձել է մի անդրոիդ, ով աշխատում է ստեղծված համակարգի համար, հակառակ պարագայում ինքը շատ արագ դուրս կնետվի: Չինովնիկը ընդամենը համակարգի պտուտակն է, նա աշխատում է իր գրպանի համար, նրա աշխատանքային մեթոդը կոռուպցիան է, իսկ արժեքներ և ազգային շահ նրա համար գոյություն չունեն: Ձեր անբարոյականությունը վերևների վրա մի բարդեք ասելով՝ նախագահը մեկ աստիճան վերև է կանգնում համակարգից: Իսկ չինովնիկների փոխարեն` կուսակցություններն են որոշելու արտահայտությունը գալիս է ցույց տալու այլընտրանքային մեխանիզմի մուտքի փաստը:

Նախագահը նաև ասաց, որ սոցիալական սուր պրոբլեմներին կտրվեն կոմպրոմիսային լուծումներ: Սա շատ հետաքրքիր սկիզբ է նոր սահմանադրությունը կյանքի կոչելու համար:

Նախագահը ներկայացրեց ապագայի իր տեսլականը և արդի բարեփոխումների նպատակը. նա նկարագրում էր գրեթե իդեալական Հայաստան, որտեղ մարդիկ երջանիկ են: Ես, օրինակ, կցանկանայի ապրել այդպիսի Հայաստանում:

Անկեղծ ասած` ես էլ, բայց խնդիրն այն է, թե այդպիսի Հայաստան ե՞րբ կունենանք, և կունենա՞նք արդյոք:

Մեզնից է կախված` կունենա՞նք, թե՞ ոչ: Իր խոսքում նախագահը իրականում շրջանցում է տնտեսական համակարգի թեման, շեշտադրված են քաղաքական համակարգի բարեփոխման և դրա հետ սերտորեն կապված նոր քաղաքական մշակույթի ձևավորման անհրաժեշտության հարցերը:

Փաստորեն նախագահը խոսել է հիմնարար փոփոխությունների մասին, որոնք պետք է երկրում տեղի ունենան առանց հեղափոխության, միայն սահմանադրական բարեփոխումների շնորհիվ: Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների նպատակը համեստ է՝ զարգացմանը նոր արագացում հաղորդելն է ու թերությունների շտկումը: Փաստորեն, ռեֆորմների նպատակը քաղաքական համակարգի փոփոխումն է առանց տնտեսական համակարգի էության փոփոխման: Ցավով պետք է փաստեմ, որ եթե Հայաստանում տնտեսական համակարգը մնա անփոփոխ, և եթե իշխանությունը կառչած մնա նեոլիբերալ տնտեսական մոդելին, ապա սահմանադրական ռեֆորմը ոչինչ չի փոխի մեր կյանքում:

Անցումը շուկայական հարաբերություններին մեզանում տեղի է ունեցել հախուռն ու տարերային ձևով՝ առանց հաշվի նստելու երկրի ու բնակչության ու պատմական պահի առանձնահատկությունների հետ: Արդյունքում մեր վզին փաթաթած տնտեսական զարգացման նեոլիբերալ մոդելը չի աշխատում: Այն, համոզված եմ, չի աշխատի նաև նոր սահմանադրության ներդրումից հետո, քանզի Հայաստանը կշարունակի լինել պատերազմող ետսովետական երկիր, որին դժվար է դիմակայել գլոբալացվող աշխարհի մարտահրավերներին: Ելքը տնտեսական մոդելի փոփոխման մեջ է: Միայն տնտեսական համակարգի փոփոխմամբ կարելի է ձևավորել այն նոր սկիզբը, որի մասին խոսում է նախագահը: Հավելեմ, որ չեմ կասկածում, որ նախագահը ինձնից լավ գիտի այդ հիմնարար օրինաչափության մասին:

Սերժ Սարգսյանի ճառում խոսվում է ազգի ներուժի համախմբման մասին, սակայն կարծում եմ, այդ անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլը չի նվազեցնի սոցիալական բևեռացումը, չի հաստատի արդարություն և չի բերի համաձայնության և համախմբման: Մենք դրան չենք հասնի, անգամ եթե ձևավորվի այն հայկական գեղեցիկ ինքնությունը, որը գունեղ ձևով նկարագրում է նախագահը: Շնորհակայություն իրեն, որ հայ մարդուն այդքան գեղեցիկ է նկարագրում:

Այսինքն` Դուք գտնում եք, որ մենք չենք կարող քաղաքական համակարգը փոխել,  քանի դեռ տնտեսական համակարգը մնում է նույնը:

Չենք կարող, որովհետև տնտեսական համակարգը անընդհատ կվերարտադրի իր շահերը սպասարկող քաղաքական համակարգ: Համամիտ եմ՝ այսօրվա քաղաքական համակարգը  չի աշխատում, և նախագահը  դրանում համոզված է:  Այս պարագայում սահմանադրական բարեփոխումը, չաշխատող քաղաքական համակարգը  վերակենդանացնելու միջոց է դիտվում: Սակայն սահմանադրական ռեֆորմը որոշ տեղաշարժեր կարող է կատարել, այն ի վիճակի է նորացնել որոշ չաշխատող հանգույցներ և գունեղ դարձնել քաղաքական համակարգի դեմքը: Արդար դատարանի ստեղծումը և շահերի համաձայնեցման ինստիտուտների ստեղծումը, ինչի մասին խոսում է նախագահը, պահանջում են միայն քաղաքական կամք, ցանկություն և պատրաստակամություն՝ շունչ տալու սոցիալական ինստիտուտներին: Կարևոր է ինստիտուտների համակարգը համալրել և զարգացնել:Ի դեպ, Նախագահը խոսում էր Հայաստանի կառուցման մասին և առաջ էր քաշում նախկինում բարձր ատյանից չհնչած գաղափարներ, օրինակ՝ քաղաքական փոխզիջումների գաղափարը:

Բայց, ցավոք, նախագահը չմանրամասնեց իր միտքը. հնարավոր է, որ նա նկատի ուներ հասարակական պայմանագրի ինստիտուտը, որն արդյունավետ գործում է զարգացած երկրներում, բայց Հայաստանում գոյություն չունի: Հնարավոր է՝ խոսքը սոցիալական կոնտրակտի մասին է, որպես աքատության հաղթահարման նոր տեխնոլոգիայի, որը բազում երկրներում օգնել է լուծել սուր կոնֆլիկտներ: Հուսով եմ՝  բարեփոխումների մեխանիզմների հետագա քննարկումը կտա հնարավորություն հասկանալու՝ ինչպիսի ինստիտուցիոնալ նորարարության մասին էր խոսում նախագահը:

Նախագահը իր տեսլականում խոսեց արդար դատարանի մասին, որովհետև առանց արդար դատարանի նեոլիբերալ  տնտեսական մոդելը  չի կարող  աշխատել:

 Բայց նախագահն ասաց, որ ինքը հեղափոխություն չի անելու, իսկ Ձեր ասածը հեղափոխությո՞ւն է ստացվում:

Նախագահը խոսում է պետության և ազգի շահերից, բայց նա միաժամանակ պահպանողական է և իր հարազատ կուսակցության ներկայացուցիչն է: Նա չի կարող գնալ հեղափոխության ճանապարհով: Չնայած գիտի, որ համակարգն է ծնել աղքատությունը, սոցիալական բևեռացումն ու օտարումը, որը պատերազմող երկրի համար անթույլատրելի է:

Նա չի կարող գնալ հեղափոխության ճանապարհով նաև այն պատճառով, որ հավատում է, որ սահմանադրական փոփոխությունները կվերացնեն անարդարությունը, հուսահատությունը, կոռուպցիան և արտագաղթը:

Ձեր կարծիքով` այսպիսի ելույթից հետո ինչպիսի՞ քայլեր պիտի անի նախագահը, որպեսզի  մենք հավատանք, որ այն, ինչ մենք լսեցինք ու կարդացինք, սոսկ խոսքեր չեն:

Բացի տնտեսական մոդելի փոփոխությունից՝ կա չորս հիմնական քայլ, որոնց իրականացումը դարձել է պահի հրամայական: Կուզենայի, որ նախագահը  այդ քայլերը անպայման իրականացներ: Առաջին՝ իշխանությունից, հատկապես գործադիր իշխանությունից պետք է  հեռացնել մուլտիմիլիոնատերերին:Երկրորդ՝ պետք է գահընկեց  անել մարզային իշխաններին, որոնք իրենց անձեռնմխելի բդեշխներ են կարծում:

Երրորդ՝ պետք է հրաժարվել <<պախանների>> և <<թաղային ավտարիտետների>> կեղծ <<ինստիտուտից>>, որոնք ընտրությունների ժամանակ կեղծիքների ու ճնշումների ճանապարհով ձայներ են ապահովում: Ի  վերջո, նախագահը  համոզված է, որ ընտրական գործընթացով պետք է միայն քաղաքական կուսակցությունները զբաղվեն:

Ընդ որում, ձայն բերողներից պետք է հրաժարվել մինչև 2017 թվականը, քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրանց կարիքն այլևս չի լինելու:  Վերջապես՝ պետք է ստեղծել հասարակական ինստիտուտներ, որոնք կարող են օր առաջ սոցիալական համաձայնություն ապահովել: Ելնելով ելույթից՝ կարծում եմ , որ Նախագահը զգում է հանրային ինստիտուտների կարիքը. հարազատ մնալով իր <<Քարավանը գնում է>> մարտավարությանը՝ նա, համոզված եմ, կստեղծի այդ ինստիտուտները, մինչև որ ընդիմությունը ինքն իրեն հավաքի ու հստակեցնի իր անելիքները:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴին իշխանության մաս դարձնելու նախագահի քայլը:

 Իմ կարծիքով` եթե ՀՅԴն մինչև վերջ հավատար նոր սահմանադրության մեջ ամրագրված գաղափարներին, նա չէր համաձայնի այս փուլում դառնալ իշխանության մաս: ՀՅԴն վերցնում է պորտֆելներ, որովհետև 2017 թվականի ընտրությունների ժամանակ վարչական լծակի կարիք ունի, իրենք հասկանում են, որ այս լծակներն իրենց պետք են ձայներ ստանալու համար: Այսինքն՝ իրենք չեն հավատում, որ Հայաստանում արդար ընտրություններ են լինելու, իսկ դա նոր սահմանադրության ամենակարևոր գաղափարներից մեկն է:

Իրականում դաշնակցությունն ավելի մոտ է կանգնած ժողովրդին, և իրենք, լինելով սոցիալիստական կուսակցություն, կարող էին դառնալ համակագային ընդդիմություն՝ գրավելով նոր ձախերի թափուր մնացած տեղը և ստանձնելով աշխատավոր մարդու իրավունքների պաշտպանության կարևոր գործը: Բայց եթե իրենք համաձայնություն կնքեցին իշխանության հետ, կապ չունի՝ դա կլինի կոալիցիա, թե սովորական քաղաքական համաձայնագիր. իրենք այլևս ընդմիշտ դառնում են իշխանություն: Իսկապես ափսոսում եմ դրա համար, որովհետև ՀՅԴի տեղը տեսնում են համակարգային ընդդիմության դաշտում:

Ընդհանրապես ընդդիմադիր ձախակողմյան ուժերի ձևավորման խնդիրը շատ կարևոր է, մեր քաղաքական համակարգի հիմնական պրոբլեմն այն է, որ մենք չունենք այդպիսի ուժեր: Մեր բոլոր քաղաքական ուժերը` և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, աջակողմյան են, դրա համար էլ մեզ մոտ քաղաքական պայքար չկա, այլ կա պայքար իշխանության համար: Նման պայքարը երբեք չի կարող արդյունք տալ, քանի դեռ ընդդիմությունը ռազմավարական ծրագիր չի դրել սեղանին: Այս պահին ով նման ծրագիր

առաջ քաշեց, նա շահելու է քաղաքական պայքարում, բայց, ցավոք, մենք չունենք արդյունավետ համակարգային ընդդիմություն: Նման ֆունկցիա, կրկնում եմ, կարող էր իր վրա վերցնել միայն ՀՅԴ-ն, այն էլ դառնում է իշխանություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը դեռ մինչև սահմանադրական հանրաքվեն առնվազն երկու անգամ հրապարակավ հայտարարել էր, որ ինքը ցանկություն չունի դառնալ հանրապետության նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ: Ձեր տպավորությամբ, այնուամենայնիվ, նա կհեռանա՞, թե կմնա՞ երկրի լիդեր:

Ես արդեն ասացի, որ իր ելույթը ազգի և պետության լիդերի խոսք էր, և այսպիսի բառեր արտասանած մարդը չի կարող թողնել ու հեռանալ: Ես կարծում եմ` նա ոչ մի դեպքում չի հեռանա, նա հասարակությանը հրավիրել է իր հետ միասին հզոր ու ազատ Հայաստան կառուցել:

Վերջին հարցը. պատկերացնենք` 2017 թվականն է, և Հայաստանի խորհրդարանական ընտրություններից երեք ամիս է անցել. Դուք ինչպիսի՞ն եք տեսնում այդ օրվա Հայաստանը:

Ի պատասխան Ձեր հարցի՝ կարող եմ մի տեսարան ուրվագծել. միջին ապահովվածության հայ ընտանիքը նստած է ընթրելու զավակների հետ միասին, միացնում է հեռուստացույցը, որտեղ լուրերով 2 կարևոր իրադարձություն են ցույց տալիս. առաջին՝ խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, խորհրդարանական մոդելին դա շատ բնորոշ է, իսկ փողոցում ձախակողմյան ուժերի բողոքի ցույցն է ընթանում, ցույցի դուրս եկած աշխատավորները, ովքեր պահանջում են աշխատավարձի բարձրացում և հարկերի իջեցում, գրոհում են վարչապետի դղյակի վրա:

Ես կուզենայի լուսաբանել այդ միջոցառումներից որևէ մեկը: Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: