Նախագահը մեկ անգամ էլ զգուշացրեց չքնաղ ու բազմաչարչար չինովնիկներին

Feb 17, 2016 Comments Off on Նախագահը մեկ անգամ էլ զգուշացրեց չքնաղ ու բազմաչարչար չինովնիկներին

Սահմանադրության կենսագործման վերաբերյալ Սերժ Սարգսյանի ընդգրկուն ելույթի վերաբերյալ մի քանի հարց տվեցինք ՀՀԿ-ական հին գվարդիայի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանին:

-Պարոն Կարախանյան, Սերժ Սարգսյանը կարծես թե նախընտրական ելույթով հանդես եկավ, խոսեց բազում բաների մասին, որոնց մասին ձգտում ու երազում են ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները՝ արդարություն, իրավահավասարություն, կոռուպցիայի բացառում եւ այլն եւ այլն, ո՞ւմ էր ուղղված ելույթը, ի՞նչ նպատակ էր այն հետապնդում:

-Դուք լսել եք ելույթը, ես էլ եմ լսել, տեղին ելույթ էր, բայց նաեւ լավ կլիներ, որ մի քիչ շուտ լիներ: Բոլոր դեպքերում ժամանակի ու տարածության հարցը ես չէ, որ պետք է լուծեմ, դա նախագահին է վերապահված: Գուցե սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացներով պայմանավորված՝ պահը ճիշտ էր ընտրված:Հասցեատերը կարծում եմ կոնկրետ անձ չէր, համընդհանուր էր, որ մեր կյանքի իրականության մեջ իրադարձություններ են տեղի ունենում, մարդկային գործոնի ոչ ճիշտ ձեւակերպումներ են լինում, հետեւաբար այսուհետ պետք է ավելի զգոն լինել, սթափ լինել, որպեսզի համաչափ քայլեր անենք ապագայի նկատմամբ:

-Այսպիսի ելույթներ հայ ժողովուրդը առաջին անգամը չէ, որ լսում է, հնչել են բոլոր ընտրություններից առաջ եւ առհասարակ: Չեք կարծում, որ խոսքից գործի անցնելու ժամանակն է, որեւէ մեկը ՀՀԿ-ի խոսքին այլեւս չի հավատում:

-Կարծում եմ, որ քաղաքական կամքը սկզբից է գալիս, բայց քանի որ մենք գործ ունենք հայոց աշխարհի այսպես ասած չքնաղ ու բազմաչարչար չինովնիկների հետ, կարծում եմ, որ երբեք ավելորդ չէ նորից հիշեցնի ու զգուշացնի:

-Սերժ Սարգսյանը հանդարտության կոչեր էր անում, հորդորում ժամանակից շուտ քարոզչության չտրվել, մամուլով իրար դեմ չպայքարել, այլ գործ անել, իշխանության ո՞ր թեւին էր ուղղված այս նախատինքները եւ արդյոք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը գործընթացներն ամբողջությամբ իր ձեռքն է վերցնում ու չի հստակեցնում ապագայի իր դերակատարումը նաեւ:

-Ես անձամբ նման խնդիր չեմ ունեցել, բայց չեմ բացառում, որ ՀՀԿ-ում էլ լինեն մարդիկ, որոնք իրենց հարցերը լուծում են մամուլի միջոցով, այդ դեպքում նաեւ ցավալի մի նոր իրողություն է բացվում մեր առջեւ, որ մամուլն անաչառ չի եւ նա կարող է կաշառվել:

-Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքական համակարգում կողմ չէ հեղափոխություններին, այլ էվոլուցիայի ջատագով է, բայց մենք տեսանք, որ երիտթեւի նկատմամբ էլ անասելի ջերմությամբ չէ լցված, ինչի՞ կարող է հանգեցնել արհեստական էվոլուցիան եւ առհասարակ ինչ եք հասկանում էվոլուցիայի անվան տակ:

-Ճիշտն ասած պահպանողական լիդերի համար պատասխանատու հարց է: Էվոլուցիան ցանկացան ընտանիքում այսպես է գնում՝ պապեր, տատեր, հետո զավակներ, թոռներ, ամեն ինչը պետք է լինի ոչ ռեվոլուցիոն ճանապարհով, եթե այսօր երիտասարդ սերունդը չի բավարարում , չպետք է գնա արհեստական, ռեվոլուցիոն ճանապարհով:

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: