Երբ բոլորը ուժասպառ կլինեն, Սերժ Սարգսյանը կասի միակ ճշմարտությունը

Feb 02, 2016 Comments Off on Երբ բոլորը ուժասպառ կլինեն, Սերժ Սարգսյանը կասի միակ ճշմարտությունը

Սերժ Սարգսյանը չի շտապում հայտարարել ներքաղաքական բանակցությունների ու դրանցով պայմանավորված՝ կառավարությունում սպասվող տեղաշարժերի արդյունքների մասին: Ճիշտ և ճիշտ՝ ռուսի զավտրայի նմանությամբ. կա՛մ այսօր, կա՛մ վաղը, կա՛մ էլ դրա հաջորդ օրը կասեն՝ ովքեր են հեռանալու գործող կաբինետից:

Ներքաղաքական գլամուրը հիշեցնող այս վիճակը ինտրիգների անսահման հոսքի պարարտ հումք է, և սա հենց այն է, ինչ կամենում է ստանալ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ նախարար կամ մարզպետ դառնալու ցանկություն ունեցողները շատ են, և ՀՅԴ-ի պորտֆելներ ստանալու բոթից առավել անհանգստացած են   պաշտոններ ստանալու իրենց հերթին սպասող ՀՀԿ-ականները:

Այս իմաստով ՀՀԿ-ում՝ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու կամ մեկ այլ ֆորմատով կառավարությունում պորտֆելներ ստանալու ցանկությունը ուրախությամբ չի ընդունվում: Ի վերջո, իշխանությանը հավատարմորեն ծառայած մանր ու միջին տրամաչափի գործիչների մի ողջ բանակ է կանգնած Սերժ Սարգսյանի թիկունքում, և մարդիկ արդարացիորեն կարող են հարցնել՝ եթե կարելի էր ընդդիմություն խաղալով վերջին պահին ընդամենը աջակցել սահմանադրական փոփոխություններին ու հետո պորտֆել ստանալ, իսկ ի՞նչ ենք ստանալու մենք: Իշխանության ռեսուրսներն անսահման չեն, իսկ ՀՀԿ-ն արդեն այնքան է ուռճացվել ու անհարկի խոշորացել, որ ՀՀԿ-ական ճգնաժամը այլևս դարձել է անխուսափելի հեռանկար:

Ամենևին պատահական չէ, որ կոալիցիայի վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն <<էստի՛ համեցեք>> չի ասում որևէ կուսակցության, իսկ, օրինակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դռները բաց են բոլորի հետ գործակցության համար: Նախորդ ուրբաթ օրվա ՀՀԿ խորհրդի նիստից հետո նույն Շարմազանովը հայտարարեց, որ նիստում պաշտոնների բաշխում չի եղել, կոալիցիայի մասին որոշում չի կայացվել: Չնայած որ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, թե հենց ՀՀԿ նիստում հստակեցումներ են արվելու կառավարության փոփոխությունների և ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: ՀՅԴ-ն էլ արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել կառավարման պատասխանատվությունը և ստանալ պորտֆելներ: Շարմազանովը ևս ասել է, որ ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցը քննարկվում է, և ԳՄ հաջորդ նիստում միգուցե ինքը ներկայացնի հստակեցված որոշում:

Կոալիցիա մտնելու հարցը քննարկել է նաև ՀՅԴ-ն հունվարի 30-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ:

<<Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձավ սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած և նրանից ակնկալվող դերակատարությանը:

Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն հայտնեց վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսեց իշխանության հետ հնարավոր համագործակցության սպասելիքների և ձևաչափերի մասին>>,- նշվում է ՀՅԴ մամլո դիվանի տարածած հայտարարության մեջ:

Թե ինչպիսի հիմնավորումներ են տվել ՀՅԴ պարագլուխները իրենց կառույցների պատասխանատուներին՝ պորտֆելներ վերցնելու առնչությամբ՝ հաղորդագրության մեջ չի մանրամասնվում, նշվում է միայն, որ Հրանտ Մարգարյանը քաղաքական ձեռքբերում որակելով նոր Սահմանադրության ընդունումը՝ կարևորել է ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը:

Իսկ խորհրդակցությանը հաջորդող հարց ու պատասխանի ընթացքում, ըստ ՀՅԴ հայտարարության, արծարծվել և պարզաբանումներ են տրվել իշխանության հետ հնարավոր համագործակցության բովանդակության և ձևաչափի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումների շարքը` առավել հանգամանալից քննելու ՀՅԴ ներքաղաքական և ներկուսակցական օրակարգերը:

Դաշնակցության նման փակ կառույցի համար սա թերևս բավականին թափանցիկ ակնարկ է. կարծես թե ՀՅԴ մամլո դիվանը չի թաքցրել, որ կոալիցիա մտնելու առնչությամբ հարցեր և բացատրություններ ամեն դեպքում եղել են: Դաշնակցականների տեսանկյունից սա միանգամայն հասկանալի իրավիճակ է. ի վերջո տարածքային կառույցների 50 պատասխանատուների պարագայում ինչո՞վ է արտահայտվելու քաղաքական կամ սոցիալական իրավիճակի փոփոխությունը, եթե, օրինակ, Արծվիկ Մինասյանը կամ Դավիթ Լոքյանը դառնան նախարար:

Ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ՀՀԿ-ի՝ կուսակցական ժողովներում կարծիքներն ու հարցերը իհարկե կարող են շատ լինել, բայց բոլորը հասկանում են, որ ամենակարևորն ու որոշիչն այն է, թե ի վերջո ինչ կասի Սերժ Սարգսյանը:

Իսկ Սերժ Սարգսյանը ավելի լավ, քան որևէ մեկը հասկանում է, որ իշխանության մաս կազմողների հիմնական ակնկալիքը ընդհանուր կերակրատաշտակից օգտվելու հակումն է: Բոլորի ախորժակները շատ մեծ են, իսկ ուտելիքը՝ քիչ: Նման իրավիճակում պետք է թույլ տալ, որ ինտրիգները երբեք չավարտվեն, շատերի բախումը հասնի գագաթնակետին, կուսակցական ու իշխանական կարևոր դեմքերին սերտաճած խմբավորումները սկսեն միմյանց դեմ աշխատել, միմյանց դեմ պայքարել ու իրար թուլացնել: Երբ բոլորը մինչև վերջ թուլացած ու ուժասպառ կլինեն, Սերժ Սարգսյանը կասի իր ասելիքը, ու բոլորը լուռ կհամաձայնեն այդ  միակ ճշմարիտ լուծմանը:

 

Դավիթ  Մանուկյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: