Նյարդային վիճակ

Feb 04, 2016 Comments Off on Նյարդային վիճակ

 

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ ինքը իր հրաժարականի կամ պաշտոնակության մասին որևէ ինֆորմացիա չունի: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ իր հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն վարչապետի ու էկոնոմիկայի նախարարի հարաբերությունները: Հարցին, իսկ ինչպիսին են լինում վարչապետի ու էկոնոմիկայի նախարարի հարաբերությունները, Ճշմարիտյանը կատակով է պատասխանել է. <<Լավ, ինչպես որ դուք եք պատկերացնում>>: Իհարկե դժվար է ասել, թե Կարեն ճշմարիտյանը ինչից է ենթադրել, որ մենք, այսինքն՝ լրագրողներս իր ու վարչապետի հարաբերությունների մասին չափազանցված պատկերացում ունենք, սակայն եթե այդ հարաբերությունների հիմքում ընկած լինեին զուտ տնտեսական գործոնները, ապա դրանք վաղուց պետք է փչացած լինեին:

Դատեք ինքներդ՝ 2015 թվականին պլանավորված 4,4 տոկոս տնտեսական աճը այդպես էլ չապահովվեց, ու տարին փակվեց 3 տոկոս աճով: Տարեվերջին, այդ չիրականացված աճով պայմանավորված, 80 մլրդ դրամով չկատարվեց նաև պետական բյուջեն: Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, առաջացած ճեղքվածքը փակելու համար ստիպված է եղել ավելացնել արտաքին պարտքը՝ մոտ 52 մլրդ դրամով, ավելի քան 38 մլրդ դրամի ծախսեր էլ ուղղակի չեն կատարվել: Իսկ այս տարվա համար էլ ընդամենը 2,2 տոկոս աճ է նախատեսված, այսինքն՝ նախորդ տարվանից կրկնակի պակաս:

Բայց եթե այսքանից հետո Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Ճշմարիտյանի հարաբերությունները դեռ լավ են, ուրեմն այդ հարաբերություններին պետք է հումորով վերաբերվել:

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին՝ անցյալ տարի տնտեսական ակտիվությունն ապահովվել է երեք ոլորտներում՝ գյուղատնտեսություն (11,7%), արդյունաբերություն (5,2%) և ծառայություններ (2,7%): Տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,1%, մոտավորապես այդքան էլ կլինի աճը:

Մնացած բնոլոր ցուցանիշները բացասական են՝ ներկրումը եռակի անգամ գերազանցում են արտահանման ծավալները, երկրում առևտրի շրջանառությունը նվազել է 8%-ով, որը, ըստ նախարարի,  պայմանավորված է մասնավոր տրանսֆերտների 37,2% կրճատմամբ: Հատկանշական է, որ ՌԴ-ից ստացվող տրանսֆերտները /իսկ դրանք  Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների ավելի քան  87%, են կազմում, անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով՝ նվազել են 43,4%-ով/: Ենթադրաբար առևտրի ծավալները ևս պետք է համապատասխանաբար նվազաեին, բայց, արի ու տես, որ չնայած տրանսֆերտների և ներկրման ծավալների կտրուկ նվազմանը՝ նույն ժամանակահատվածում ներքին առևտուրը, Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած տվյալներով, նվազել է ընդամենը 6,4%-ով: Այս ակնհայտ անհամապատասխանության առնչությամբ Կարեն Ճշմարիտյանը խոր վերլուծություններ չունի. չի կարող ասել՝ ինչու է այդպես:

Փոխարենը Ճշմարիտյանը հստակ գիտի, որ Հայաստանում մենաշնորհների գոյությունը հնարավոր չէ արգելել. պետությունը նման բան անել չի կարող: Ըստ Ճշմարիտյանի՝ Հայաստանի օրենսդրությունը չի կարող արգելել տնտեսությունում մենաշնորհրների գոյությունը:

Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ունի ամենամոնոպոլիզացված տնտեսությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրանքային շուկայում շրջանառության մոտ 40% բաժին է ընկնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտներին: Գերիշխող է համարվում այն սուբյեկը, որը տիրապետում է շուկայի 30%-ին:

Օրինակ՝ Ճշմարիտյանը չի՞ նյարդայնանում, երբ մեր երկրում մենք բանանը վաճառում են կիլոգրամը 1000 դրամով, իսկ Մոսկվայում այն 3 անգամ էժան է: Նախարարը ընդամենը ասել է, որ եթե մոնոպոլ դիրքի չարաշահում կա, ապա օրենսդրությունը պիտի կիրառվի խստորեն : Չարաշահումն իհարկե պոզով-պոչով չի լինում, դա արտահայտվում է բարձր գների տեսքով, իսկ այս, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերում սա ակնհայտ է: Բայց եթե բանանի միակ ներկրողը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի <<Քեթրին>> ընկերությունն է՝ ի՞նչ կարող է անել Ճշմարիտյանը:

Կամ էլ եթե հարևան Պարսկաստանում դիզվառելիքի գինը 80 դրամ է, իսկ մեզ մոտ 350, ի՞նչ պիտի անի էկոնոմիկայի նախարարը:  Ճշմարիտյանն իհարկե չի խոստովանել, բայց նա հաստատ նյարդայնանում է, որովհետև ուրիշ ավելի կոնկրետ քայլ անել կարծես թե չի կարողանում. ներդրումները չի ավելացնում, տնտեսության աճ չի ապահովում, մենաշնորհների դեմ էլ առնել չի կարող:

Դավիթ  Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: