Հարբեցողների օբյե՞կտ, թե՞ ռազմաբազա

Feb 03, 2016 Comments Off on Հարբեցողների օբյե՞կտ, թե՞ ռազմաբազա

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի գնդակահարումից մեկ տարի է անցել, բայց ահն ու սարսափը դեռ երկար ժամանակ կպահպանվի մեր հասարակության մեջ: Մի ամբողջ ընտանիք չկա, չկան պատճառները, չկան ենթադրություններ, կա միայն հարց` ինչու՞…

Գյումրիում գործող ռուսական ռազմաբազայի ծառայողների «քաջագործությունների» մասին դեռ մինչև Ավետիսյանների ընտանիքի գնդակահարումը, շատ էր գրվել: Ոչ ոք լուրջ ուշադրություն չէր դարձնում: Հետևանքները ծանր եղան:

Որ ռուսական ռազմաբազան մեղմ ասած չի փայլում իր կարգապահությամբ, դա պարզ է: Պատճառներն էլ, գուցե պարզ են` «փող չունեն», «ծարավ են», «օղու կարիք ունեն», և իհարկե վերահսկող չունեն, որովհետև վերահսկողներն էլ, հավանաբար, այդ նույն բաների պահանջն ունեն: Ի դեպ, անցյալ տարի ռուս զինծառայողներից մեկը Գյումրու Շիրակացի փողոցում հարբած վիճակում ուժեղ արագությամբ վարելով մեքենան` հարվածել էր միանգամից մի քանի մեքենաների: Իսկ մեկ այլ հարբած վիճակում կոտրել էր Գյումրու սննդամթերքի խանութներից մեկի ապակին, որպեսզի գողություն աներ:

Հունվարի 31-ի կեսգիշերին Գյումրիի Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանի բնակիչների հետ կատարվածը դարձյալ նմանվում է սարսափ ֆիլմի սյուժեի: Ըստ Aravot.am կայքի  1990թ. ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը, որը պայմանագրային զինծառայող է, հարբած վիճակում փորձել է ներխուժել նշած բնակարանը: Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը պատմել է, որ ռուս զինծառայողը համարյա կես ժամից ավել կոտրում էր իրենց դուռը, տան երկու մանկահասակ երեխաները լեղապատառ էին եղել: «Դռան թակոց լսեցի, ելա, տեսա դուռ փակել եմ, 10 րոպե չանցած, նորից դմբոց եմ լսում, ինչ-որ մեկը ուզում էր դռան փականը կոտրել, ահավոր խփում էր: Լույսը վառեցի՝ հարցրեցի ո՞վ ես, չներկայացավ, միայն պահանջում էր՝ открой дверь: Նորից էր խփում, ամուսինս մոտեցավ, թե սխալ հասցեով ես եկել, երկար ժամանակ համառորեն չէր գնում, զգացվում էր, որ հարբած է: Զանգել եմ ոստիկանություն, 15 րոպե չանցած՝ ոստիկանությունը ներկայացել է, դրան ձերբակալել, տարել են: Ուսին տոպրակ էր, ինքն էլ՝ զինվորական համազգեստով: Երբ ոստիկանները եկան, ես սիրտ առա, դուրս եկա տնից, տեսա, որ 18-20 տարեկան կլիներ: Պերմյակովի արածը աչքներիս առաջ է, դեռ չենք մարսել, ինքը էնպես հարբած էր, չէր կանգնում, որ գլազոկից տեսնեինք, թե ով է: Ասում ենք՝ գնա, չի գնում, պառկել, ձայներ էր հանում, ճչում էր, թե պիտի բացես դուռը: Ոստիկանները եկան, հարցնում են՝ որտեղի՞ց ես եկել, ասում է պոլիգոնների չաստից եմ եկել, ասում են հարազատ, բարեկամ, ի՞նչ ունես էստեղ, մուտքը միգուցե շփոթե՞լ ես, ասեց՝ ոչ: Ոստիկաններն ասին ՝տիկին ջան,  դու հանգիստ մնա, մենք նրան կտանենք: Ես չէի ասի, որ տունն է շփոթել, թող անմիջապես ասեր շփոթել եմ, ամուսինս ասում էր՝ դու սխալ հասցեով ես եկել,  թող գնա, հնար չկար: Ահուսարսափի մեջ ենք, էսպես էլ բան կլինի, էս քաղաքում ապրել չի լինի՞, էս ինչ վտանգավոր քաղաք դարձավ: Երկու մուտք այն կողմ էլի զինծառայողներ կան, վարձով են ապրում, բայց ինքը պահանջում էր մեր դուռը բացել, դուռն էր պոկում, ես չգիտեմ ով էր, ինչ ծրագրով ու նպատակով էր եկել, որ էդպես խփում էր: Խմած-հարբած բարձրացել էր չորրորդ հարկ, ես ոչ մի բան չեմ հասկանում, 30 տարի ապրել եմ էս շենքի մեջ, նման բան ես չգիտեմ»:

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանն Aravot.am-ին փոխանցել են, թե հանգամանքները  պարզվում են: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ  Aravot.am-ին ասել է. «Իմ կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միայն կարող ենք հետևություններ անել նշված միջադեպում հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության, ինչպես նաև դրա պատճառների վերաբերյալ»:

Հիմա տեղեկություններ են շրջանառվում, թե իբր Սերգեյ Սուդնիկովը բացատրություն է տվել այն մասին, որ այդ օրը հյուրընկալվել է ընկերոջ տանը, որը բնակվում է  կողքի` Պարույր Սևակ 14 շենքի 9-րդ բնակարանում, ու քանի որ կիրակի է, իրենց ազատ օրն է, երկուսով մի լավ խմել են: Այնտեղից հարբած դուրս է եկել, տաքսի չի գտել, վերադարձել է և մտել կողքի շենք` շփոթելով ընկերոջ բնակարանի հետ:

Իսկ ով գիտի՞, գուցե հերթական հարբեցող զինծառայողը այլ նպատակներո՞վ էր դուրս եկել, օրինակ` Պերմյակովի վրեժը լուծելու… Իսկ գուցե եկել էր հայ-ռուսական «դարավոր բարեկամությունն» ամրապնդելո՞ւ, կամ էլ` «սեպ խրելու»…

Եթե հայ իրավապահները փորձեն քողարկել ու աջակցել արդեն պատուհաս ու փորձանք դարձած ռուս զինծառայողին` նրան ամեն գնով արդարացնելու նպատակով, Գյումրին շարունակելու է ապրել նույն` ահ ու սարսափի մեջ, իսկ դա կոչվում է ահաբեկչական մթնոլորտում` անկախ նրանից, թե ռուս զինծառայողները քանի լիտր օղի են խմում օրական:

Ի վերջո` կա խնդիր` ռուսական ռազմաբազան դուրս է վերահսկումից և վաղուց արդեն նմանվել է հարբեցողների օբյեկտի: Մի՞թե Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածը դաս չէր հայ ու ռուս իրավապահների համար, որպեսզի այդ ռազմաբազայի կարգապահությունն այսօր 100 տոկոսանոցի հասցված լիներ:

Բացի այդ, մեր օրերում շատ տարածված «արդարացում» կա, թե ինչու է ռուսական ռազմաբազան Գյումիրում, որպեսզի` «թուրքը չհարձակվի մեզ վրա»…  Լավ, պատկերացնենք, թուրքը մի օր հարձակվեց: Ովքե՞ր են մեր սահմանը պաշտպանողները` հավերժ հարբած ու ուղեղները մթագնած ռուս զինծառայողները…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: