Ինչպե՞ս է Պերմյակովը հայտնվել Գյումրիում

Jan 31, 2016 Comments Off on Ինչպե՞ս է Պերմյակովը հայտնվել Գյումրիում

Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության գործով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվել է  դատավարությունը: Այս անգամ ցուցմունքներ են տվել դաժան սպանության գործով վկաները:

Դաժանաբար սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, ով պետք է հարցաքննվեր, իրեն լավ չի զգացել, և դատարանին միջնորդվել է, որ հրապարակվի իր նախաքննական ցուցմունքը: Դատարանը գործի հատորից այդ ցուցմունքն առանձնացրել է, ինչից հետո այն ընթերցվել է դահլիճում:

Ցուցմումքում նշվել է, որ սովորության համաձայն՝ Լուսինե Ավետիսյանն ամեն առավոտ Երևանից զանգահարել և խոսել է ընտանիքի անդամների հետ։ Ոճրագործության օրը՝  2015-ի հունվարի 12-ին՝ ժամը 10-ի մոտակայքում, զանգահարել է հորը, սակայն նրա երկու համարներն էլ անհասանելի են եղել, հետո զանգել է եղբորը՝ Արմենին, սակայն նա ևս չի պատասխանել։ Հետո  իրեն զանգահարել է իր բարեկամներից մեկը և խնդրել Լուսինեի ամուսնու հեռախոսահամարը: Հեռախոսհամարը տալուց քիչ անց ամուսինը տուն է եկել և կնոջ անհանգստացած հարցերին ի պատասխան` ասել է, որ ամեն ինչ նորմալ է:  Լուսինեն ընտանիքի սպանության մասին տեղեկացել է հեռուստատեսությունից: Լուսինեն, ով փաստորեն Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած ներկայացուցիչն է, պատմել է, որ իրենք ռուսական ռազմաբազայի հետ որևէ կապ չեն ունեցել, Վալերի Պերմյակովին չեն ճանաչել: Նա նաև կարծիք է հայտնել, որ  Պերմյակովը միայնակ չէր կարող գործել, քանի որ վստահ է, որ հայ տղամարդը՝ իր եղբայրն ու հայրը ,անպայման կձեռնարկեին քայլեր, որպեսզի պաշտպանեին ընտանիքը. «Ասեմ, որ իմ ընտանիքը եղել է շատ համեստ, շնորհքով ընտանիք, արդար վաստակով ապրող մարդիկ են եղել, որևէ մեկի հետ թշնամական հարաբերությունների մեջ չեն եղել»,- նշել է Ավետիսյանների դուստրը: Հարցին, թե դարպասի դուռը միշտ բաց է եղել, պատասխանել է, որ միշտ չէ, որ փակ է եղել, սակայն բնակարանի դուռը մշտապես փակ է եղել: Նախկինում երբևէ չի եղել դեպք, որ գողություն լինի բնակարանից կամ անծանոթներ մտնեն: Չի լսել նաև նման միջադեպերի մասին, որ մուտք գործեն հարևանների բնակարաններ՝ կողոպուտի համար:

Լուսինե Ավետիսյանի նախաքննական ցուցմունքից հետ ամբաստանյալ Վալերի Պերմյակովը, պատասխանելով  դատական նիստը նախագահողի հարցին, ասել է, որ նրան ուղղելու հարցեր չունի: Լուսինեից հետո դատաքննական կարգով պետք է հարցաքննվեր տուժողի իրավահաջորդ Գևորգ Եփրեմի Ադամյանը, ով, ինչպես և Լուսինե Ավետիսյանը, հայտարարել է, որ պատրաստ չէ դատարանում ցուցմունք տալ, ու առաջարկել է հրապարակել իր նախաքննական ցուցմունքը: 2015 թվականի հունվարի 15-ին հենց Գևորգ Ադամյանն է գնացել Ավետիսյանների` Երևանում ամուսնացած դստեր՝ Լուսինեի մոտ՝ նրան բերելու Գյումրի: Գևորգը նույնպես Ավետիսյանների ընտանիքին նկարագրել է որպես արդար քրտինքով ապրող, համեստ ընտանիք:

Ավետիսյանների հորեղբոր աղջիկը՝ նույն բակում ապրող Կարինե Ավետիսյանը, ևս պնդել է, որ ընտանիքը որևէ առնչություն ռազմաբազայի կամ Պերմյակովի հետ չի ունեցել, դժվարացել է նաև որևէ վարկած հայտնել. «Առավոտյան 6 անց քսան էր, ուժեղ գմփոց առա: Քնիցս արթնացա, ըսեցի՝ ինչ երկրաշարժ է: Լույսը վառեցի, շալ կար, քցեցի վրես դուրս եկա, մի փոքր կանգնեցի դրսում, շատ մութ էր մեր հայաթը, կանգնեցի մի քիչ ու նորից ներս եկա, պառկա քնելու»,- պատմել է վկան:

Նա մի քանի անգամ նշել է, որ մտածել է, որ երկրաշարժ է: Վախեցել է, ստուգել է ջահերը, որոնք չեն շարժվել: Ավետիսյանների տան կողմն է նայել, շատ մութ է եղել: Վախեցել է առաջ գնալ, մի ակնթարթ լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը: Որևէ բան չի կասկածել, առաջ չի գնացել, վախեցել է: Ամանորի զարդարված լույսերին էլ ուշադիր չի եղել: Հիշում է միայն, որ դուրս գալու պահին շատ մութ է եղել: Առավոտյան էլ, երբ արթնացել է, արտառոց որևէ բան չի նկատել բակում: Միայն թաշկինակ է տեսել:

Ավետիսյանների սպանության գործով ցուցմունք է տվել նաև 102-րդ ռուսական ռազմաբազայի գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Դաշինը: Նա հայտարարել է, որ Պերմյակովը մյուս զինվորներից երբեք ոչնչով չի տարբերվել, տարօրինակ պահվածք չի ցուցաբերել: Դաշինի խոսքով՝ երբ ինքն  իմացել է Պերմյակովի դասալքության մասին, այլ հրամանատարների հետ՝ ձյան վրայի հետքերով փորձել են գտնել նրան, սակայն հետագայում կորցրել են հետքը: Նրանք տարել են նաև շուն, որը հետքերով գնացել է դեպի բարձրահարկ շենքեր, այնուհետև փոխել է ուղղությունը: Կարճ ժամանակահատվածում ժամանել են ոստիկանները ու հայտնել, որ այսուհետ ոստիկանությունը կշարունակի փնտրել Պերմյակովին իսկ իրենց հետ են ուղարկել զորամաս:

Դատավոր Հարություն Մովսիսյանը ընթերցեց 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովի հայտարարությունը՝ ուղղված դատարանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 6 զինվորներ, որոնք կանչվել են հարցաքննության, հեռացվել են անձնակազմից: Այդուհանդերձ, նրանցից մեկը ցուցմունք է տվել, սակայն քաղաքացիական հագուստով:

Հիշեցենք, որ որ վերջին դատական նիստում Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր  էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ, Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի տարածքը ապօրինի լքում:

Այսպիսով՝ դատական ողջ գործընթացի սկզբից մինչ  այս պահը ամենագլխավոր հարցը, որն այդպես էլ չի ստանում սպառիչ պատասխան, հետևյալն է՝ արդյոք մենա՞կ է եղել Պերմյակովը: Եթե այո, ապա ինչպե՞ ս է նրան հաջողվել անձայն իրագործել այդ ոճրագործությունը, եթե ոչ՝ ապա ո՞վ կամ ովքե՞ր կարող էին լինել նրա մեղսակիցները: Ի դեպ, հետաքրքիր է նաև ռուսական ռազմաբազայի հրամանատար Ուստինովի հայտարարությունը՝ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների, այդ թվում՝ 6 զինվորների անձնակազմից հեռացման մասին: Ինչո՞ւ են նրանք հեռացվել: Օրինակ՝ Դաշինը հայտնել է, թե ինչ չափանիշով են ընտրվում 102-րդ ռազմաբազայի զինվորները՝ նրանք պետք է լավ բնութագիր ունենան, հոգեբանական կայուն և ամուր վիճակ: Մինչդեռ Պերմյակովը, ինչպես հայտնի է, 8 անգամ փախուստի փորձ է արել, հոգեբանական վիճակն էլ կայուն չի եղել, այսինքն՝ նա չի համապատասխանել Գյումրու ռազմաբազայի չափանիշներին: Այդ դեպքում նա, ինչո՞ւ, ինչպե՞ս կամ ու՞մ պատճառով է հայտնվել Գյումրիում:

 

Դավիթ Մանուկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: