Մեղա՜, մեղա՜. Հեյդար Ալիևը գերեզմանում շրջվեց…

Feb 03, 2016 1 Comment

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հայտարարությունների ժամով կարելի է ասել մեկնարկեց նախընտրական տարին: Այսուհետ կավելանան պոպուլիստական ելույթների թիվն ու ամբոխահաճո հայտարարությունները: Եթե ՀՅԴ-ականներն ու ՀՀԿ-ականները օրախնդիր ունեն արդարացնելու առաջիկայում ձեւավորվելիք կոալիցիան կամ համագործակցության դաշինքը, ապա ՕԵԿ եւ ԲՀԿ-ական պատգամավորները բարձրաձայնում են պաշտպանության, գյուղնախարարության եւ առհասարակ բոլոր որլորտներում առկա խնդիրները: Միայն ՀԱԿ-ն է, որ մնացել է սահմանադրական հանրաքվեի ժամանակներում ու չի կարողանում դուրս գալ այդ շրջանից: Լեւոն Զուրաբյանը կրկին հիշեց ընտրությունները կեղծելում ճնշումների, խոշտանգումների մասին, գալով եզրահանգման, որ իշխանությանը հաջողվեց կեղծել, բայց չի հաջողվի բռնանալ մարդկանց կամքի վրա եւ կառավարել նրանց: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն էլ, որն աչքի է ընկնում իր հարձակվողական ելույթներով, այսօր ավելի շատ խաղաղության աղավնի էր հիշեցնում, որը իշխանությունից ուղարկվել էր ՀՅԴ-ՀՀԿ լարված հարաբերությունները ցրելու նպատակով: <<Հայտնի ճշմարտություն է, համագործակցաբար աշխատելն ավելի դյուրին է ու արդյունավետ։ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ունի համագործակցության գնալու փորձ, ուժ, վճռականություն, իմաստնություն։ Մենք ունենք մի նպատակ՝ է′լ ավելի ամրացնել ու ապահով դարձնել մեր երկիրը։ Եվ մեր կողքին տեղ ունեն այն ուժերը, ովքեր կիսում են այդ նպատակը>> հանդարտ բացատրում էր նա։ Ու վերջում ընկերավարական ոճով՝ <<եթե ուզում ես ընկեր ունենալ, առաջնահերթ պետք է ընկեր լինես>> ՀՅԴ-ին խայթեց երիտհանրապետականը։Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Ռուստամյանը հեղինակազրկված որակեց իշխանությանը, որին հետեւեցին ՀՀԿ-ական կսմիթներ ու դարձի բերեցին դաշնակցական ընկերներին, Արմեն Ռուստամյանը ստիպված եղավ հետ կանգնել խոսեքրից՝ մեղքը բարդելով լրագրողնեի վրա: Ինչեւէ, իշխանության դաշտում արշալույսները կարծես խաղաղվում են, դե իսկ ինչո՞ւ չօգտվել հարմար պահից եւ մտածել ոմանց հոգու փրկության համար, ընդհուպ Ալիեւի, որին լծվեց Մարգարիտ Եսայանը:Մանավանդ որ սույն տիկինը Սերժ Սսարգսյանի ապագայի հարցը լուծել էր, նրան տանը նստացնելու փոխարեն ամենալավ պաշտոնները շնորհել: ՀՀԿ-ականը հռետորական հարց հնչեցրեց՝ տարօրինակ չէ՞, որ Հայաստանի Ազգային ժողովում և մամուլում հնչում են տեսակետներ, որ ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտությունը ձախողվել է, մինչդեռ Բաքվում Ադրբեջանի նախագահը խորապես հուսահատ, համարյա լացացնող ելույթներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ու աշխարհի անարդարության մասին: <<Ինչու՞ է Իլհամ Ալիևը այդքան ծանր տանում Ռոբերտ Ուոլտերի զեկույցը մերժումը: Ջուրն ընկած փողե՞րն է ափսոսում, թե՞ իմիջը: Չէ, իհարկե, նա իրավունք ունի սեփական ժողովրդի հետ անկեղծանալ ու իր ծանր կյանքը պատմել՝ հարց է տալիս, չեն պատասխանում, ինչ ուզում է՝ չեն թողնում անի: Իրավունք ունի իր համար հասկանալի բացատրություն գտնել՝ կրկնակի ստանդարտներ: Պատճառն էլ իրավունք ունի հնարել՝ կրոնական գործոն: Իրենց հարցերին չեն պատասխանում ու իրենց ուզածները չեն անում, որովհետև իրենք մուսուլման են, իսկ Եվրոպան իսլամաֆոբիայով է տառապում: Ամեն ինչում հայկական լոբբին է մեղավոր>> Ալիեւի մտորումների խոսնակությունից հետո տիկին Եսայանը եկավ եզրակացության՝ եթե իսկապես հայկական լոբբին է լուծում աշխարհի հարցերը, Ալիեւնը թող դարձի գա ու քրիստոնյա դառնա՝ և հարցերին կպատասխանեն, և ֆոբիաները չեն խանգարի, և՝ հայկական լոբբին, թե չէ կյանք չէ՝ մի օր Եվրախորհրդարանը, մի օր Եվրոպայի խորհուրդը, մի օր Եվրամիությունը՝ քննադատում են ու քննադատում: Կարծում ենք, Ալիևը հենց այդպես էլ կանի: ՀՀԿ-ական տիկնոջ պես խոստովանամայր ունենալու դեպքում մարդն ակամա կուրանա թե կրոն, թե հայրենիք:Մեղա՜,  մեղա՜.  Հեյդար Ալիևը գերեզմանում շրջվեց…

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Մեղա՜, մեղա՜. Հեյդար Ալիևը գերեզմանում շրջվեց…” հրապարակմանը