Պուտի՞նն է սադրում, թե՞ Էրդողանն է ուզում նրան հանդիպել

Feb 02, 2016 Comments Off on Պուտի՞նն է սադրում, թե՞ Էրդողանն է ուզում նրան հանդիպել

Կրկին ռուս-թուրքական նոր ճգնաժամ է հասունանում, ընդ որում պարզ չէթե կողմերից որն է անկեղծ, որին հավատալ, որին չհավատալ…

Այսպես, օրերս Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե ուրբաթ օրը ռուսական «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, և իրենց վրդովմունքն են հայտնել նման «անպատասխանատու պահվածքի» առիթով: «Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերին պատկանող «Սու-34»-ը երեկ, տեղի ժամանակով ժամը 11:46-ին, խախտել է Թուրքիայի օդային տարածքը»,- ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «Սու-34»-ի անձնակազմը չի արձագանքել ռուսերեն և անգլերեն լեզուներով տրված նախազգուշացումներին: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ խախտումը հստակ ազդանշան է առ այն, որ Ռուսաստանը ցանկանում է բարդացնել երկու երկրների միջև առանց այն էլ բարդ հարաբերությունները: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել երկրի օդային տարածքի խախտումը:

Այնուհետև, Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում Ռուսաստանի դեսպանին կանչեց՝ կապված երկրի օդային տարածքը խախտելու վերաբերյալ հայտարարության հետ: Որից հետո Թուրքիայի դաշնակիցները սկսեցին Թուրքիային աջակցող հայտարարություններով հանդես գալ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ արեց ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշինքի անդամ երկրների օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: «Ես Ռուսաստանին կոչ եմ անում գործել պատասխանատու կերպով և լիովին հարգել ՆԱՏՕ-ի օդային տարածքը: Ռուսաստանը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված այն բանին, որ նման խախտումներ չկրկնվեն»,- ասել է նա թուրքական կողմի այն հայտարարությունից հետո, որ ռազմական ինքնաթիռով իր երկրի օդային տարածքը խախտելու մասին:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այժմ ռուսական լրատվամիջոցները, ռուս պատգամավորները, քաղաքական գործիչներն ու փորձագետները միաբերան հայտարարում են, թե Էրդողանի նպատակն է ընդդեմ Ռուսաստանի նման հայտարարություններով հասնել Պուտինի հետ հանդիպման: Այսինքն, ըստ ռուսական կողմի, թուրքական կողմը հորինել է երկրի տարածքի խախտման պատմությունը, որպեսզի Էրդողանին հաջողվի հանդիպել Պուտինի հետ:

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի արձագանքին, ապա Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը թուրքական կողմի մեղադրանքներին ի պատասխան հայտարարեց, թե Սիրիայում ռուսական ավիախմբի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել. «Սիրիայում Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել ռուսական ավիախմբի ինքնաթիռների կողմից: Թուրքական կողմի հայտարարությունը, թե իբր ռուսական «Սու-34» ինքնաթիռը խախտել է օդային տարածքը, մերկապարանոց քարոզչություն է»,- ասել է Կոնաշենկովը:

Ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, թե թուրք ՀՕՊ մասնագետները գիտեն, որ օդային տարածքը վերահսկող ռադարները կարող են գրանցել օդում գտնվող օբյեկտի միայն բարձրությունը, ուղղությունը և արագությունը: «Նմանատիպ ռադարներից ոչ մեկը ունակ չէ պարզելու օդային օբյեկտի տեսակը և պետական պատկանելությունը՝ Ռուսաստանինն է, թե՞ ԱՄՆ կողմից ղեկավարվող, այսպես կոչված, «հակադաիշյան կոալիցիայինը»: Դա հնարավոր է միայն այլ ինքնաթիռից ուղղակի տեսանելի շփման դեպքում, որը չի եղել»,- նշել է Կոնաշենկովը: Նա հավելել է, որ Սիրիայում ո՛չ ռուսական ՀՕՊ միջոցով, ո՛չ էլ սիրիական որևէ ռադիոլոկացիոն կայանի միջոցով սիրիա-թուրքական սահմանի խախտում չի գրանցվել:

Այսպիսով, Ռուսաստան-Թուրքիա նոր սկանդալ է հասունանում, որն, իսկապես կարող է նոր սպառնալիքներով հղի լինել: Ոչ Պուտինը, ոչ Էրդողանը չեն փայլում իրենց հանդուրժողականությամբ ու անկեղծությամբ` որպես առաջնորդներ: Իսկ նրանցից յուրաքանչյուրի կողմից նոր արկածախնդրությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչու չէ, նաև այդ տարածաշրջանի սահմաններից դուրս:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: