Հովիկ Աբրահամյանը  խաղաքարտերը բացելու փորձ է արել

Feb 05, 2016 Comments Off on Հովիկ Աբրահամյանը  խաղաքարտերը բացելու փորձ է արել

Կառավարության նիստի օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է գազի սակագնի հարցին. «Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»,- ասել է նա:

Սա վարչապետի կողմից արված բավական ուշագրավ հայտարարություն է, եթե  հաշվի առնենք, որ մինչ այդ պաշտոնապես որևէ հայտարարություն չէր արվել գազի գնի նվազման  հնարավորությունների մասին: Հայտնի էր միայն, որ Հայաստանի կառավարությունը դիմել է <<Գազպրոմ Արմենիա>> կազմակերպությանը ՝գազի գնի նվազեցման հարցով, ու սակագնի հարցը այս պահին քննարկվում է: Այս մասին իր նախորդ շաբաթ հրավիրած ասուլիսում հայտնել էր Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Բայց բանակցությունների ընթացքի  հետ կապված մանրամասներ հայտնի չէին, ընդհանուր տպավորություն էր, որ դրանք փակ ընթացակարգով են  արվում: Մամուլում տեղեկատվական արտահոսք եղավ, որ Հայաստան մատակակարվող  գազի սակագնի կարող է 20 տոկոսով նվազել, որը կարող է անդրադառնալ նաև սպառողական սակագնի վրա: Այդ դեպքում մեկ խորանարդ մետր գազի գինը այժմյան 156 դրամի փոխարեն կարող էր  դառնալ 125 դրամ:

Փաստորեն,  Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, խաղաքարտերը բացելու փորձ է արել՝ ակնարկելով, որ  Գազպրոմի շահութաբերության խնդիրը բանակցությունների ընթացքում կարող է խոչընդոտող հանգամանք դիտվել: Հասկանալի է, որ եթե գինը նվազում է, Գազպրոմի՝ Հայաստանի շուկայից ակնկալվող եկամուտները ևս նվազելու են: Ըստ էության` Գազպրոմը չի համաձայնվում սպառման փոքր ծավալների դեպքում գինը նվազեցնել: Հովիկ Աբրահամյանն էլ փորձում է հիմնավորել, որ գնի իջեցման դեպքում գազը բացի բնակիչ բաժանորդների սպառողական նպատակներից, կարող է լայնորեն կիրառվել նաև տնտեսության մեջ ՝ մեծացնելով սպառման ծավալներն ու ակնկալվող շահութաբերությունը:

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: