Տիգրան Սարգսյանի մեծ թռիչքը

Feb 03, 2016 Comments Off on Տիգրան Սարգսյանի մեծ թռիչքը

Փետրվարի 1-ից Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահությունը: Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի որոշմամբ՝ Միության յուրաքանչյուր պետություն, ԵՏՀ կոլեգիայի երեք անդամների փոխարեն, այդ ղեկավար մարմնում ներկայացված կլինի երկուսով։ Այսպիսով, Կոլեգիայի քանակը փետրվարի 1-ից կազմում է 10 մարդ։ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի որոշմամբ՝ նոր պաշտոն է հաստատվել` Ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը, ով համարվում է Տիգրան Սարգսյանի մերձավոր կադրերից մեկը:

Տիգրան Սարգսյանը, երբ դեռ գլխավորում էր Հայաստանի գործադիր իշխանությունը, Կարինե Մանասյանը համարվում էր նրա ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Օրինակ՝ ժամանակին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություն ուներ այն ժամանակվա պետեկամուտների կոմիտեի նախագահ, այժմյան Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գործունեությունից, տիկին Մինասյանին՝ որպես  բարեփոխումների ոլորտը համակարգող տեղակալի, <<գործուղեց>> պետական եկամուտների կոմիտե: Սակայն Գագիկ Խաչատրյանը բարեփոխիչ տեղակալին հասկացրեց, որ այդ համակարգում ինքն է հարցեր լուծողը, և կարճ ժամանակ անց Սարգսյանի կադրը տեղափոխվեց Ֆինանսների նախարարություն: Թե ինչի համար է Տիգրան Սարգսյանին հարկավոր իր հավատարմ կադրը ԵՏՄ-ում, դժվար է ասել. հնարավոր է, որ  Սարգսյանը փորձում է ուղղակի ԵՏՄ կոլեգիայում իր թիմը ձևավորել: Հաշվի առնելով նախկին աշխատանքային հարաբերությունների ոչ այնքան հարթ ընթացքը՝ չի բացառվում, որ  Հայաստանի Ֆինանսների սուպերնախարար Խաչատրյանի, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար այժմ դժվար կլինի արդյունավետ աշխատել ԵՏՄ ղեկավարության հետ:

Ինչևէ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փետրվարի 2-ին գումարել է նոր կազմով իր առաջին նիստը: ԵՏՄ կոլեգիայի մամուլի ծառայության հաղորդմամբ` նիստի բացման խոսքում կոլեգիայի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ կոլեգիայի նոր կազմի հիմնական խնդիրն է եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացերի խորացումը: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, լինելով վերազգային կառույց, պատասխանատվություն է կրում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում»,- նշել է Սարգսյանը: Նրա խոսքով` ներկայում ԵՏՄ անդամ երկրների առաջ ծառացել են նոր մարտահրավերներ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ավելի հեշտ կլուծենք նախագահների կողմից մեր առջև դրված խնդիրները: Մենք պետք է հավաքենք եղած ողջ փորձը և իմաստություն ցուցաբերենք: Համոզված եմ, որ կանգնել չի կարելի, անհրաժեշտ է առաջ շարժվել: Միաժամանակ մենք պետք է միասնական լինենք: Ես կանեմ հնարավորը, որ այդ միասնությունը լինի նաև մեր թիմում` կոլեգիայում և մեր աշխատանքում»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվել են առևտրին և անասնաբուժական ու սանիտարական պահանջներին առնչվող մի շարք հարցեր:

Տիգրան Սարգսյանը, ով, համաձայն ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՏՀ կոլեգիան նախագահելու է չորս տարի ժամկետով, Մոսկվայում ստացել է կառավարական շքեղ բնակարան՝ Կուտուզովյան պողոտայում գտնվող կառավարական շենքերից մեկում: Տարիներ առաջ կառավարական հենց այս շենքերում են բնակվել Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարներ Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն և ԽՍՀՄ այլ ղեկավարներ:

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանին Կրեմլի ավիացիոն բազայից հատկացվել է նաև ինքնաթիռ: Դեռևս պարզ չէ՝ այդ ինքնաթիռը Կրեմլի հաշվեկշռից փոխանցելու են այդ հանձնաժողովի հաշվեկշի՞ռ, թե՞ անհրաժեշտության կամ ցանկության դեպքում ԵՏՄ անդամ կամ այլ երկրներ այցելելու ժամանակ Տիգրան Սարգսյանը պարզապես կարող է օգտվել Կրեմլի ավիացիոն բազայի ծառայությունից: Հայտնի է նաև, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում հատկացրել են ծանրակշիռ պետական պահպանություն:

Փաստորեն, Կրեմլը ԵՏՄ-ն դիտարկում է սովետական պոլիտբյուրոյի լիարժեք ժառանգորդ և ԵՏՄ պաշտոնյաներին ընդունում ու մեծարում է ինչպես սովետական լիդերներին: Ի դեպ, հատկապես Տիգրան Սարգսյանի նշանակումը այդ կարգի բարձր վարկանշային պաշտոնում հատկանշական է այն իմաստով, որ ՀՀ նախկին վարչապետը հայաստանյան քաղաքական դաշտում ավելի շատ ընկալվում էր իբրև Արևմուտքի կադր ու հայտնի էր հատկապես արևմտյան ուղղության ինտեգրացիոն գործընթացների և բարեփոխումների ջատագով: Շատերը նրան համարում էին արևմտյան կենտրոնների լրտես, բայց կյանքն ու ժամանակը կարծես թե հակառակն ապացուցեցին. նա փաստորեն եղել էր քողարկված ռուսական կադր:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է անցկացվեր Հայաստանում: Այդ կառույցի առաջին նիստը տեղի է ունեցել 2015թ. փետրվարի 6-ին Մոսկվայում, երկրորդ նիստը տեղի է ունեցել մայիսին Ղազախստանում: Իսկ Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին անցկացված երրորդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել էր, որ 2015-ի չորրորդ նիստը պետք է տեղի ունենա Հայաստանում` նախորդ տարեվերջին: Սակայն այդ նիստն այդպես էլ տեղի չունեցավ: Արդյո՞ք Տիգրան Սարգսյանը՝ իբրև ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, առաջիկայում կայցելի Հայաստան, այստեղ որևէ աշխատանքային նիստ անցկացնելու, ցույց կտա ժամանակը:

 

Դավիթ  Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: