Ո՞ւմ  համար է կառավարությունը ձեռք բերել ոսկյա թանկարժեք ժամացույցները

Feb 03, 2016 Comments Off on Ո՞ւմ  համար է կառավարությունը ձեռք բերել ոսկյա թանկարժեք ժամացույցները

Կառավարական թանկարժեք նվերների  համար ծախսվող ճոխ գումարները  ժամանակ առ ժամանակ հայտնվում են հանրային ուշադրության կենտրոնում՝ բնականաբար քննադատական շեշտադրումներով: Բայց իշխանությունները հանրային աղմուկից բոլորովին հակառակ հետևություն են անում:

Ահավասիկ ՝ՍիվիլՆեթը  ներկայացրել է, թե որքան գումար է ծախսվել կառավարական թանկարժեք նվերների և հյուրասիրությունների վրա դեկտեմբեր և հունվար ամիսներին: 2015 թվականի դեկտեմբերին կառավարությունը Երևանի ոսկերչական գործարանի հետ կնքված պայմանագրով ձեռք է բերել 4 մեխանիկական համակարգով աշխատող  ոսկյա ժամացույց, որոնց համար պետական բյուջեից վճարվել է 2,5 մլն դրամ: Այսինքն ՝ յուրաքանչյուր ժամացույցի համար վճարվել է 664 հազար դրամ: Կառավարությունից պարզաբանել են, որ ժամացույցները նախատեսված են եղել պարգևատրումների համար: Իսկ թե ում և ինչի համար են պարգևատրել թանկարժեք ոսկյա ժամացույցներով, կառավրությունից՝ չեն մարնրամասնել: Ըստ նույն աղբյուրի՝ տարեվերջին՝ ամանորյա  տոնական երկու ընդունելություն կազմակերպելու համար  կառավարությունը բանակցային ընթացակարգով, այսինքն առանց մրցույթ հայտարարելու պայմանագիր է կնքել Բոնապ ՍՊԸ-ի հետ: Նույն օրը կազմակերպված երկու ճաշկերույթների համար ծախսվել է 5,4  մլն դրամ, որոնցից առաջինը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԶԼՄ  350 ներկայացուցիչների հետ հանդիպման ընդունելությունն է եղել՝ 3,1 մլն դրամ արժողությամբ, երկրորդը՝   կառավարության 250 ներկայացուցիչների հետ Նոր տարվա հանդիպումը՝ 2,3 մլն դրամ արժողությամբ: Իսկ դեկտեմբեր և  հունվար ամիսներին կառավարությունը Ագուլիս  ՍՊԸ-ի հետ դարձյալ բանակցային ընթացակարգով՝ առանց  մրցույթի պայմանագիր է կնքել՝ 90 կոնյակ ձեռքբերելու համար, որի   դիմաց պետական գանձարանից վճարվել է 3 մլն դրամ: Վերջապես ամենաշիկ նվերները՝ թանկարժեք ծաղկեփնջեր Մոնամի դիզայն ստուդիոյից՝ դարձյալ առանց մրցույթի. 18 ծաղկային կոմպոզիցիայի համար վճարվել է 615 հազար դրամ,  20 ծաղկեփնջի համար՝ 684 հազար դրամ, իսկ 4 ծաղկեզամբյուղն արժեցել է 708 հազար  դրամ, կամ որ նույնն է յուրքանչյուրը՝ 177 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ծաղիկների համար կառավարության աշխատակազմը Մոնամի դիզային ստուդիոյին վճարել է 2 մլն դրամ: Ծաղիկները ձեռք են բերվել  ներկայացուցչական նպատակներով՝ նվերների և սրահների ձևավորման համար:

Հանուն արդարության պետք է նշել, որ այսպիսի  ծախսեր անում է ոչ միայն կառավարության աշխատակազմը, այլ  ցանկացած  միջին վիճակարգրական պետական կառույց. այդ իմաստով հայտնի են օրինակ ֆինասների նախարարության հարկային և մաքսային ծառայության  ամանորյա տոնական շքեղ  խնջույքները, Երևանի քաղաքապետարանի տոնական նվերների ծախսերը և այլն:

<<Մենք ենք մեր սարերի>> հերոսը ասում էր՝ Էս պետությունն էլ շատ է անտնտես, ո՜ւմ ասես փող էլ տալիս: Այդ նույն պետությունը, ինչպես հայտնի է  բժշկին քիչ է վճարում, մանկավարժին  քիչ է վճարում, թոշակառուին քիչ է  վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր: Բայց  խնայված միջոցներով  664 հազար դրամանոց  ձեռքի ժամացույց  և 170 հազար դրամոնոց ծաղիկ է առնում՝ էլիտար  նվերների համար: Այդ թանկ նվերները երկիրը երկիր դարձնու՞մ են: Այդ  ծախսն անողները երևի կասեն այո՝ առանց այդ նվերների երկիրը կառավարել չի լինի: Ընդամենը մի նկատառում, միջին կենսաթոշակը  Հայաստանում 30 հազար դրամ է՝ այսինքն մի էլիտար նվերի համար պետությունը ծախսում է այնքան փող, որքան վճարում է թոշակառուին  մոտ երկու տարի՝ ապրելու համար: Իսկ պետությունը, եթե հիշում եք,  նախորդ տարի չէր ապահովել բյուջեի կատարումը՝ ավելի քան 80 մլրդ դրամով: Ի՞նչն էր խանգարում, որ ոսկյա ժամացույցի փոխարեն կառավարությունը  իբրև հուշանվեր սովորական ժամացույց նվիրեր՝ 644 հազարի փոխարեն օրինակ 64 հազար դրամ արժողությամբ:  Հետաքրքրիր է՝ ո՞ւմ են բաժին հասել այդ հուշանվեր պարգևատրումները: Ամեն դեպքում, երևի դրանք այնպիսի <<կարևոր>> մարդիկ են եղել, որ էժան ժամացույց չէին վերցնի:

Դավիթ Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: