Ով է փոխարինելու Կարեն Անդրեասյանին

Feb 04, 2016 Comments Off on Ով է փոխարինելու Կարեն Անդրեասյանին

Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում: Ազգային ժողովը երեկ ընդունել է ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգը, ինչը ենթադրում է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պետք է ներկայացնեն թեկնածուներին: Հաստատված նոր կարգով միայն հանձնաժողովականներին է թեկնածու ներկայացնելու իրավունք վերապահված:Ազգային Ժողովի կուլիսներում վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում է մի քանի թեկնածություններ,որոշ հանձնաժողովականներ էլ իրենց մտադրությունների մասին արդեն բարձրաձայնել են ԱԺ ամբիոնից:
Օրինակ նորաստեղծ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է առաջադրել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը. «Ես կարծում եմ, որ նա կարող է լինել  Մարդու իրավունքների լավագույն պաշտպանը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»,- ԱԺ ամբիոնից հիմնավորեց Էդմոն Մարուքյանը: Ի դեպ, կուլիսներում նա իր քայլը հիմնավորում է Զարուհի Փոստանջյանի անդիմադրելի ցանկությամբ: Դժվար է ասել՝ պարոն Մարուքյանը այս առաջադրումով իրե՞ն է հումորի նյութ դարձնելու ցանկություն հետապնդել, թե՞ Զարուհուն, բայց Փոստանջյանի խորհրդարանական վարքագիծն ու ՀՀԿ-ականների տածած վերաբերմունքը նկատի ունենալով այս թեկնածությունը ոչ միայն կմերժվի հանձնաժողովում, որի անդամների մեծ մասը ՀՀԿ-ականներ են, այլ զվարճանալու նյութ կդառնա:
ԲՀԿ-ում  ցանկություն կա առաջադրելու իրավապաշտպան Վարդան Հարությունյանի թեկնածությունը, սակայն տեղեկություններ կան, թե Հարությունյանը համաձայն չէ, քանի որ կարծում է, թե Հայաստանում հնարավոր չէ անաչառ ՄԻՊ աշխատել: ՀՀԿ-ում այս հարցի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա: Անցած շաբաթ քննարկումների կիզակետում հայտնվեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը, այդ առիթով Ջհանգիրյանը  կտրուկ չարձագանքեց՝ նշելով, թե նման առաջարկ չի եղել, փոխարենը ՀԱԿ-ում իրար խառնվեցին ու Զուրաբյանը որոշեց Ջհանգիրյանի փոխարեն կտրուկ հերքել այդ հեռանկարը: Իշխանությունները, լավատեղյակների պնդմամբ, Ջհանգիրյանի թեկնածությունը շրջանառության մեջ են դրել, որպեսզի ՀԱԿ-ում վերջնական պառակտման ալիք բարձրացնեն: Քննարկվում է նաեւ երիտասարդ Արա Վարդեւանյանի թեկնածությունը, որին աջակցում է հատկապես ՀՀԿ երիտթեւը:

Վարդեւանյանը հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի ամուսինն է, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականը, ՀՀԿ-ում այս թեկնածությունը միանշանակ չի ընդունվում, քանի որ պատճառաբանում են, թե լայն ճանաչում չունի ու անփորձ է: Իշխանությունների համար  ամենառեալ եւ ընդունելի թեկնածուն այս պահին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է,որը  մշտապես աչքի է ընկել իր անաչառ գնահատականներով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում եւ առաջադեմ հայացքներով:  Այս թեկնածուին առաջադրելով Հանրապետականը փորձելու է ցույց տալ նաեւ, որ իր համար , նախ, իբրև թե այդքան էլ կարևոր չէ այդ պաշտոնում տեսնել ՀՀԿ-ամետ մեկին և որ ՀՀԿ-ի համար կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացումը, ինչի վերաբերյալ վերջերս շատ քննադատության արժանացավ: Թեպետ Իշխանյանի թեկնածությունը դոմինանտ է դարձրել նաեւ իշխանությունների <<մարդը>> համարվող Վազգեն Մանուկյանի  փեսան լինելու փաստը: Նշենք, որ Ա.Իշխանյանը ղեկավարում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ՄԻ պաշտպանի հավանական թեկնածուների թվում իր անունը հնչեցնելու կապակցությամբ Ա.Իշխանյանը շտապել էր հերքել այդ լուրերը ՝  նշելով, որ բացառում է իր թեկնածության առաջադրումը: Սակայն հետագա մեկնաբանություններում կարծես չի բացառում: Այնուամենայնիվ , հիմա խոսվում է, որ նոր ՄԻՊ-ը պատոնավարելու է բավական կարճ ժամկետ, այ անցումային ՄԻՊ է լինելու, որովհետեւ 2017-ին քաղաքական վերադասավորումները չեն շրջանցելու նաեւ այս համակարգը ու կախված նոր  կազմից թերեւս հարկ է լինելու  նոր փոփոխության:Այնպես որ, հիմա իշխանությունը կարող է աջակցել ամենաանհավանական թվացող թեկնածուին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: